Հայերեն   English   Русский  

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրավիրվել է ՀՔԾ


  
դիտումներ: 64

ՍԴ մասին օրենքը որոշակի առանձնահատկություններ ունի, որոնք արգելք են հանդիսանում տեղեկություններ հրապարակելու համար։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։

ՀՔԾ-ից հրաժարվեցին մեկնաբանություն տալ։ Իսկ Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանին էլ Sputnik Արմենիային ասաց, որ չի մեկնաբանի տեղեկությունը, քանի որ ՍԴ մասին օրենքը որոշակի առանձնահատկություններ ունի, որոնք արգելք են հանդիսանում տեղեկություններ հրապարակելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին:

Փանոսյանի դեմ հարուցված քրգործը, մասնավորապես, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։ Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբ տարածքը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալության հանձնել նոտարներին:

Հիշեցնենք նաև, որ 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: