Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի բնակիչը՝ ծնված 1991թ, շորթմամբ հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի օգոստոս ամսին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցում կեղծ տվյալներով գրանցված իր անհատական էջով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչի հետ: Վերջիններս մտերմացել են, ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել միմյանց, որից հետո անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2016 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 07-ն ընկած ժամանակահատվածում, վճարային համակարգերով փոխանցման եղանակով, շորթմամբ մաս-մաս ստացել է ընդհանուր 3.244.985 ՀՀ դրամ գումար՝ Երևան քաղաքի բնակչին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, 2017 թվականի մայիս ամսին, 29-ամյա տղամարդը, նույն եղանակով ծանոթանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ, մտերմացել է վերջինիս հետ և անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2017 թվականի մայիսի 08-ին վերջինիս վճարային տերմինալով իրեն զգալի չափերի գումար փոխանցելու պահանջ է ներկայացրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: