Հայերեն   English   Русский  

Մենք պետք է սխալների ուղղում կատարենք, այլ ոչ թե ֆեյքերի որսով զբաղվենք. Սամվել Մարտիրոսյան


  
դիտումներ: 99

Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ

Հայաստանում այժմ ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է, սակայն դա ոչ միշտ է այդպես:

«Կարծում եմ, դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաև վտանգավոր, որովհետև դա իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց, բայց ելնելով խոսքի ազատությունից և այլ հանգամանքից, օրինակ, քաղաքացիական ակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող, մարդ ցանկանում է թաքցնել իր ինքնությունը և ունի կարծիք: Այնպես որ, ֆեյք օգտատերերին դատապարտելը կհանգեցնի նրան, որ հանրությունը թույլ չի տա նրանց արտահայտվելու, ովքեր պարզապես բաց խոսել չեն կարող»,- նշեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով «Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատիրոջ կալանավորմանը` փորձագետը նշեց, որ հանրությունը փորձում է այնպիսի գնահատականներ տալ, թե ֆեյք օգտատերերը ազգի դավաճան են և այլն, բայց կան արարքներ, որոնք, իսկապես, դատապարտելի են, բայց քրեորեն պատժելի չեն:

«Երբ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ մի բանն է, այլ ոչ թե կեղծ օգտատերը, որովհետև եթե ասեղով հնարավոր է ինքնաթիռ ծակել և այն խափանել, ուրեմն ինքնաթիռը ինչ-որ խնդիր ունի: Իհարկե, խնդիրներ կարող են առաջանալ` սոցիալական ցանցերի օգտատերերը կարող են ակտիվորեն և ագրեսիվորեն ազդել տեղեկատվական դաշտի վրա, բայց, միևնույն է, մենք պետք է սխալների ուղղում կատարենք, այլ ոչ թե ֆեյքերի որսով զբաղվենք»,- եզրափակեց Մարտիրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: