Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում տղամարդ նախարարն արձակուրդ է վերցնում նորածնին խնամելու համար


  
դիտումներ: 157

Ճապոնիայի նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին, որ ղեկավարում է երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, առաջին տղամարդ նախարարը կդառնա երկրում, որը արձակուրդ կվերցնի երեխայի խնամքի համար: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:

Կոիձումին իր կնոջ՝ Քրիստել Տակիգավայի հետ սպասում է իր առաջնեկի ծննդին: Դրանից հետո նախարարը նախատեսում է երեք ամսվա ընթացքում արձակուրդ վերցնել՝ ընդհանուր երկու շաբաթի չափով: Ընդ որում խոսքը կարճ աշխատանքային օրվա և հեռահար աշխատանքի մասին է: Այդպիսով նա մտադիր է նվազագույնի հասցնել գերատեսչության ղեկավարման վրա բացասական ազդեցությունը:

Անցած տարի Կոիձումին արդեն հայտարարել էր երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնելու մտադրության մասին, ինչը հարուցել էր ընդդիմության և ուրիշ քաղաքական գործիչների բուռն քննադատությունը: Դրանից հետո նա մեղմացրեց իր խոսքը և ասաց, որ սոսկ մտածում է նման հնարավորության մասին: Սակայն, ի վերջո, նրա սկզբնական դիրքորոշումը չփոխվեց:

Սովորաբար Ճապոնիայում տղամարդիկ նման արձակուրդ չեն վերցնում, թեպետ դա թույլատրվում է օրենսդրությամբ: Կոիձումիին մասնավորապես կշտամբում էին նախարարի պաշտոնում պատասխանատվության բացակայության համար: Իսկ նա հայտարարել է, որ այդ կերպ մտադիր է ուշադրություն հրավիրել սոցիալական խնդիրների վրա:

38-ամյա Սինձիրո Կոիձումին անցյալ տարի ընդգրկվեց կառավարության կազմում: Նա վայելում է լայն հասարակայնության աջակցությունը և մշտապես բարձր դիրքեր է գրավում զանազան սոցհարցումների արդյունքներով: Քաղաքական գործիչների վարկանիշներում նա հաճախ առաջ է անցել ներկայիս վարչապետ Սինձո Աբեից: Մեծ ուշադրության արժանացավ նաև անցած տարի Կոիձումիի նշանադրությունը հեռուստաաստղ Քրիստել Տակիգավայի հետ, որը կիսով ֆրանսուհի է, կիսով՝ ճապոնուհի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: