Հայերեն   English   Русский  

Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար


  
դիտումներ: 295

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի բնակիչը՝ ծնված 1991թ, շորթմամբ հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի օգոստոս ամսին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցում կեղծ տվյալներով գրանցված իր անհատական էջով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչի հետ: Վերջիններս մտերմացել են, ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել միմյանց, որից հետո անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2016 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 07-ն ընկած ժամանակահատվածում, վճարային համակարգերով փոխանցման եղանակով, շորթմամբ մաս-մաս ստացել է ընդհանուր 3.244.985 ՀՀ դրամ գումար՝ Երևան քաղաքի բնակչին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2017 թվականի մայիս ամսին, 29-ամյա տղամարդը, նույն եղանակով ծանոթանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ, մտերմացել է վերջինիս հետ և անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2017 թվականի մայիսի 08-ին վերջինիս վճարային տերմինալով իրեն զգալի չափերի գումար փոխանցելու պահանջ է ներկայացրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: