Հայերեն   English   Русский  

Մեքենայի մեկ պետհամարանիշի բացակայության դեպքում կսահմանվի ավելի մեղմ պատիժ


  
դիտումներ: 86

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Նախագծի հեղինակ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից:

«Իմ առաջարկած նախագծով, եթե մեքենայի վրա պետհամարանիշներից միայն մեկն է բացակայում, առաջարկում եմ կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 25 հազար դրամ տուգանք և երկու բալ»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց՝ համաձայն է, որ երկու պետհամարանիշի բացակայության դեպքում լինի շատ խիստ մոտեցում, քանի որ, ըստ նրա, այդ դեպքում կա վտանգ, որ ծանր հանցագործությունների կարող է մասնակցել այդ մեքենան և դրա մեջ գտնվող անձինք: Նրա խոսքով՝ մեկ պետհամարանիշի բացակայությունը շատ հաճախ լինում է ուղղակի վարորդի անփութության կամ ճանապարհները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, և մեքենայի վրայից ընթացքում ընկնի համարանիշը: Նա ընդգծեց, որ այս երկու դեպքերը միմյանց հետ համեմատելը ճիշտ չէ:

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը նախ նշեց, որ նախագիծը ենթադրում է երկակի պատիժ՝ բալայանին համակարգ և գումարային տուգանք և հարցրեց՝ հնարավոր է արդյոք առհասարակ խուսափել բալային համակարգի կիրառումից և թողնել միայն գումարային տուգանքը: Ըստ նրա՝ եթե մարդ պատրաստ է կանգնեցնի մեքենան, հանի համարները և շատ մեծ արագությամբ գնա, իրեն նույնիսկ այդ բալային համակարգը չի կանգնեցնի: «Չի՞ ստացվում արդյոք այնպես, որ այստեղ ևս տուժում են ՀՀ քաղաքացիները, որոնք, օրինակ` կորցրել են պետհամարանիշը»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Պապոյանն էլ արձագանքեց, որ եթե այս պահին այդպես թողնեն օրենքը, այդ դեպքում քաղաքացիներն ավելի շատ կտուժեն: Պապոյանը նշեց՝ պատրաստ է քննարկել ավելի ցածր բալ կիրառելու առաջարկը, որովհետև եթե լինեն այնպիսի հիմնավորումներ, որ մեկ բալ է պետք կիրառել, ինքը կընդունի այդ առաջարկը և պատրաստ կլինի քննարկել:

Պապոյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ սա առաջին հերթին քաղաքակրթական հարց է և պատասխանատվություն է, որ չպետք է կատարել խախտումներ:

«Օրենքը այդ նույն տրամաբանությամբ է գրվել: Կան դեպքեր, երբ խախտումը կատարվում է անկախ մարդկանց կամքից, բայց, քանի որ կան դեպքեր, որոնք չարամիտ կերպով են արվում: Եթե մենք այդ դեպքերին հանդիպում ենք, ապա պետք է որոշակի արժանի պատիժ սահմանենք: Հայաստանում կան ճանապարհներ, որ արագաչափերը միայն դիմացից են նկարում, և քաղաքացին, իմանալով այդ ճանապարհը և անգիր անելով, որ միայն դիմացից է նկարում, կարող է դիմացի պետհամարանիշը հանել և խախտումներ անելով վարել՝ վտանգալով իր և հանրության մյուս անդամների կյանքի իրավունքը: Հետևաբար՝ մենք երկու բալը սահմանել ենք այդ տրամաբանությամբ»,- ասաց պատգամավորը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: