Հայերեն   English   Русский  

​Հանուն շրջակա միջավայրի...


  
դիտումներ: 1071

Հունվարի 17-ին աշխարհում նշվում է Գյուտարար երեխաների կամ մանկական գյուտերի օրը: Հենց այս առիթով էլ հանդիպել ենք «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցչուհի,

նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի ղեկավար Լիլիթ Համբարձումյանին և ակումբի անդամներից 12-րդ դասարանցիներ Նվարդ Չալաբյանին, Էլեն Հարությունյանին, Միլենա Հակոբյանին, Ռուբեն Քերոբյանին: Բնության մեջ կենսաքայքայվող պոլիմերների ստեղծման նրանց մշակած եղանակը ստացել է գյուտի արտոնագիր Մտավոր սեփականության գործակալության կողմից և հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում:

Հանդիպման սկզբում զրուցեցինք աշակերտների հետ՝ ականատես լինելով նրանց ոգևորվածությանն ու գովելի հաստատակամությանը շրջակա միջավայրում ինչ-որ մի բան դեպի լավը փոխելու առումով: Նվարդը նկատեց, որ «Կանաչ քիմիա» ակումբը նախ խրախուսում է երեխաներին սովորել քիմիա առարկան, ապա կիրառել ստացած գիտելիքները: Իրենց դեպքում դա պայքարն է աղտոտվածության խնդրի դեմ, որի համար էլ հենց պատրաստում են բիոպլաստիկներ: Էլենն էլ բացատրեց, թե բիոպլաստիկներն իրենցից ինչ են ներկայացնում. «Դրանք կարտոֆիլի օսլայի հումքով ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ են, որ կարող են փոխարինել նավթային հումքի վրա հիմնված այժմյան պլաստիկներին: Բիոպլաստիկները քայքայվում են բնության մեջ՝ առանց վնաս հասցնելու: Մեր տոպրակները հողում կքայքայվեն երկու օրվա ընթացքում, և ոչ միայն վնաս չեն հասցնի, այլև կեր կդառնան հողում բնակվող միջատների կամ այլ կենդանիների համար: Հետևաբար, բիոպլաստիկը կարող է փոխարինել պոլիէթիլենային կամ թղթե տոպրակներին՝ լուծելով ներկայիս ամենատարածված խնդիրներից մեկը՝ պոլիէթիլենային աղտոտվածության խնդիրը»:

Նվարդը նշեց, որ արդեն երեք տարի անընդհատ կատարելագործում են իրենց հաջողությունները, ինչն էլ հետագայում հնարավորություն կտա հաստատակամորեն մտնել շուկա: Միլենան պատմեց, որ թեև երեք տարի առաջ ունեցան բիոպլաստիկներ ստեղծելու գաղափարը և հաջողությամբ իրագործեցին այն, բայց ընթացքում բաղադրության մեջ փոփոխություն անելու կարիք առաջացավ, ուստի ավելի հստակեցրին բաղադրությունը, օսլայի և մնացած նյութերի կոնկրետ քանակը և ստացան անհրաժեշտ էլաստիկությունն ու որակը: Ռուբենն ուրախությամբ հավելեց՝ այս տարի անգամ որոշել են ստեղծել մի այնպիսի սարք, որի միջոցով կստանան ավելի մեծ քանակի բիոպլաստիկներ՝ բացառելով ձեռքի աշխատանքը: Ունենալով քիմիական ինժեներիայի որոշակի փորձ՝ Ռուբենն առավել մեծ ներգրավվածություն ունի սարքի ստեղծման աշխատանքներում:

Աշակերտները կարևորեցին նաև ակումբի ղեկավարի դերն իրենց հմտորեն ուղղորդելու, անհրաժեշտ փորձառության և տեղեկատվության փոխանցման հարցում:

Հետաքրքիր է, որ «Կանաչ քիմիայի» անդամների մի մասի համար քիմիան անգամ ոչ մասնագիտական առարկա է, բայց նրանց ակումբ է բերում համատեղ ծրագիր անելու, այն զարգացնելու և միասին գրանցած հաջողություններով ուրախանալու հանգամանքը: Էլենը նկատեց, որ իրենց տարիքում շատ հաճելի զգացողություններ է առաջացնում նման գյուտը, որը հետագայում կկարողանա ինչ-որ բան փոխել այս երկրագնդի վրա: Նվարդն էլ համեստորեն նշեց, որ իր մասնակցությունը չափազանց փոքր է նյութի կատարելագործման ընթացքում, ուստի շնորհակալ է այն շրջանավարտներին, որ սկսել են այդ գործը: Այս ամենն աշակերտուհու համար նաև իր դպրոցով հպարտանալու առիթ է: Ռուբենն էլ ուրախ է, որ կարողացել է օգնել ինժեներիայի տեսանկյունից: Իսկ Միլենան ոչ միայն հպարտ է, այլև ոգևորված այս նախագծով, որը հնարավորություն է տալիս լուծումներ տալ ներկայիս բնապահպանական ու էկոլոգիական խնդիրներին:

«Կանաչ քիմիա» ակումբ

Աշակերտների հետ հանդիպումից հետո զրուցեցինք արդեն տիկին Համբարձումյանի հետ: Նա հանգամանորեն ներկայացրեց կատարված աշխատանքի առանձնահատկությունները. «Աշխարհի շատ գիտահետազոտական խմբեր այսօր ստանում են բիոպլաստիկներ, բայց ամեն մեկը բիոպլաստիկների ստացման ու հետագա մշակման իր տարբերակն է առաջարկում: Դրանք իրարից կարող են տարբերվել պլաստիկարարներով, իսկ պլաստիկարար փոխել նշանակում է ունենալ նոր հատկությամբ նոր նյութ: Օրինակ՝ մեր ստեղծած հումքը հեղուկ է, որը մշակվում է ավելի ցածր ջերմաստիճանում: Դա կհանգեցնի հետագա արտադրական ծախսերի նվազեցման: Շեշտեմ, որ մեր գյուտի նկարագրության մեջ էլ ամենամոտ նմանակի հետ տարբեր համեմատության եզրեր են անցկացվել, և հիմնական շեշտը կրկին դրված է ցածր ջերմաստիճանային մշակման վրա: Այս ամենը հաշվի առնելով էլ հենց մեզ տրվեց գյուտի արտոնագիր: Ընդհանրապես գյուտերն օգնում են առավել բարեկեցիկ դարձնել մեր կյանքը: Մեր գյուտի դեպքում, կարծում եմ՝ կարիք էլ չկա մանրամասն բացատրելու, թե նավթային հումքով պոլիէթիլենի վտանգը որքան սպառնացող է դարձել: Դրանք առաջացնում են ամենատարբեր կուտակումներ, հարյուրավոր տարիներ չեն քայքայվում, քայքայվելուց հետո էլ առաջացնում են վնասակար նյութեր, որոնք բացասաբար են անդրադառնում էկոլոգիական միջավայրի վրա: Շատ երկրներում անգամ կտրականապես արգելում են դրանց կիրառումը: Բայց, ցավալիորեն, չենք էլ կարող բացառել, թե պլաստիկները որքան հարմարավետ են դարձնում մեր կյանքը, ուստի դրանցից միանգամից հրաժարվելն առանց այլընտրանք ունենալու, բնականաբար, կհանգեցնի այլ խնդիրների: Հուսով եմ՝ մեր գյուտն ու այլ նմանատիպ գյուտեր կկարողանան որքան հնարավոր է արագ լուծում տալ այդ խնդրին: Ուղղակի դրանք դեռևս չեն կարող համատարած ներդրվել նույնիսկ զարգացած երկրներում, որովհետև թանկ արտադրական հաճույք են»:

Տիկին Համբարձումյանը կարևորեց «Այբ» դպրոցի եզակի կրթական համակարգը, որն աշակերտներին հնարավորություն է տալիս ոչ թե զուտ փաստացի գիտելիքներ ձեռք բերել, այլ դրանց հիման վրա փորձեր անել և հմտանալ: «Թե´ նախագծային, թե´ առարկայական ուսուցման համակարգում մենք փորձից ենք գնում դեպի գիտելիք, ինչը Արարատյան բակալավրիատի կարևոր դիրքորոշումներից է: Մենք ոչ թե կենտրոնանում ենք միայն փաստացի գիտելիքի վրա, այլ ապահովում ենք կիրառական հմտություններ: Նույնիսկ քննական հարցերն են կազմվում այդ սկզբունքով: Փաստացի գիտելիքի ստուգման տոկոսը մինչև քառասունն է, մնացած վաթսունը ձևավորվում է երեխայի ինքնուրույն հետևություններ ու վերլուծություններ անելու ունակությունների վրա: Արդեն ակումբի շրջանակներում աշակերտները կարողանում են նայել իրենց շուրջը, տեսնել խնդիրները և գտնել դրանց համապատասխան լուծումները: «Այբ» դպրոցն էլ բոլոր ուղղություներով մշտապես ապահովում է բազմակողմանի օժանդակություն: Մանավանդ, քիմիա առարկայի ուսուցանումը դժվար է պատկերացնել առանց փորձերի: Մենք նախագծային ուսուցման շրջանակներում չենք սահմանափակում երեխաների երևակայությունը, և նրանց կողմից առաջարկված անգամ ամենաանհավանական գաղափարներին փորձում ենք ինչ-որ ուղղություն ցույց տալ՝ հնարավորություն ընձեռելով ընթացքում հասկանալ իրենց իսկ առաջարկած լուծումների հավանական կամ անհավանական լինելը: Եվ երբ մենք միասին տեսանք, թե մեզ շրջապատող աշխարհում որքան շատ են, օրինակ՝ պլաստիկ տոպրակները, ու թե դրանք ինչպես են աղտոտում մեր միջավայրը, հասկացանք՝ պլաստիկները պետք է փոխարինել այլընտրանքային որևէ այլ տարբերակով, և ես աշակերտներին ներկայացրի աշխարհի փորձը բիոպլաստիկի բնագավառում: Ու թեև «Կանաչ քիմիա» ակումբն ի սկզբանե հենց այդ գաղափարով էինք ստեղծել, բայց երեխաներն իրենց ուրույն ներդրումն ունեցան, որովհետև միանգամից գրավվեցին այդ ամենով, բացահայտեցին հետաքրքրության իրենց շրջանակները և աշխատեցին այնքան քրտնաջան, որ արդյունքում ունեցանք գյուտի արտոնագիր: Անգամ այս տարի աշակերտները փորձում են նոր գաղափարներ զարգացնել, զուգահեռ աշխատում ենք երկու հետաքրքիր ծրագրերի վրա, որոնցից մեկը կապված է Սևանա լճի աղտոտման հետ: Այդ խնդիրը շատ է անհանգստացնում աշակերտներին, և նրանք, որ այժմ գտնվում են գիտական հետազոտության փուլում, ցանկանում են մշակել և առաջարկել այնպիսի կենսաֆիլտրեր, որոնք կմաքրեն Սևանի ճահճացած ջրերը: Այս մեկը հենց երեխաների առաջարկած գաղափարն է»,-ուրախությամբ ներկայացնում է տիկին Համբարձումյանը:

Զրուցակիցս հարկ համարեց կրկին կարևորել համապատասխան սարքի առավելություններն իրենց գյուտի իրագործման ճանապարհին. «Ճիշտ է, կարող ենք ուրիշ ավելի կատարելագործված բաղադրատոմսեր էլ մշակել կամ թեկուզ մեր ունեցածից տարբեր, բայց այժմ ուզում ենք կենտրոնանալ սարքի ստեղծման վրա: Մեր ուսումնասիրություններում հիմնականում հանդիպում ենք պինդ նյութերի վերամշակումների: Դա արտադրական ընթացքում ենթադրում է մի փուլ ավել, որն էլ հենց սարքի միջոցով ուզում ենք շրջանցել: Արդյունքում ակումբին քիմիական գիտելիքներից բացի անհրաժեշտ են նաև ինժեներական գիտելիքներ: Սա ցույց է տալիս, թե նախագծային ուսուցումը որքան տարբեր ոլորտներ կարող է ներգրավել: Նման դեպքերում ճիշտ խորհուրդներ ստանալու համար դպրոցը մեզ հնարավորություն է տալիս շփվել նեղ ոլորտի մասնագետների հետ: Նշեմ նաև, որ մասնակցել ենք տարբեր միջազգային մրցույթների: Մեր մշակած բիոպլաստիկները հաղթել են Diamond Challenge մրցույթի հայաստանյան փուլում, որից հետո մեկնել ենք ԱՄՆ ու Դենվերում մասնակցել համաշխարհային եզրափակչին՝ արժանանալով հատուկ մրցանակի։ Բացի այդ՝ մասնակցել ենք Գյոթե ինստիտուտի «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթին, հաղթել հայաստանյան փուլն ու ներկայացել Գերմանիայում կայացած միջազգային կոնֆերանսին՝ արժանանալով մամուլի ու ժյուրիի բարձր գնահատականին։ Այս հաջողություններին զուգահեռ կուտակել ենք փորձ ու գիտելիքներ, ինչի արդյունքում այսօր արդեն պատկերացնում ենք մեր հետագա արտադրանքի բիզնես մոդելը, որն առավել կորոշակիացնենք սարքի ստեղծումից և կիրառումից հետո: Համենայն դեպս այս պահին տրամադրված ենք մարտական»:

Զրույցի վերջում տիկին Համբարձումյանը Մանկական գյուտերի օրվա շրջանակներում անդրադարձավ գյուտարար երեխաներին: «Տարիքը բնավ կապ չունի գյուտեր անելու հետ: Դա է վկայում թե´ մեր, թե´ համաշխարհային փորձը: Կարող եմ անգամ ասել, որ մեծահասակների գիտելիքները երբեմն խանգարում են նրանց քայլ անել, և նրանք հրաժարվում են իրենց համարձակ գաղափարներից: Իսկ երեխաները ոչ միայն ունեն անսահմանափակ երևակայություն, այլև առավել անկաշկանդ են իրենց մտածածն իրականություն դարձնելու հարցում: Ու հենց նման կարողությունները չպետք է կոտրել երեխայի մեջ: Ընդ որում, ցանկացած երեխա կարող է իր աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ հաջողության հասնել»,- նկատեց տիկին Համբարձումյանն ու բոլորին մաղթեց վառ երևակայություն, որը գիտելիքի հետ զուգորդումով կտա հիանալի պտուղներ և կլուծի շատ խնդիրներ:

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: