Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը
Դատելով երկու կողմերի քաղաքական գործիչների բառապաշարից, հայ-թուրքական հարաբերությունները, անկասկած, վատացել են: Պատճառները շատ են, բայց գլխավորը ես կհամարեի Թուրքիայի եվրոպական ձգտումների ակնհայտ նվազումը, ինչը նշանակում է, որ նվազել է նաև հանդուրժողականություն և բարյացկամություն ցուցադրելու կարիքը: Հարևանների հետ խնդիրների զրոյացման քաղաքականությունը ամբողջապես տապալվեց տարածաշրջանային խնդիրների կտրուկ բևեռացման պայմաններում: Թուրքիայի գործողություններն այսօր ուղղակի արտահայտում են նրա՝ տարածարջանում դոմինանտ դիրք ստանալու ահագնացած ձգտումները, իսկ դա նշանակալիորեն մեծացնում է Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի արտաքին քաղաքական հաշվարկներում: Այս ամենը միայն ուժեղացնում է Թուրքիայի կանխակալությունը Ղարաբաղյան հակամարտության հարցերում և ամենևին չի նպաստում ապաշխարությանը հեռավոր անցյալի իրադարձությունների համար:
Կարծում եմ, որ բացասական դեր խաղացին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մեռելածին լինելով հանդերց, դրանք այնուամենայնիվ գերագնահատված փոխադարձ սպասումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում ու Թուրքիայում, այնպես էլ՝ միջազգային հանրության շրջանում: Իսկ չափազանցված, անիրականանալի սպասումները միշտ հանգեցնում են ելակետային իրավիճակի վատթարացման: Թուրքիան արձանագրությունների միջոցով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը զսպելու հնարավորություն ստացավ: Ոչ մի տարբերություն չկա, թե ֆիզիկապես որտեղ է գտնվում ստորագրված փաստաթուղթը՝ խորհրդարանո՞ւմ, թե՝ ԱԳՆ-ում: Քանի դեռ արձանագրություններից հետ չի կանչված ՀՀ ստորագրությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը դժվար թե լինեն շոշափելի: Այս ամենի հետ մեկտեղ, այսօր քչերն են հավատում հայ-թուքական սահմանի գործարկման հեռանկարին, մինչդեռ դա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ստանալ արձանագրությունների իրագործումից:
Մենք չենք կարող պարզապես պատմություն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը, և ոչ միայն բարոյական նկատառումներով, այլև այն պատճառով, որ Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հարցը շարունակում է արդիական մնալ նաև հիմա: Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր և միասնական համատեքստում: Ակնհայտ է, որ աշխարհը ավելի վտանգավոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտությունները, իրենց ծանրագույն հումանիտար հետևանք¬նե¬րով, շատացել են, և դրանք անմիջապես մեր կողքին են: Գլոբալ և տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն էլ առանձնապես չեն փոխվել:
Օգտվելով առիթից, անդրադառնանք ներքաղաքական կյանքի երկու ամենահրատապ հարցերին: Առաջինը՝ նախագահի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումներն են: Մեկ անգամ Դուք արդեն արտահայտվել եք այդ առիթով: Սակայն այժմ մենք գտնվում ենք նոր փոլում. սկսվել են քննարկումներ քաղաքական կուսակցությունների հետ, և հաջորդ տարվա սկզբին հանրության դատին կհանձնվի հիմնական օրենքի փոփոխության միանգամից երկու տարբերակ՝ անցում կառավարման խորհրդարանական ձևաչափի կամ գործող համակարգի պահպանում: Փոխվե՞լ է արդյոք այս ընթացքում Ձեր վերաբերմունքը բարեփոխումներին ընդհանրապես: Կառավարման ո՞ր մոդելին եք Դուք տալիս նախապատվությունը:
Իմ տեսակետը չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում և վստահ եմ, որ Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ: Կրկնվեմ. երկիրը անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից:
Աշխարհում կան թե նախագահական և թե խորհրդարանական համակարգի գործածաման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է:
Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակ-ցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը:
Այժմ կխնդրեի, որ անդրադառնաք Բարգավաճ Հայաստանի շուրջ ծավալված իրադարձություններին: Մամուլում մինչև հիմա հանդիպում են տարատեսակ, երբեմն ՝ տրամագծորեն հակառակ ասեկոսեներ ու մտավարժանքներ՝ կատարվածի մեջ Ձեր դերակատարության և ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած աղետից հետո Ձեր քաղաքական ապագայի մասին: Ոմանք կարծում են, թե Դուք սառնասրտորեն հետևեցիք դատաստանին և ոչինչ չարեցիք, որպեսզի փրկեք ԲՀԿ-ն, իսկ դա նշանակում է, թե Դուք ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեիք իշխանությունների հետ: Ուրիշները կարծում են, թե Դուք պարզապես չկարողացաք օգնել Ծառուկյանին, չկարողացաք փրկել «Ձեր» քաղաքական հենարան կուսակցությունը: Որտե՞ղ է ճշմարտությունը:
Երկու հնչեցված վարկածներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ես ուշադիր հետևել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը: ԲՀԿ-ն ուներ իր քաղաքական թիմը, որն ակտիվորեն առաջ էր տանում կուսակցության շահերը: Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին: Ակնհայտ է նաև, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը:
Այդ օրերի իմ հայտարարությունը ստեղծված իրավիճակի և երկրի համար դրա հնարավոր բացասական հետևանքների խնդրով մտահոգ՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ նախկին նախագահի հայտարարություն էր:
Այսքանով հանդերձ, բոլորի համար ամենահրատապ հարցը մնում է հետևյալը. ի՞նչ է լինելու հետո: Կվատթարանա՞ իրադրությունը երկրում, թե՞ ընդհակառակը, հայտնվել են իրավիճակի բարելավման հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարելի է սպասել տեսանելի ապագայում՝ վատթարացո՞ւմ, թե՞ բարելավում:
Իսկ ի՞նչ է փոխվել երկրում, որ իրավիճակը բարելավվի: ԲՀԿ-ի կազմաքանդումն, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ՝ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք: Այդ խնդիրներից շատերի մասին ես արդեն խոսել եմ նախորդ հարցազրույցներում, ուստի չեմ ուզում կրկնվել: Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում:
Դրականների շարքին ես կդասեի երկու հանգամանք, որոնք, իրականում, մեզնից կախված չեն:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի հանգուցալուծման բարձր հավանականությունը և կիրառվող պատժամիջոցները վերացումը: Դա Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ կբացի, իսկ միջնաժամկետ հեռանկարում կհավասարակշռի տարածաշրջանի՝ Իրանի մեկուսացմամբ աղճատված աշխարհաքաղաքական պատկերը:
Նավթի ցածր գները կզրկեն Ադրբեջանին իր ռազմական պոտենցիալն ընդլայնելու առաջվա հնարավորություններից: Բաքուն ստիպված կլինի խնայողությունների և նավթագազային եկամուտների առյուծի բաժինը ծախսել սոցիալական կայունությունը պահպանելու վրա: Դա կնվազեցնի Ադրբե¬ջանի՝ վերջին տարիներին դրսևորվող ռազմատենչ նկրտումները: