Հայերեն   English   Русский  

2012-ից երիտասարդ գիտնականների աջակցության 100 մլն դրամը 2019-ին չի հատկացվել, մնացել է բյուջեում, թեև շատ գիտնականներ դիմել են տարբեր մարմինների՝ այդ թվում նախագահին և վարչապետին. Արթուր Իշխանյան


  
դիտումներ: 837

2019 թվականի բյուջեով երիտասարդ գիտնականներին աջակցելու համար նախատեսված 100 մլն դրամն այդպես էլ նրանց չի տրամադրվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը և նշեց, որ գիտության խնդիրներից, թերևս ամենասուրը գիտության ոլորտի երիտասարդացման հարցն է: Խնդիրը լուծելու համար՝ որպես միջանկյալ քայլ, դեռևս 2012 թվականից սկիզբ դրվեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որը 2018 թվականին նախ դադարեցվեց, ապա գիտական հանրության բազմաթիվ դիմումներից հետո վերականգնվեց, իսկ 2019 թվականին, ցավոք, կրկին դադարեցվեց:

«Այդ ծրագիրն իրականացնում էր գործունեություն մի քանի ուղղությամբ: Մասնավորապես, տալիս էր որոշ ոչ մեծ, բայց լրացուցիչ ֆինանսական աջակցություն առաջատար ամսագրերում գիտական հոդվածներ տպագրելու համար, աջակցում էր երիտասարդ գիտնականներին՝ մասնակցել գիտաժողովների, վճարելով նրանց ճանապարհածախսը և հոգալով այլ ծախսեր: Նպաստում էր նաև գիտափորձերում կիրառվող նյութերի ձեռքբերմանը, ինչը խիստ կարևոր է փորձարարական գիտությունների դեպքում, ֆինանսավորում էր երիտասարդ գիտականների կողմից իրականցվող որոշ ծրագրեր և այլն»,- նշեց Արթուր Իշխանյանը:

Գիտնականի խոսքով՝ այն փայլուն ծրագիր է, որն ի սկզբանե ողջունվել է երիտասարդ գիտնականների և ողջ գիտական հանրության կողմից: «Ես կարող եմ ասել, որ կա ընդհանուր կոնսենսուս, որ մենք գործ ունեինք, թերևս առավել փայլուն ծրագրերից մեկի հետ և այդ պատճառով, երբ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ծրագիրը որոշ ժամանակ դադարեցվեց, գիտական հանրության կողմից եղան բազմաթիվ դիմումներ, որոնց արդյունքում վերականգնվեց, բայց 2019 թվականին, ցավոք, կրկին դադարեցվեց»,- ասաց նա:

Իշխանյանի խոսքով՝ բյուջեով նախատեսված այդ 100 միլիոն դրամը չնչին գումար էր, բայց փաստացի այդ ծախսը չի կատարվել, և չի կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությամբ. «Մեզ պես սահմանափակ ռեսուսրներով երկրի ապագան, անշուշտ, պետք է կապվի գիտատեխնիկական առաջընթացի հետ, և այդ պատճառով անձամբ ես ծայրահեղ վատ եմ վերաբերվում տվյալ փաստին: Կարևոր է նշել, որ տարվա ընթացքում եղել են բազմաթիվ դիմումներ, երիտասարդները տարբեր խմբերով և տարբեր հասցեներով բազմիցս դիմումներ են գրել՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Գիտության կոմիտե, ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին: Փաստացի արդյունքը եղել է զրոյական, այն դեպքում, երբ թվում էր՝ ընդհանարապես խնդիր պետք է չլինի»,- ասաց Արթուր Իշխանյանը:

Նրա համոզմամբ ծրագիրն ուներ բացառիկ արդյունավետություն, և այդ փաստն անգամ ենթակա չէ վիճարկման այն պարզ պատճառով, որ ծրագրի իրականացման համար վարչական ծախսը եղել է զրոյական, ադմինիստրատիվ որևէ ծախս չի կատարվել: «Այդ ծրագիրն իրականացնողները երիտասարդներն էին, որոնք անցած տարիներին աշխատում էին հասարակական հիմունքներով: 2012 թվականից գործելով՝ այս ծրագիրը վարչական ծախս չի ունեցել: Հատկացված միջոցներն ամբողջությամբ ուղղվել են երիտասարդների գիտական գործունեությանը, բոլոր հատկացումները եղել են հիմնավորումներով և պարզաբանումներով, բաց ու հրապարակային՝ մեկ առ մեկ, թե ում, որքան և ինչ նպատակով է գումար տրվել՝ կոնկրետ բանաձևերով ու մեխանիզմներով»,- տեղեկացրեց գիտնականը:

Վերջինս շեշտեց, որ հայաստանյան ներկա իրականության մեջ սա բացառիկ երևույթ էր և թափանցիկության ու ֆինանսների նպատակային օգտագործման վերաբերյալ կասկած անգամ լինել չի կարող. «Երիտասարդների շրջանում ծրագիրն ուներ բացառիկ ճանաչվածություն, և երիտասարդ գիտնականների կողմից եղել են անընդմեջ դիմումներ: 2019 թվականին ծրագիրը չֆինանսավորելու հարցը բազմիցս բարձրացվել է տարբեր ամբիոններից, միակ պատասխանը եղել է այն, որ ծրագիրը դադարեցված չէ, սակայն փաստն այն է, որ գումարը չի ծախսվել»,- ասաց Իշխանյանը և հավելեց, որ երևույթը գնահատում է խիստ բացասական:

«Ես կարծում եմ, որ սա անընդունելի է, և գիտության ոլորտում տեղի ունեցած բոլոր բացասական երևույթներից ամենավատն է իրականության մեջ»,- ընդգծեց Իշխանյանը:

Հարցին՝ որ երիտասարդ գիտնականները դիմել են, սակայն արձագանք չի եղել և չեն ասել, թե որն է պատճառը, թե ինչու բյուջեով հատկացված գումարը չի ծախսվում ըստ նպատակի, այլ պահվում է՝ Tert.am-ի զրուցակիցն արձագանքեց. «Որևէ պատճառաբանության մասին խոսք գնալ չի կարող, որովհետև ոչ մի արձագանք չի եղել, այն դեպքում, երբ եղել են բազմաթիվ դիմումները, տարբեր ձևերով»:

Նա նկատեց, որ արձանագրում ենք զուտ փաստը, իսկ փաստն ուղղակի աններելի է. «Երիտասարդ գիտնականն ստանում է նվազագույն աշխատավարձ և հաճախ այդ աշխատավարձի կեսը: 55 հազար դրամով, կամ նույնիսկ ավելի պակաս աշխատավարձով անհնար է մնալ գիտության մեջ, այդպիսով՝ բոլոր հնարավոր եղանակներով «խթանվել» է գիտությունից հեռանալը: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը լավ մտածված, բացառիկ կարևորությամբ ծրագիր էր, որը սուղ միջոցների պարագայում կարողացել էր կատարել որակական փոփոխություն: Այս ծրագրով հաջողվել էր գիտության մեջ պահել առավել աչքի ընկածներին, որովհետև նրանց հոդվածները վճարվում էին, իսկ այդ վճարները գործելը շարունակելու հույս էին ներշնչում, ներկայացնել իրենց աշխատանքները արտասահմանյան գիտաժողովներում, հետևաբար, մնալ համապատասխան մակարդակի վրա»,- ասաց նա:

Գիտնականը շեշտեց, որ այդ ծրագիրը պետք է փայփայվեր և հատկացվող միջոցները բազմապատկվեին՝ որպես խիստ կարևոր գործընթաց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: