Հայերեն   English   Русский  

​Բեյրութում ավելի քան 70 ցուցարար է տուժել ոստիկանության հետ բախումներում


  
դիտումներ: 363

Առնվազն 75 մարդ է տուժել այսօր՝ շաբաթ օրը, Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական ստորաբաժանումների և հակակառավարական շարժման ակտիվիստների միջև բռնկված բախման ժամանակ:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաընկերությանը: Ինչպես վերջինիս հայտնել է Լիբանանի Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչը, 30 ցուցարարի տարել են հիվանդանոց, մնացածներին բուժօգնություն են ցույց տվել տեղում:

Մինչ այդ իրավապահ ուժերը ագրեսիվ տրամադրված երիտասարդների ամբոխի դեմ կիրառել են ջրցաններ և արցունքաբեր գազ Էտուալ հրապարակի շրջանում, որտեղ գտնվում է խորհրդարանի պալատը: Ցուցարարները փորձել են ներխուժել հրապարակ, որպեսզի պահանջեն իշխանության օրենսդիր մարմնի արձակումը:

Ցուցարարները ոստիկանների վրա քարեր և ճալթուկներ են շպրտել, պայթուցիկ խառնուրդով շշեր և սուր առարկաներ: Դրա հետևանքով ոստիկանների շարքերում էլ կան տուժածներ: Բախումներ հրահրող մի խումբ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Մայրաքաղաքի կենտրոն են բերվում այժմ զինվորականներ, որպեսզի թույլ չտրվի հաստատությունների, բանկերի և խանութների ավերածություններ: Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաընկերությունը, իրավապահները վերացրել են վրանային ճամբարը, որ խփել էին ցուցարարները Ռիադ Սոլխայի հրապարակում:

Բեյրութում փողոցային ցույցերի նոր ալիքը սկսվեց երեքշաբթի, երբ ընդվզումների առաջնորդները հայտարարեցին, որ անցնում են քաղաքացիական անհնազանդության շարժման, որպեսզի ճնշումն ուժեղացնեն իշխող օղակների վրա:

Արդեն երեք ամիս շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը Լիբանանում անցած տարվա հոկտեմբերի 29-ին հանգեցրին երկրի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հրաժարականին: Հանրապետության նախագահ Միշել Աունը դեկտեմբերի 19-ին նախկին կրթության նախարար Հասան Դիաբին հանձնարարեց ձևավորել նոր կառավարություն: Նրա թեկնածությունը պաշտպանեց խորհրդարանի 69 պատգամավոր (128-ից): Սակայն նոր վարչապետի նշանակումը չխաղաղեցրեց ցուցարարներին, որոնց առաջնորդները ցանկանում են հասնել խորհրդարանի արձակման ու արտահերթ ընտրությունների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: