Հայերեն   English   Русский  

​Կրթության նախարարը, դժգոհ իր աշխատավարձից, հարուցել է ուկրաինացիների ցասումը


  
դիտումներ: 152

Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Աննա Նովոսադը բողոքել է ցածր աշխատավարձից և հարուցել սոցցանցերի օգտատերերի քննադատությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Strana.ua կայքին, պաշտոնյան պատմել է լրագրողներին, որ այժմ իր ամսական աշխատավարձը կազմում է 36 հազար գրիվեն (մոտ 680 հազար դրամ):

«Դա ինձ հերիքում է, որ կարգին ապրեմ: Ես սեփական բնակարան ունեմ, ծառայողական ավտոմեքենա, կինո գնալու ժամանակ չունեմ: <…> Բայց ես ուզում եմ երեխա ունենալ, իսկ այսպիաի աշխատավարձով չեմ կարող պահել նրան»,- բացատրել է Նովոսադը:

Մինչդեռ նախարարի բողոքը ըմբռնում չի գտել ուկրաինացիների շրջանում, որոնք հիշեցրել են, որ միջին աշխատավարձը երկրում երեք անգամ ավելի ցածր է, քան Նովոսադինը:

«Իսկ Ինչո՞ւ քեզ չի անհանգստացնում, թե ինչպես են իրենց երեխաներին պահում քո հազարավոր ենթակաները: Միլիոններ ես ուզում՝ գնա բիզնես, ուզում ես փոխել երկիրը՝ ծառայիր միլիոններին, ոչ թե նվնվա միայն քո համար»,- գրել է ֆեյսբուքում Ուկրաինայի բնակարանային միության ղեկավար Ալեքսանդր Սկուբչենկոն:

«Իսկ ինչո՞ւ գլխավոր բժիշկը կարող է 15 հազարով: Կամ դպրոցի տնօրենը մոտավորապես նույնքանով: Դուք, որ երեկ ոմանց օգնականներն էիք, ինչո՞վ եք ավելի լավը»,- վրդովվել է ZIK հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Նատալյա Վլաշչենկոն:

«Ինչ եք ասո՜ւմ: Իսկ ուրիշներն ինչպե՞ս կարող են»,- հեգնել է փաստաբան Կլիմ Բրատկովսկին:

Աննա Նովոսադին կրթության և գիտության նախարար են նշանակել 2019 թ. օգոստոսի 29-ին: Մի քանի օր անց արդեն նա հայտնվեց սկանդալի կենտրոնում իր հրապարակման մեջ թույլ տված մեծ թվով սխալների պատճառով, որում նա գրել էր իր՝ որպես գերատեսչության ղեկավարի խնդիրների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: