Հայերեն   English   Русский  

Ճգնաժամերը դիմագրաւելու ծանրագոյն հանգրւանը... Դիպաշարերի յաջորդականութիւնը


  
դիտումներ: 265

1- 2020 թւականի հէնց սկզբից Իրանի Իսլ. Հանրապետութիւնը պետական ողջ համակարգով, ահա, դիմագրաւում է արտաքին՝ քաղաքական, տնտեսական

եւ քարոզչական եթէ ոչ աննախադէպ, բայց ծանրագոյն ճգնաժամեր, որոնք յաջորդեցին Բաղդադում յունւարի 3-ի գեներալ Սոլէյմանիի տեռորին՝ ԱՄՆ նախագահի անմիջական հրահանգի արդիւնքում…

2- Ծանրագոյն կորուստն ու հարւածը Իրանը դիմագրաւեց, կարելի է ասել, համազգային կեցւածքով՝ գեներալի յուղարկաւորութեանը բազմամիլիոնանոց քայլարշաւներով, որպէս բարոյական աջակցութիւն, իսկ ռազմական առումով՝ նոյն Իրաքում ԱՄՆ ռազմակայանների հրթիռակոծմամբ…

3- Յաջորդիւ՝ թրամփեան ելոյթի հակաիրան մինչ այդ կոշտ կեցւածքի «մեղմացուցիչ» հանգամանքին ի տես, թւում էր երկուստեք առաջացած ճգնաժամի մասնակի փարատմանը միտող հեռանկարի ուրւագծում, բացառելով, առաջին հերթին, ռազմական դիմակայութիւնը…

4- ԱՄՆ-իրանական հակամարտութեան այսպէս ասած՝ «բարւոք լուծման» ֆոնին, սակայն, Իրանի հակընդդէմ քայլերի արդիւնքում վերստին ծայր առաւ միջուկային չարչրկւած համաձայնագրի թնջուկը, որը եւրոպացիներից առաւել՝ քաղաքական ու քարոզչական պատեհ թիրախի պատրւակ դարձաւ նոյն ԱՄՆ-ի եւ առաւել եւս Իսրայէլի համար, որոնցից բացի ոչ ոք չէր ողջունել «տեռորիստ» Սոլէյմանիի վերացման իրողութիւնը…

5- Հակաիրան ուժերի համար քաղաքական թէ՛ քարոզչական թիրախ դառնալու նպաստաւոր ու ծանրակշիռ պատրւակը, այսօր եւեթ, հանդիսանում է ուկրայնական ճամբորդատար օդանաւի չարաղէտ կործանումը՝ պահակազօրի հրթիռային հարւածների արդիւնքում, որի պատճառա-հետեւանքային հանգամանքների առթիւ նախագահ Ռոհանին «Յատուկ դատարան» ձեւաւորելու առաջադրանք է ներկայացրել…

6- Եւ վերջապէս առաջացած արտաքին ճգնաժամերը ամբողջապէս դիմագրաւելու եւ ներքաղաքական ու հասարակական անդորրը պահպանելու միտող ամենաուշագրաւ քայլը հաստատապէս լինելու է վաղը՝ թեհրանեան ուրբաթօրեայ կրօնա-քաղաքական աղօթքի ընթացքում, որտեղ 8-ամեայ ընդմիջումից յետոյ, որպէս աղօթապետ հանդէս է գալու Իսլ. յեղ. առաջնորդ այաթ. Խամենէին, 2020 թւականի փետրւարին Իսլ. յեղափոխութեան 41-րդ հանգրւանին ընդառաջ…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: