Հայերեն   English   Русский  

​Այս տարի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը այցելուների առաջ իր դռները բացեց ամբողջությամբ վերանորոգված


  
դիտումներ: 787

«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը»,- Սիլվա Կապուտիկյանի մասին ասել է Ավետիք Իսահակյանը:

Այսօր բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակն է:

Յուրաքանչյուր տարի Սիլվա Կապուտիկյանի հարազատները, նրա գրչընկերներն ու պոեզիայի երկրպագուները, նրա տուն-թանգարանի աշխատակիցների հետ միասին, բանաստեղծուհու ծննդյան օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցում նրա հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ դնելու նրա շիրիմին։ Սիլվա Կապուտիկյանին նվիրված միջոցառումներն այնուհետև շարունակվում են նրա տուն-թանգարանում։

Այս տարի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը այցելուների առաջ իր դռները բացեց ամբողջությամբ վերանորոգված և Վանի նվիրական անկյունով համալրված:

Լրագրողները մի խումբ արվեստագետների ուղեկցությամբ թանգարան այցելեցին Կապուտիկյանի ծննդյան օրը:

«Հուշային հատվածն ամբողջությամբ պահպանվել է, քանի որ Կապուտիկյանն իր կտակում հորդորում է ոչինչ չփոխել` չավելացնել ու չպակասեցնել: Մոսկվայաբնակ հայերի օգնությամբ կառուցվել է Վանի նվիրական անկյունը, որը պատշգամբի հատվածում է. այնտեղ հին պահարան էր` հին գրքերով, թերթերով:

Այդտեղ այժմ ցուցադրվում են Վանից բերված սպասքը, մեծ տաշտակը, որում Կապուտիկյանների մի քանի սերունդ է լողացել և այլ նմուշներ»,-պատմեց տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը:

Նա շեշտեց, որ համալիր վերանորոգումն իրականացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցությամբ և մի շարք բարերարների ու անհատների նվիրատվություններով: Վերանորոգման համար Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հատկացրել է մեկ մլն 150 հազար դրամ:

Դեմիրճյանը տեղեկացրեց, որ Կապուտիկյանի հարյուրամյակի կապակցությամբ չորս գիրք են հրատարակել`հիմնականում պոեզիա:

«Լույս ընծայեցինք նաև երկլեզու`հայերեն-ռուսերեն զուգահեռ թարգմանությամբ բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկվել են հեղինակի հարյուր լավագույն ստեղծագործությունները: Հարկ եմ համարում նշել, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ջանքերով մենք գիտական նստաշրջան կազմակերպեցինք, նախատեսում ենք հրատարակել երկհատոր կամ մեկ ընդարձակ գիրք երկու բաժնով` պոեզիա և արձակ, իսկ արձակի էլեկտրոնային գիրք ստեղծելու համար հավանաբար համագործակցելու ենք Հայաստանի ազգային գրադարանի հետ»,-եզրափակեց Արմենուհի Դեմիրճյանը:

Ի դեպ, 2014 թվականից Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը հանդիսանում է Գրակականության և արվեստի թանգարանի 6 մասնաճյուղերից մեկը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: