Թուրքիան Արաքսի ջրերն ամբարում է, իսկ Հայաստանի ջրերը թափվում են Կասպից ծով
«Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի խոսքով` Հայաստանը մինչ օրս օգտագործել է իր հասանելիք 50 տոկոս ջրային ծավալի մոտ կեսը, մինչդեռ Թուրքիան` շատ ավելին: Արաքսի վտակների վրա Թուրքիան կառուցել է 52 մլն խմ ծավալով ջրամբար, որն արդեն 2 տարի է` գործում է, սկսել են 160 մլն խմ ծավալով ջրամբարի շինարարություն, որը պետք է ավարտին հասցվի 3 տարի հետո, ինչպես նաև Ղարս գետի վրա` 220 մլն խմ ծավալով ջրամբար, որը կավարտեն այս տարի: Բացի այդ, Թուրքիան 300 մլն խմ ծավալով ևս մի քանի և մեկ միլիարդանոց ջրամբարների նախագծեր ունի, որոնք կառուցելուց հետո Արաքսից ստացվող ջրային պաշարների ընդհանուր ծավալը Թուրքիայի համար կկազմի մոտ 1 մլրդ 800 մլն խմ:
Յուրի Ջավադյանն այս խնդիրների մասին վաղուց է խոսում: Դրանք բազմիցս քննարկվել են նաև Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովում, որի նախագահն է Ջավադյանը, Հանրային խորհրդի կողմից այդ խնդիրները ներկայացվել են ՀՀ նախագահի և վարչապետների հետ հանդիպման ժամանակ` առաջարկելով խնդրի լուծման գործնական տարբերակներ:
Թուրքիայի կողմից Արաքսի և Ախուրյանի ջրերը հսկայածավալ ջրամբարներով ամբարելու քայլերը Յուրի Ջավադյանը տնտեսական ճնշում է համարում Հայաստանի վրա: Դա, անշուշտ, անհանգստանալու տեղիք է տալիս: «Նոր ջրամբարների կառուցմամբ Թուրքիան կանցնի կոնվենցիայով սահմանված 50 տոկոս ջրօգտագործման իրավունքը, և Հայաստանը կկանգնի լուրջ խնդիրների առջև: Բայց քանի որ նրանք կառուցում են իրենց գումարների հաշվին, որևէ մեկը նրանց չի հարցնում` հայերի համաձայնությունն ունե՞ք կամ ինչո՞ւ խախտեցիք կոնվենցիան: Իսկ մենք կառուցում ենք միջազգային վարկերի միջոցով, և մեզնից պահանջում են ներկայացնել Թուրքիայի համաձայնությունը»:
Թուրքիայի նկրտումներին դիմակայելու ամենալուրջ քայլը, ըստ նրա, մեր կողմից ջրաբարների կառուցումն է, հակառակ դեպքում 6-7 տարի հետո Հայաստանը կկանգնի ջրի դեֆիցիտի առջև. «Շիրակի, Թալինի և Արմավիրի ոռոգման համակարգերում մոտ 50 հազ. հա տարածքի համար, ջրի 70-75 տոկոսի պակասություն կունենանք»,- ասում է Ջավադյանը:
Ի տարբերություն Թուրքիայի` Հայաստանն այնքան ժլատ է օգտագործել Արաքսի և Ախուրյանի ջրերը, որ եթե անգամ առաջիկա տարիներին մի քանի խոշոր ջրամբարներ էլ կառուցի, դեռ շատ ու շատ հեռու կլինի իր հասանելիք 50 տոկոս ջուրն օգտագործելուց:
Հայաստանն այսօր 7 մլրդ 300 մլն խմ հոսող ջուր ունի, որից մոտ 2.5 մլրդը Արաքս-Ախուրյանինն են: Այդ ամբողջից Հայաստանն օգտագործում է ընդամենը 2 մլրդ 300 մլն-ը, մնացածը հոսում է դեպի Կասպից ծով: Դրա լուծման ճանապարհը կրկին ջրամբարների կառուցումն ու ջրի ամբարումն է: Առհասարակ, ջրամբարների կառուցումը, ըստ Յուրի Ջավադյանի, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:
Բարեբախտաբար, անցյալ տարվանից Հայաստանում մեկնարկել են 3 ջրամբարների կառուցման աշխատանքները. Կապսի ջրամբարը` 25 մլն խմ ջրով, Եղվարդի ջրամբարը` 90 մլն խմ ջրով և Վեդիի ջրամբարը` 29 մլն խմ ջրով:
Կարևորելով խնդիրը` հանրապետության ղեկավարը հանձնարարել է կառավարությանը, որ միջոցներ հատկացնի «Հայջրնախագիծ» ինստիտուտին նոր ջրամբարների կառուցման հնարավորությունների ուսումնասիրությունների համար:
Ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվել է որպես ջրամբար օգտագործել հանքավայրերը: «Արմավիրի տարածքներում` մայր ջրանցքի ափերին, կան հանքավայրեր, որոնց շահագործումը կիսատ է թողնված,- ասում է Ջավադյանը,- դրանցից 2-ը ավազի և կոպճի հանքավայրեր են, 1-ը` բազալտի և կավի: Եթե դրանք շահագործվեն ու դատարկվեն, դրանց տեղը հնարավոր է ջրամբարներ կառուցել, ինչն ավելի էժան ու ժամանակի առումով ավելի արագ կլինի»:
Ըստ Ջավադյանի` դա հնարավորություն կտա ինքնահոս ձևով մոտ 60 մլն ջուր ամբարել և ուղղել դեպի ոռոգման համակարգեր` մեղմացնելով ապագայում մեր ջրային ռեսուրսների խնդիրը:
Կառավարության հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Արմավիրի մարզպետի կողմից: Առաջիկա 10 օրվա ընթացքում նախարարությունն այդ հանքերը շահագործելու նպատակով միջազգային մրցույթ կհայտարարի: «Հանքը շահագործող ընկերության հետ կկնքվի նաև պայմանագիր` ժամկետներով, որ հանքերի շահագործման և մաքրման գործընթացը պետք է իրականացվի 1-2 տարվա ընթացքում: Իսկ մյուս ջրամբարները, լավագույն դեպքում, շահագործման կհանձնվեն 6-7 տարվա մեջ»,-նկատում է Ջավադյանը:
Յուրի Ջավադյանը հույս ունի, որ հանքերը շահագործել ցանկացող ընկերություններ կգտնվեն, և ջրերի ամբարման խնդիրն առաջիկա մի քանի տարիներին կլուծվի:
Բացի այդ, ապագայում նախատեսվում է կառուցել մոտ 25 փոքր և միջին ջրամբարներ, որոնք կապահովեն Արարատյան դաշտավայրի և նախալեռային գոտու ոռոգումը:
Այս ամենից բացի, 1987 թ. Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Թուրքիայի կողմից Արաքսի մոտ գտնվող Սուրմալու գյուղում համատեղ 600 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցելու վերաբերյալ, որը պետք է օգտագործվեր հավասարապես երկու կողմից, և Հայաստանում ու Թուրքիայում պետք է կառուցվեին 48-ական ՄԳՎ հզորությամբ ՀԷԿ-եր, որոնցով էլեկտրաէներգիա կարտադրվեր երկու երկրների համար: «Եթե այդ ծրագիրն իրականանար, մենք հնարավորություն կունենայինք նույնիսկ 11 հազար հեկտարով ավելացնելու մեր ոռոգման հողերի տարածքները, իսկ ամենակարևորը` այլևս Արաքսի ափերի ամրացման կարիք չէինք զգա, ինչը մեզ համար հսկայական ծախսեր է առաջացնում: Խոսքը հակահեղեղային պատնեշների կառուցման մասին է»:
Ծրագիրն այդպես էլ չի իրականացել, և Հայաստանի կողմից արված տնտեսական հիմնավորումը մնացել է սեղանին, չնայած մինչև վերջերս նամակներ են հղվել Թուրքիային, որպեսզի ջրամբարն, այնուամենայնիվ, կառուցեն:
Ջավադյանը հիշում է, որ 1989 թ.` Թուրքիայի նախագահ Ահմեդ Օզալի նախագահության ժամանակ, գործը տեղից շարժվել է, բանակցությունները դրական արդյունք են տվել, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը կասեցրել է ծրագրի իրականացումը: