Հայերեն   English   Русский  

Այս հայտարարությունը հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է. «Մեդիա պաշտպան»-ը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին


  
դիտումներ: 232

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։

«Երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ և պետք չի թաքցնել` մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, և այդ գործառույթը գտնվում է Հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը․․․ Այսօր ՀՀ-ում կան նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ, առնվազն 2 հեռուստաալիք ՀՀ-ում, կարելի է լոգոյի տեղը գրել «կոռուպցիա» կամ «կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում․․․ Կառավարության ղեկավարը հավելել է, որ «Իրական լոգոները պետք է դրվեն իրական հեռուստաընկերությունների վրա․․․ Հեռուստաընկերություն կա Հայաստանում, որ մեկ-մեկ ալիքները փոխում եմ, արդեն վիճակագրություն ունեմ, խաղադրույք եմ անում, ասում եմ՝ պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ընդեղից շատ ոգևորված հարցազրույց ա տալիս և բացատրում ա մեր հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»,– ասել է վարչապետը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին:

Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է։

«Մեդիա պաշտպան»-ը պահանջում է ելույթներում լինել կոռեկտ։

Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են` տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետի դիտարկումները կարող են անդրադառնալ օրենքի նախագծի հետագա ընթացքի վրա: Հուսով ենք` նախագիծը չի հարմարեցվի իշխանության պահանջներին և միտված կլինի երկարաժամկետ ապագային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: