Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները կործանարար հենց այն պետությունների համար, որոնք դրանք սահմանել են. Էդ. Նալբանդյան


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին


  
դիտումներ: 1929

«Միջազգային հարաբերություններ»: Էդվարդ Աղվանի, ինչպիսի՞ առաջնահերթ խնդիրների լուծմանն է ուղղված Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության գործունեությունը։

Էդվարդ Նալբանդյան: 2015թ.-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին է։ Այդ պատճառով ես կսկսեմ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված առաջնահերթ խնդրից, որը կապված է հենց դրա հետ։

Մեր ժողովուրդը, ով վերապրել է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, բարոյական պատասխանատվություն է զգում՝ մարդկության դեմ նոր հանցագործություններ թույլ չտալու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու գործում։

Հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը գտնվում է մեր դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում։ Չէ՞ որ ճանաչումը, դատապարտումն ու պատիժը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն պայմաններն են։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առջև ծառացած մյուս կարևորագույն խնդիրը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն է, որի էությունը հարգանքն է ինքնորոշման իրավունքի հանդեպ, որն ամրագրված է որպես ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր նպատակներից մեկը։

Ինչ վերաբերում է առաջնահերթություններին՝ ընդհանուր առմամբ, ապա դրանք դասական են, ինչպես շատ պետությունների դեպքում: Դա արտաքին բարենպաստ պայմանների ապահովումն է՝ պետության անվտանգության և տնտեսական զարգացման համար, Հայաստանի բարեկամ երկրների թվի ավելացումը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդումը, միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացումը, միջազգային հարթակներում մեր երկրի համար դրական օրակարգ ձևավորող նախաձեռնությունների ներկայացումը, միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը, բարեկամ երկրների հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, խնդիրների կարգավորումը այն երկրների հետ, որոնց հետ դրանք առկա են, հայկական մշակութային ժառանգության պահպանումը, արտասահմանում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությունը:

Մենք ձեռնարկում ենք հնարավորինը՝ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համար: Ջանքեր ենք գործադրում՝ Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման, եվրոպական մայրցամաքի երկրների և կառույցների հետ համագործակցության խորացման, Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ կապերի ընդլայնման, արաբական, լատինամերիկյան, աֆրիկյան պետությունների հետ փոխգործակցության զարգացման համար:

Արդի մարտահրավերներին հավաքական գործողություններով պատասխաններ փնտրելու նպատակով` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մենք համագործակցում ենք այն գործընկերների հետ, որոնք ցուցաբերում են փոխադարձ պատրաստակամություն:

Իհարկե, մեր մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում մեր պետության շահերին համապատասխան միջազգային, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության հարցերը:

«Միջազգային հարաբերություններ»: Ընթացիկ տարվանից սկսած` Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի՞ հեռանկարներ է տեսնում իր համար այս միջպետական միավորման շրջանակներում, ինչպիսի՞ հույսեր է կապում նրա գործունեության հետ:

Էդվարդ Նալբանդյան. Մենք կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, լրացուցիչ խթան կհանդիսանան մեր պետության տնտեսության զարգացման, նրա՝ ԵԱՏՄ-ում առավել ինտեգրման համար:

Դա մեզ հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված, ես կասեի՝ ազատ մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, մուտք գործել ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Առավելություններն ակնհայտ են:

«Միջազգային հարաբերություններ». Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Երկկողմ հարաբերությունների ո՞ր ոլորտներում է հաջողվել առավել նշանակալի արդյունքների հասնել, և ուրիշ ի՞նչ հարցերի վրա դեռ պետք է միասին աշխատել:

Էդվարդ Նալբանդյան: Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային փոխգործակցությամբ: Չի կարելի դաշնակից լինել ինչ-որ մի բնագավառում, իսկ այլ հարցերում այդպիսին չլինել: Հարաբերությունների նման բնույթը դրսևորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով: Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքականության համակարգմամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում հաջող գործընկերությամբ, տարեցտարի թափ առնող ապակենտրոնացված համագործակցությամբ, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում փոխգործակցության շարունակական զարգացմամբ: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը: Մեր երկրում գործում են ավելի քան 1400 համատեղ ձեռնարկություններ, ստորագրված է ավելի քան 250 երկկողմ փաստաթուղթ:

Հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ամրապնդվում են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությամբ, որոնց շարքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ մեկտեղ, ես հատուկ կառանձնացնեի ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն և, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը:

Մենք շարունակում ենք նոր հեռանկարային ուղղությունների փնտրտուքը՝ համատեղ ջանքեր գործադրելու համար:

Ինչպիսի բնույթ էլ կրեն միջպետական հարաբերությունները, նրանք չեն կարող հիրավի ամուր լինել, եթե չկա ջերմություն՝ ժողովուրդների, մարդկանց հարաբերություններում: Այդ կապակցությամբ կցանկանայի հատուկ շեշտել մեր ժողովուրդներին, հասարակ մարդկանց միավորող խորը հարաբերությունները, որոնք անցել են ժամանակի փորձությունը:

«Միջազգային հարաբերություններ». Էդվարդ Աղվանի, ինչպե՞ս են Հայաստանում գնահատում Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

Էդվարդ Նալբանդյան. Առաջին հերթին դա ցավ է և խորը կարեկցանքի զգացում: Իրավիճակը մեզ ծանոթ է ոչ միայն դիվանագիտական խողովակներով: Հայկական կես միլիոնանոց համայնք է ապրում Ուկրաինայի բոլոր շրջաններում:

Մենք համոզված ենք, որ ներկա իրավիճակը պետք է իր լուծումն ստանա երկխոսության միջոցով, և այդ պատճառով առաջիններից էինք, որ ողջունեցինք Մինսկի համաձայնությունները, Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունումը, Կոնտակտային խմբի կողմից Մինսկի համաձայնությունների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների ստորագրումը:

Հուսով ենք, որ այս համաձայնությունների իրականցումը թույլ կտա հասնել համապարփակ կարգավորման, ճանապարհ կհարթի խաղաղության և կայունության համար:

«Միջազգային հարաբերություններ»: Ե՛վ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում այսօր ի հայտ է գալիս այն համոզմունքը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ սահմանափակումները, քանզի պատժամիջոցները ՄԱԿ ԱԽ-ի իրավասությունն են, ոչ միայն արդյունավետ չեն, այլև՝ կործանարար հենց այն պետությունների համար, որոնք դրանք սահմանել են: Ինչպե՞ս է միջազգային կայունության ամրապնդմանը և վստահության մթնոլորտի հաստատմանը քիչ նպաստող այս պատմությունը դիտարկվում Երևանում:

Էդվարդ Նալբանդյան: Ակնհայտ է, որ պատժամիջոցների ճանապարհով շարժվելը մի տարբերակ է, որի վնասները ազդում են բոլոր մասնակիցների վրա, և ոչ միայն: Դա չի կարող բխել որևէ մեկի շահերից: Կարծում ենք, որ միայն բանակցությունների և երկխոսության միջոցով կարելի է փնտրել խնդիրների լուծման ուղիները:

«Միջազգային հարաբերություններ»: Էդվարդ Աղվանի, մեր հանդիպումը մեծ մասով պարտական է շատ ցավալի տարեթվի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպե՞ս է այս իրադարձությունը այսօր ընկալվում Հայաստանի քաղաքացիների կողմից, և ինչպե՞ս է արտացոլվում Հայաստանի՝ իր անմիջական հարևանների հանդեպ վարվող արտաքին քաղաքականության վրա:

Էդվարդ Նալբանդյան: Այս տարի Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նախատեսված են հազարավոր միջոցառումներ: Դրանք անցկացվելու են չորս հիմնական ուղղություններով: Առաջին հերթին դա հարգանքի տուրքն է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին:

Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է նրանց, ովքեր ծանր փորձությունների պահերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Իսկ այդպիսի երկրներ, ժողովուրդներ շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու:

Երրորդ ուղղությունը ջանքերն են՝ ուղղված նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի համար, այլև՝ ողջ միջազգային հանրության:

Եթե Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա հնարավոր կլիներ կանխարգելել հետագայում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի քողի տակ և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները:

Եվ վերջին` չորրորդ ուղղությունը, վերածնունդն է: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց Ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերակերտել մեր պետականությունը, մեր անկախությունը, վերածնել մշակույթը, գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը կարողացան ստեղծել իրենց օջախները աշխարհի շատ երկրներում, նպաստել և շարունակում են իրենց ներդրումը բերել այդ երկրների զարգացմանը:

Մենք՝ միջազգային հանրության հետ միասին, ոգեկոչելու ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ «Այլևս երբեք» կարգախոսի ներքո:

Ակնհայտ է, որ ցեղասպանությունը ծանրագույն միջազգային հանցագործություն է: Հայաստանը իր հնարավորությունների չափով իր ներդրումն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու նման հանցագործությունները: Դա իրականացվում է միջազգային կազմակերպությունների, խորհրդարանական վեհաժողովների, միջազգային համաժողովների, այլ ձևաչափերի շրջանակներում: Որպես օրինակ կարող եմ բերել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևի նախագիծը, որը Հայաստանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանը: Երկու տարի առաջ՝ 2013թ., Հայաստանը նախաձեռնել էր նմանատիպ բանաձև, որը ընդունվել էր կոնսենսուսով: Այն ժամանակ որպես համահեղինակ մեզ միացան 61 երկրներ: Հուսով եմ՝ այս անգամ էլ այն կընդունվի կոնսենսուսով և համահեղինակ պետությունների ոչ պակաս թվով:

Այս տարվա մարտ ամսին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ արեց ԵՄ բոլոր անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես նաև կոչով դիմեց ԵՄ պետություններին և կառույցներին՝ նպաստելու Ցեղասպանության հետագա ճանաչմանը:

Համապատասխան հայտարարության ընդունում նախատեսվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Այսպիսի օրինակների ցանկը կարելի է շարունակել:

Աշխարհասփյուռ հայերը համակարծիք են, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում և կիսում են համամարդկային արժեքները:

Երբ Դուք հարցնում եք՝ ինչպես է Ցեղասպանությունը ազդում անմիջական հարևանների հանդեպ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության վրա, ես հասկանում եմ, որ Դուք նկատի ունեք Թուրքիան:

2008թ. Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մենք Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցինք՝ հարաբերությունների կարգավորման նպատակով, որոնց արդյունքում 2009թ. Ցյուրիխում ստորագրեցինք երկու արձանագրություն՝ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ: Բայց անցած վեց տարիները ցույց տվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում քաղաքական կամքի բացակայությունը Թուրքիայի ղեկավարության մոտ, ովքեր վերադարձան նախապայմանների լեզվին: Ավելին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության կեղծման քաղաքականությունը:

Անցյալ տարվա օգոստոսին Անկարայում ես Նախագահ Էրդողանին փոխանցեցի Նախագահ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Երևանում 2015թ. ապրիլի 24-ի միջոցառումներին: Ցավոք, մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով Թուրքիայի ղեկավարության համար հերթական կորսված հնարավորությունը:

«Միջազգային հարաբերություններ»: Էդվարդ Աղվանի, միջազգային հարաբերություններում անհանգիստ իրավիճակի նշանները քիչ չեն. մասնավորապես, բավական բարդ իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում, պատերազմը Սիրիայում, «Իսլամական պետության» գործոնը, Իրաքում առկա հակամարտությունները... Ինչպե՞ս է այս ամենը գնահատվում Ձեր երկրում, որն իր զբաղեցրած աշխարհագրական դիրքով տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունների թատերաբեմից այնքան էլ հեռու չի գտնվում:

Է. Նալբանդյան: Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների բնօրրան, այդ թվում և՝ քրիստոնեության: Ցավոք, այսօր այդ տարածաշրջանում տարբեր կրոնական և էթնիկ համայնքների գոյությունը լուրջ վտանգի տակ է։

Մենք գործ ունենք քաղաքակիրթ աշխարհի դեմ ուղղված հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-նուսրա ճակատ»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից:

Մենք մեկ անգամ չէ, որ մեր խորին մտահոգությունն ենք արտահայտել Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի վերաբերյալ, կոչ ենք արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել` ուղղված նոր աղետների կանխարգելմանը: Մենք անընդհատ ընդգծում ենք ահաբեկչական խմբավորումներին ցանկացած աջակցության անմիջապես դադարեցնելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումներ իրականացնելու համար:

Հայաստանը լիովին սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի իրագործումը:

Նախորդ տարվա մարտին Ալ-Քաիդայի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում գործեցին թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող, գերազանցապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա, որի արդյունքում տեղական բնակչությունը հարկադրված եղավ լքել հարազատ վայրերը: Ծայրահեղական խմբավորումները պղծեցին և ավերեցին Քեսաբի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը:


Ցեղասպանության ժամանակ սիրիական Դեյր Զոր քաղաքը և նրա շրջակա անապատը դարձան հարյուր հազարավոր հայերի մահվան երթի վերջին հանգրվանը: Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբավայր Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին ուխտատեղի էր։ Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այստեղ արդեն անհնար կլինի ոգեկոչել զոհերի հիշատակը, քանի որ նախորդ տարվա սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները պայթեցրին եկեղեցին և պղծեցին սրբատեղին:

Տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները իսկական հումանիտար աղետի են բախվել: Միայն Սիրիայից մենք ընդունել ենք ավելի քան 12 հազար հայերի, ովքեր հարկադրված էին լքել իրենց տներն ու հարազատ վայրերը:

Մենք կարծում ենք, որ սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու միջազգային հանրության համատեղ ջանքերի շրջանակներում:

«Միջազգային հարաբերություններ»: Հայաստանում լավ գիտեն, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում էթնիկ-կրոնական հակամարտությունները: Ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս օրակարգը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ:

Է. Նալբանդյան: Եթե Դուք ի նկատի ունեք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, ապա ճիշտ չէ այն որակել որպես «էթնիկ-կրոնական»:

Թեև Ադրբեջանը շարունակում է հիմնախնդրին միջկրոնական բնույթ հաղորդելու վտանգավոր փորձերը: Ոչ ոք չի մոռացել, որ այս նպատակով դեռ հակամարտության սկզբնական շրջանում օգտագործվել են տխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապեր ունեցող վարձկաններ Աֆղանստանից և ոչ միայն:

2014թ., երբ լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը, ադրբեջանական կողմը շեշտակի ավելացրեց հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա և գնդակոծելով քաղաքացիական օբյեկտները։ Դա հանգեցրեց իրավիճակի կտրուկ սրմանը, հակամարտության բոլոր կողմերից աննախադեպ թվով զոհերի:

Իրավիճակի շարունակվող սրման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հունվարին լուրջ մտահոգություն հայտնեցին Ադրբեջանին` իր ու Արցախի միջև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Նրանք Բաքվին կոչ արեցին՝ հավատարիմ մնալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:

Համանախագահները հանդես են եկել և շարունակում են հանդես գալ հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմի ստեղծման, դիպուկահարների դուրս բերման, վստահության այլ միջոցների վերաբերյալ հստակ առաջարկներով: Բայց Ադրբեջանը այդ առաջարկների, միջազգային հանրության մանդատ ունեցող միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսևորում:

Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:

Ադրբեջանական կողմը բանակցությունների պատրանք ստեղծելու նպատակով փորձում է սեփական պատկերացումները ներկայացնել իբրև համանախագահների առաջարկություններ, խեղաթյուրում է հիմնահարցի և բանակցային գործընթացի էությունը և Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին վարկաբեկելու արշավ է իրականացնում: Ս.թ. հունվարի 27-ին համանախագահները հարկադրված էին հիշեցնել Բաքվին իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերակատարության և ԵԱՀԿ դիտորդների պարտավորությունների հանդեպ շարունակաբար հնչող քննադատության կապակցությամբ:

Ադրբեջանը սևեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: Այստեղից էլ սերում են համապատասխան փորձերը՝ կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեությունը, տեղափոխել հիմնախնդրի կարգավորումը այլ միջազգային հարթակներ, հիմնահարցին տարածքային խնդրի բնույթ հաղորդել կամ շահարկել կրոնական գործոնը: Այս ամենը քողարկվում է սադրիչ գործողությունների ակտիվացմամբ՝ ինչպես Արցախի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին:

Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, այսուհետ ևս կշարունակի ջանքեր գործադրել` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Բանակցային կարգավորմանը այլըտրանք չկա:

«Միջազգային հարաբերություններ»: Էդվարդ Աղվանի, ըստ Ձեզ, որքա՞ն հաջող են զարգանում այսօր ռուս-վրացական հարաբերությունները: Ե՛վ ձեզ համար, և՛ մեզ համար Վրաստանը ոչ միայն տարածաշրջանային գործընկեր է, այլև՝ մի պետություն, որի տարածքով անցնում են հայ-ռուսական առևտրային ուղիները։

Է.Նալբանդյան: Վրաց ժողովրդի հետ մեզ միավորում են դարավոր բարեկամական կապերը: Մենք գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը Վրաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար:

Այսօր հայ-վրացական հարաբերությունները գտնվում են այնպիսի մակարդակի վրա, որը մեզ հնարավորություն է ընձեռում անկեղծորեն քննարկել առաջացող հարցերը և երկուստեք ընդունելի լուծումներ գտնել:

Հայաստանը շատ է շահագրգռված ռուս-վրացական հարաբերություններում դրական դինամիկայով: Չէ՞ որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, իսկ Վրաստանը՝ մեր ամենամոտ հարևանը:

«Միջազգային հարաբերություններ»: Էվարդ Աղվանի, Դուք լեգենդար ՄԳԻՄՈ-ի շրջանավարտ եք, որտեղ ստացել եք պրոֆեսիոնալ դիվանագետի բավականին հաջողված կյանքի ուղեգիր: Արդյո՞ք այցելում եք Ձեր հարազատ կրթօջախը, պահպանում եք Ձեր համակուրսեցիների հետ կապերը։

Է.Նալբանդյան. Միշտ ձգտել եմ պահպանել կապը իմ ԲՈւՀ-ի, համալսարանական ընկերներիս հետ: Որպես արտաքին գործերի նախարար` ես հնարավորություն եմ ունեցել դասախոսություններով հանդես գալ միջազգային հարաբերությունների բնագավառում մասնագիտացված շատ համալսարաններում, ինստիտուտներում և քաղաքագիտական կենտրոններում, բայց առաջինը, բնականաբար, եղել է ՄԳԻՄՕ-ն։ Եվ այսպիսի հանդիպումները ՄԳԻՄՕ-ում դարձել են բարի ավանդույթ:

2013թ. մենք ռեկտոր Ա.Տորկունովի հետ համատեղ մասնակցեցինք համալսարանի հայ շրջանավարտների ակումբի բացմանը։ Անցած տարի ես երկու անգամ եմ այցելել ՄԳԻՄՕ` ԲՈՒՀ-ի 70-րդ տարեդարձի հանդիսությունների շրջանակներում, ապա առանձին կազմակերպված հանդիպմանը, որի ժամանակ ինձ շնորհեցին «ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի» աստիճան: Իսկ այս տարվա երկրորդ կեսին նախատեսվում է Հայաստանում անցկացնել «ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների միջազգային ֆորում»:

«Միջազգային հարաբերություններ»: Այս տարին նշանակալից է. լրանում է գերմանա-ֆաշիստական զորքերի ջախջախման, Մեծ Հաղթանակի` մեր ընդհանուր հաղթանակի 70-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ երկու հարց ունեմ. ինչպե՞ս են Հայաստանում պատրաստավում այս իրադարձությանը, և երկրորդ հարցս, ըստ Ձեզ, ինչպե՞ս այս տարեթիվը կարող է և պետք է դառնա որոշակիորեն հաշտեցնող, միավորող, իսկ նրանց համար, ովքեր մոռացել են պատմության դասերը, նաև ինչ-որ տեղ սթափեցնող գործոն:

Է.Նալբանդյան: Այո՛, իսկապես, դա մեր բոլորի հաղթանակն է: Մեր ժողովուրդները միշտ եղել են կողք կողքի` և՛ դժվար, և՛ խաղաղ ժամանակներում: Երբեք չեն եղել բարիկադների հակառակ կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, մեր պապերը մեկ անգամ չէ, որ ուս-ուսի կռվել են բազմաթիվ ճակատամարտներում, այդ թվում և՝ Մեծ Հայրենական պատերազմում:

Հայաստանի գրեթե ամբողջ հասուն արական բնակչությունը մասնակցել է Մեծ Հայրենականի ճակատամարտերին: Պատերազմի տարիներին զորակոչվել են մոտ 600000 հայեր, որոնց միայն կեսը դիմավորեց մայիսի 9-ը: Իմ հայրը կռվել է Ստալինգրադում, մայրիկիս երկու եղբայրները զոհվել են Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ: Խորհրդային բանակի շարքերում ծառայել են 60 հայ գեներալներ: Մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի, Խուդյակովի, ծովակալ Իսակովի անունները մեր ընդհանուր հպարտությունն են:

Պատերազմի հիմնական հարվածը իրենց վրա են վերցրել Խորհրդային Միության ժողովուրդները, ովքեր շատ թանկ վճարեցին՝ 27 մլն մարդկային կյանք: Հենց Խորհրդային Միության ժողովուրդները իրենց վճռական ներդրումը բերեցին ֆաշիզմի ջախջախման գործում: Մեծ դերակատարություն ունեցան նաև հակաֆաշիստական կոալիցիայի երկրները: Չի կարելի մոռանալ այս ամենը: Կարևոր է հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, չմոռանալ բոլոր նրանց սխրագործությունը, ովքեր հաղթանակի հասան: Կարևոր է միավորել միջազգային հանրության ջանքերը նոր մարտահրավերների և սպառնալիքերի դեմ պայքարում, որպեսզի բացառենք համաշխարհային պատերազմների կրկնության հնարավորությունը:

«Միջազգային հարաբերություններ»: Շնորհակալություն զրույցի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: