Հայերեն   English   Русский  

​Ինտերպոլի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվեց 13,5 տարվա բանտարկության


  
դիտումներ: 608

Տյանցզինի դատարանը Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվուեյին դատարարտեց 13,5 տարվա բանտարկության և 2 մլն յուան տուգանքի (290 000 դոլար) կոռուպցիայի մեղադրանքով, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով South China Morning Post պարբերականին: Ամբաստանյալը հայտարարել է, որ չի բողոքարկելու որոշումը:

Դատարանը պարզել է, որ 2005-2017 թթ. նա չարաշահել է հանրային անվտանգության փոխնախարարի և ծովային ոստիկանության ղեկավարի պաշտոնեական դրությունը և 14,46 մլն յուան (2,1 մլն դոլար) կաշառք է վերցրել:

Մեն Հունվուեյը Չինաստանի առաջին քաղաքացին էր, որ ղեկավարում էր Ինտերպոլը: Նա կազմակերպության գլուխ է անցել 2016 թ. նոյեմբերին: 2018 թ. սեպտեմբերին նա որոշել է Ֆրանսիայից Չինաստան մեկնել և անհետացել է ճանապարհին: Նրա անհետացման կապակցությամբ Ֆրանսիայում հետաքննություն է կազմակերպվել, սակայն հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Չինաստանում նրան բռնել են կոռուպցիայի մեղսակից լինելու կասկածանքով: Ինտերպոլի նախագահի պաշտոնը նա թողել է 2018 թ. հոկտեմբերի 7-ին:

Պաշտոնյայի կինը՝ Գրեյս Մենը, փորձել է դատի տալ Ինտերպոլին՝ մեղադրելով կազմակերպությանը ամուսնուն բավարար չպաշտպանելու համար: Ինքը՝ կինը և նրա երեխաները ապաստան են ստացել Ֆրանսիայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: