Հայերեն   English   Русский  

Փաշինյանը ուժայինների ղեկավարներին մեկ շաբաթ է տվել ՝ ՍԴ անցանկալի դատավորներից ազատվելու համար. Hraparak.am


  
դիտումներ: 742

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով այսօր գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը։

«Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի մոտ կայացած ժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրենի ժ.պ. Էդուարդ Մարտիրոսյանը, Ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ներկա է եղել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանությանը ևս ակտիվորեն ներգրավել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: Հրահանգված է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ: Այսօր քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին: Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա:

Մեզ հաջողվեց պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով:

Իշխանություններին ու անձամբ Փաշինյանին խիստ վրդովեցրել է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր մինչ այս պահը չի ներկայացրել հրաժարական՝ օգտվելով վաղաժամ կենսաթոշակի օրենքից: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է ուժայիններին իջեցված խիստ հրահանգը:

Հավելենք, որ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կառավարություն: Մեր հարցման պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք»,– գրում է կայքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: