Հայերեն   English   Русский  

​Պենտագոնի ղեկավարը ապացույցներ չի ունեցել Սուլեյմանիի՝ ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման ծրագրի մասին


  
դիտումներ: 109

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ որևէ որոշակի ապացույցներ չի տեսել առ այն, որ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին մտադիր է հարձակում գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով CBS News-ին:

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ, թե Սուլեյմանիին վերացնելու ամերիկյան հատուկ գործողությունը ձեռնարկվել էր, որպեսզի կանխվի ԱՄՆ չորս դեսպանատների վրա հարձակումը:

Էսփերը միաժամանակ չի բացառել, որ հարձակումներն իրականում կարող էին տեղի ունենալ:

«Նախագահը որոշակի ապացույցներ չի բերել: Նա ասել է, որ այդպես է մտածում: Ինչ վերաբերում է չորս [ԱՄՆ] դեսպանություններին, ապա ես գեթ մեկ [ապացույց] չեմ տեսել: Ես էլ ասում եմ, որ համամիտ եմ եղել նախագահի տեսակետին այն առումով, որ հավանաբար իմ ենթադրությունը եղել է այն, որ նրանց նպատակը կարող էին մեր դեսպանատները լինել: Դեսպանատները երկրում ամերիկյան ներկայության ամենանկատելի ցուցադրությունն են»,- հայտնել է Էսփերը "Face the Nation" ծրագրին տված հարցազրույցում:

Հունվարի 3-ին ամերիկյան զինվորականները Բաղդադի օդանավակայանի շրջանում հատուկ գործողություն իրականացրին, որի հետևանքով սպանվեց Սուլեյմանին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավարին: Ի պատասխան Իրանը հրթիռակոծեց երկու իրաքյան ռազմաբազա, որտեղ գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիան ղեկավարող ԱՄՆ-ի զինվորներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: