Փաշինյանը ուժայինների ղեկավարներին մեկ շաբաթ է տվել ՝ ՍԴ անցանկալի դատավորներից ազատվելու համար. Hraparak.am
«Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի մոտ կայացած ժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրենի ժ.պ. Էդուարդ Մարտիրոսյանը, Ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ներկա է եղել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել ուժայինների ղեկավարներին՝ հանձնարարելով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ու իշխանության համար անցանկալի մյուս 6 դատավորներից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանությանը ևս ակտիվորեն ներգրավել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: Հրահանգված է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ: Այսօր քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին: Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա:
Մեզ հաջողվեց պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով:
Իշխանություններին ու անձամբ Փաշինյանին խիստ վրդովեցրել է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր մինչ այս պահը չի ներկայացրել հրաժարական՝ օգտվելով վաղաժամ կենսաթոշակի օրենքից: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է ուժայիններին իջեցված խիստ հրահանգը:
Հավելենք, որ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ կառավարություն: Մեր հարցման պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք»,– գրում է կայքը: