Հայերեն   English   Русский  

​Արյան ցածր ճնշում


  
դիտումներ: 33197

Գլուխը սեղմվում է, ձեռքերը` սառը, ասես բամբակից լինեն, տրամադրությունը` զրո, իսկ քունը ո՛չ հանգիստ է պարգևում, ո՛չ էլ թեթևացում: Ծանո՞թ է: Ուրեմն, պետք է չափել արյան ճնշումը:

Հիպոտոնիան օրգանիզմի այն տևական վիճակն է, որը բնորոշվում է զարկերակային ցածր ճնշմամբ: Արյան ցածր ճնշումը կամ հիպոտոնիան կարող է առաջանալ տարբեր պատճառներով: Իսկ սթրեսը, եղանակի փոփոխությունը, մագնիսական փոթորիկները, քնի քրոնիկ անբավարարությունն ազդում են արյան ցածր ճնշում ունեցողների վրա:

Արյան ցածր ճնշումն այնքան վտանգավոր չէ, որքան բարձրը, բայց և այնպես ազդում է կյանքի որակի վրա: Դրան էլ հավելած, եթե չբուժվի, ապա 45 -50 տարեկանում հնարավոր է` արյան բարձր ճնշում զարգանա, ինչը վտանգավոր է կաթվածի ու հիպերտոնիկ կրիզների առաջացման հավանականությամբ:

Հիմնականում հիպոտոնիան զարգանում է երիտասարդ տարիքում: Մշտական հոգնածությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, գլխացավը, անկայուն քունը, սրտխփոցը հիպոտոնիկների մշտական ուղեկիցներն են:

Իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել արյան ցածր ճնման ու դրա բոլոր դրսևորումների դեմ:

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ` դեղորայքային, ժողովրդական, վիտամիններ, քուն ու սնունդ, մերսում:

Դեղորայքային բուժումը նպատակահարմար է, եթե նյարդային վեգետատիվ համակարգի խանգարումներ են ի հայտ գալիս. հևոց, քնատություն, գլխացավ, գլխապտույտ, աչքերի առջև սև կետեր են առաջանում, իսկ դուք չեք հասկանում, թե ինչ է կատարվում ձեզ հետ: Ուրեմն անպայման մեկ շաբաթ անընդմեջ` առավոտյան ու երեկոյան ստուգեք ճնշումը` միջինը հասկանալու համար: Եթե ճնշումը 100-ը 70-ի կամ 90-ը 60-ի վրա է, կնշանակի ցածր ճնշում ունեք: Եվ չնայած այն հանգամանքին, որ արյան ցածր ճշումն այլ դրսևորումներ էլ կարող է ունենալ, պետք է հիշել, որ յուրաքանչյուրի մոտ ախտանշաններն անհատական են:

Երբեմն ճնշումն իջնում է ժամանակավոր` եղանակի փոփոխությամբ պայմանավորված, այդ դեպքում պետք է փորձել քնել ու հանգստանալ: Իսկ եթե արյան ճնշումը մշտապես ցածր է նորմից, սիրտն էլ ծակծկում է, ապա անպայման պետք է բժշկի դիմել: Ինքնաբուժումը վտանգավոր է առողջության համար, քանի որ բոլոր թվարկված ախտանշանները կարող են մեկ այլ հիվանդություն մատնանշել: Ուստի շատ կարևոր է հետազոտությունը, պարզել, թե արդյոք այլ ոչ հաճելի հիվանդությունները չե՞ն այդ ախտանշանների պատճառը:

Եփուկները, թուրմերն ու թեյն օգնում են բարձրացնելու օրգանիզմի ընդհանուր տոնուսը: Լավ ազդեցություն են ունենում մարդարմատի, մատատուկի թուրմերը: Դրանք կօգնեն կարգավորելու ճնշումն ու ազատվելու քնկոտությունից: Ցածր ճնշման դեպքում երբեմն սրտի ծակծկոց է լինում կամ հաճախացած ռիթմ: Այդ դեպքում այդ խփոցը կանոնավորող դեղորայք է նշանակվում: Գլխացավի դեպքում առաջարկվում է պառկել հանգստանալ և ցիտրամոնի հաբ ընդունել: Արյան ցածր ճնշում ունեցողները լավ կլինի սև ու կանաչ որակյալ թեյ խմեն` կանոնավորելու տոնուսն ու ճնշումը: Սուրճը ցածր ճնշման դեպքում չարաշահելը նույնպես չի խրախուսվում: Չէ՞ որ սուրճն արագ բարձրացնում է ճնշումը, որը հետո կարող է կտրուկ էլ իջնել: Այդ դեպքում պետք է զգույշ լինել:

Վիտամիններն ու սնունդը

Հիպոտոնիան, ըստ էության, նաև նևրոզ է: Նորմալ ինքնազգացողության համար պետք է համալիր բուժում իրականացնել ու որակյալ քուն ունենալ, ակտիվ կենսակերպ վարել:

Սննդի մեջ մեծ քանակով սպիտակուցներ ներառել` ձու, ձուկ, խաշած կրծքամիս, լյարդ: Ամենատարբեր աղցաններ, մրգեր, հյութեր, հացահատիկ ու հատիկավորներ ներառել օրաբաժնում: Քուն և մերսում. որակյալ քունը հիպոտոնիկների առողջ կենսակերպի կարևորագույն տարրն է: Արյան ցածր ճնշման ժամանակ արյունը դժվար է շարժվում անոթներով, ու գլխուղեղը տառապում է թթվածնի անբավարարությունից: Արագ հոգնածություն է առաջանում ու քնկոտություն: Հիպոտոնիկները պետք է օրական առնվազն 9 ժամ քնեն: Բարձը պետք է հարմար լինի, ձիգ ու ոչ բարձր: Արթնացումը նույնպես փափուկ, ու հանգիստ պետք է լինի, որ ոչ մի կտրուկ շարժում չլինի: Արթնացումից հետո անկողնում ոչ շատ երկար նստած մնալուց հետո միայն պետք է վեր կենալ, այլապես կարող է գլխապտույտ առաջանալ: Նման դեպքերում պետք է ծոծրակի, պարանոցի, ողնաշարի մերսում կատարել: Բացի այդ, օգնում է միջնամատի ու ցուցամատի արանքն ու ճկույթը մերսելը. դա բարելավում է արյան շրջանառությունն ու հիվանդի ինքնազգացողությունը:

Ցածր ճնշումով ապրելը դժվար է, բայց` հնարավոր

Շարժումն ու ակտիվ կենսակերպը շատ դրական են ազդում հիպոտոնիկի տոնուսի վրա: Զբոսանքը, մարզանքը, լողը, սպորտով զբաղվելը բարելավում են ուղեղին թթվածնի մատակարարումը և հարստացնում զգամունքներով: Հետևաբար, չարժե տանը նստել: Թարմ օդն օգտակար է առողջությանը, ուստի բարերար է ազդում քայլելը: Հիպոտոնիայի ժամանակ պետք է ամեն ինչ հաշվի առնել: Բուժումը, սնունդը, կենսակերպը, քունը պետք է ճիշտ ժամանակին լինեն ու ճիշտ չափով: Եվ միայն այդ դեպքում կարելի է հաղթահարել հիպոտոնիան կամ գոնե դրանից քիչ տուժել:

Ցածր ճնշումը նշանակում է, որ անբավարար քանակությամբ արյուն է մատակարարվում ներքին օրգաններին: Իսկ արյան քաղցը լավ բանի չի հանգեցնում. տևական գլխացավեր, գլխապտույտ, շուտ հոգնելու և աշխատունակության անկման վտանգ: Հիպոտոնիկների կյանքը գորշ երանգ է ստանում, անառողջ գերզգայունություն է առաջանում վառ լույսի, բարձր ձայների նկատմամբ: Ու թվում է, թե դրա վերջը չի երևում: Նման վիճակները կարող են ամիսներ տևել, մինչ մեկնումեկի գլխում ճնշումը չափելու միտք կծագի:

Մինչև 25 տարեկանների մոտ 100/60-ի, իսկ ավելի մեծերի մոտ 105/60-ի ցուցիչն այն «կարմիր գիծն» է, որից այն կողմ սկսվում են խնդիրները:

- քունքերի ու ծոծրակի բութ ցավերը, հաճախակի կամ բաբախյունով գլխացավերն ու գլխապտույտը, թուլությունն ու քնկոտությունը, հոգնածությունն ու աշխատունակության նվազումը, հիշողության թուլացումն ու ցրվածությունն արյան ցածր ճնշման ախտանշաններ են:

- Հիպոտոնիկ տղամարդիկ, կանանց համեմատ, ավելի քիչ են: Նրանք հիպոտոնիայի պատճառով կարող են նաև պոտենցիայի նվազում ունենալ, իսկ կանայք` մենստրուալ ցիկլի խանգարում:

- Եղանակային կախվածությունը, երբ անձրևից հետո վատ եք զգում կամ էլ ոչ սեզոնային տեղումները, օրինակ` ձյունը գարնանը ողջ մարմինն է ջարդում:

- Ձեր հարազատները ձեզ «բու» են անվանում, քանի որ երեկոյան ավելի ակտիվ եք, քան առավոտյան: Վաղ առավոտյան արթնացումը ձեզ համար խնդիր է, իսկ հոգնածությունը` ձեր կյանքի անբաժան ուղեկիցը նույնիսկ այն ժամանակ, երբ հենց նոր եք արթնացել:

- Ֆիզիկական ակտիվության ժամանակ սրտխփոցն է հաճախանում ու հևոց է սկսվում, ինչը սրտի հիվանդությունների հետ կապ չունի:

- Մաշկը գունատ է, ու խանգարված է ջերմակարգավորումը (սառը դաստակներ ու ոտնաթաթեր):

Բոլոր թվարկված ախտանշաններն արյան ցածր ճնշման վկայություններ են:

Իսկ հիպոտոնիան վիճա՞կ է, թե՞ հիվանդություն

Արյան ցածր ճնշումը մի շարք պատճառներով է առաջանում, դրանք կարող են թե՛ հոգեկան և թե՛ ֆիզիոլոգիական ենթատեքստ ունենալ: Նույն` 100/60 ճնշում ունեցողները լրիվ տարբեր կերպ են դա զգում: Մեկի համար դա կարող է տանելի լինել, իսկ մյուսը` ծայրահեղ վատ զգալ:

Հաճախ ցածր ճնշումն անոթային տոնուսի խանգարման հետևանքով է առաջանում: Նորմայում դրանք պետք է արագ սեղմվեն ու լայնանան, սակայն հիպոտոնիկների մոտ այդ ռեակցիան դանդաղ է կատարվում: Դրանից էլ օրգաններին ու հյուսվածքներին անբավարար քանակությամբ է արյուն հասնում:

Մասնագետները տարբերում են հիպոտոնիայի առաջնային տեսակը, երբ այն ինքնուրույն հիվանդություն է, այսինքն` ոչ մի այլ հիվանդություն չի սադրում արյան ցածր ճնշում, և երկրորդայինը, երբ արյան ցածր ճնշումն ինչ-որ հիվանդության հետևանքով է առաջանում, օրինակ`

- սրտի և անոթների (անեմիա, արյան շրջանառության խանգարումներ, սրտային անբավարարություն),

- ստամոքս-աղիքային տրակտի ու միզահեռացման համակարգի (ստամոքսի խոց, հեպատիտ, պանկրեատիտ, ցիստիտ, լյարդի ցիռոզ),

- շաքարային դիաբետ ու ներզատիչ համակարգի հիվանդություններ, հատկապես` մակերիկամների ֆունկցիայի նվազում,

- օստեոխոնդրոզ ողնաշարի պարանոցային հատվածում, ռևմատիզմ, գլխուղեղի վնասվածք,

- տուբերկուլյոզ ու շնչուղիների հիվանդություններ,

- ալկոհոլամոլություն ու թմրամոլություն:

Համաձայնեք, բավական ազդեցիկ ցուցակ է:

Ճնշումն ու նորմը

Եթե հիպոտոնիա ունեք, որը «ժառանգաբար» եք ստացել, ապա պետք է դրա հետ էլ հաշտվեք: Բժշկական հումորի համաձայն` «հիպերտոնիկներն ապրում են լավ, սակայն ոչ երկար, իսկ հիպոտոնիկները` երկար, բայց վատ»:

Ինչի՞ց պետք է սկսել հիպոտոնիայից ձերբազատվելը: Փորձեք կարգավորել զգացմունքերը, խուսափեք սթրեսային իրավիճակներից ու հնարավորինս քիչ արձագանքեք տհաճ խոսքերին ու թշնամական արտահայտություններին: Դա չի նշանակում, որ պետք է փակվեք խխունջի նման, այլ հակառակը, փորձեք էմոցիոնալ ակտիվ կյանքով ապրել, հանդիպել հարազատ մարդկանց հետ, հետաքրքրվեք կատարվող իրադարձություններով, մասնակցեք հասարակական կյանքին: Մի խոսքով, փորձեք գտնել հավասարակշռությունը երկու ծայրահեղությունների արանքում: Առավոտը սկսեք բնական սուրճով, սև կամ կանաչ թեյով: Օրվա ընթացքում դա կարելի է մի քանի անգամ կրկնել: Մի հրաժարվեք ֆիզիկական ակտիվությունից: Հիպոտոնիայի դեմ լավագույն միջոցը սպորտն է:

Խորհուրդները միշտ էլ հեշտ են շռայլվում, սակայն խոստովանենք, որ հաճախ ամենահասարակ բաներն անգամ դժվար են տրվում: Ամենակարևորը կամքի ուժն է ու առողջ լինելու ցանկությունը: Իսկ եթե դա կա, ուրեմն ցանկացած խնդիր հաղթահարելի է:

Արյան ճնշումը բարձրացնող բազում դեղամիջոցներ կան, սակայն շատերս սիրում ենք նախապատվությունը տալ բնականին:

Ալոճի թուրմ. 1 բաժակին` 1 լ ջուր: Պտուղները տրորել, վրան լցնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել 30 րոպե: Ընդունել օրական 4-5 անգամ` մեկական բաժակ, վերջինը` գիշերը, քնելուց առաջ:

Բուժիչ խառնուրդ կիտրոնից, մեղրից ու ծիրանաչրից: Վերցնել 1 կիտրոն, 2 բաժակ ծիրանաչիր, 2 ճաշի գդալ բաց գույնի գարեջուր, 3 ճաշի գդալ հնդկաձավարի մեղր: Կիտրոնն ու ծիրանաչիրն աղալ, ավելացնել մեղրն ու խառնել: Գարեջուրը պետք է ավելացնել ընդունելուց առաջ: Ընդունել 2 ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ, 30 օր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: