Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ են մարդիկ հիվանդանում


  
դիտումներ: 2313

Թվում է, թե հիվանդությունները երբեմն հայտնվում են` «առանց կանխավ պատերազմ» հայտարարելու: Իրականում մեր դերն այնքան էլ փոքր չէ այդ հարցում, ու մեր իսկ մեղքով է, որ հիվանդությունները մեզ չեն շրջանցում: Եթե փորձենք մեզ կողքից դիտել, ապա, մեղմ ասած, մեր վարքագիծն առնվազն զարմանալի կթվա:

Գործնականում, մեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, առիթը բաց չի թողնում «մի քիչ նստելու» համար: Մենք նստում ենք ամենուր ու անընդհատ, աշխատավայրում` աթոռին, դպրոցում` նստարանի առաջ, այգում` նստարանին, տանը` բազմոցին ու եթե բախտներս բերի` նաև հասարակական տրանսպորտում: Մեզ անգամ չի մտահոգում այն, որ եթե տրանսպորտում մեզ տեղ են զիջում, ապա համարում են, որ մեծ ենք, եթե չասենք` ծեր: Երբեմն էլ խորամուխ ենք լինում, գամվում նորագույն տեխնիկայի էկրաններին ու վեր կենում միայն այն ժամանակ, երբ աչքերն են հոգնում: Բնականաբար, վաղ թե ուշ տեսողությունն է թուլանում, ու մեղավորը բնավ էլ համաշխարհային գրականության կարկառուն դեմքերը չեն: Որքան երկար ենք նստում համակարգչի առջև, այնքան շատ է տուժում տեսողությունը: Իսկ եթե չենք էլ նստում, ապա ուտում ենք:

Թվում է, թե հեռու չեն այն ժամանակները, երբ ոտքերը կվերածվեն ռուդիմենտի` կույրաղիքի կամ էլ պոչուկի նման: Սա էլ դեռ ամենը չէ. տուն հասնելով էլ` վերելակ ենք նստում: Դե իհարկե, չէ՞ որ դրա համար էլ վճարում ենք: Ուստի պետք է, անհրաժեշտ: Ու հետո էլ զարմանում ենք, թե ինչից են ցավում հոդերը, չէ՞ որ ամենևին մեզ չենք ծանրաբեռնում: Իսկ մասնագետները պնդում են` «հենց դրանից էլ ցավում են»:

Իսկ ի՞նչ ենք գնում մթերային խանութում. պահածոներ, գեղեցիկ փաթեթավորված կիսաֆաբրիկատներ, վիտամինացված քաղցրավենիք: Բոլորս ենք լսել առողջ սննդի մասին, ու ձգտում ենք դրան, սակայն մեր սառնարաններում քիչ չեն այն ուտեստները, որոնք պետք է պարզապես տաքացնել:

Իսկ եթե դրանից ստամոքսն է կծկվում ու լյարդը ցավում, ապա ոչ թե մասնագետի մոտ ենք գնում, այլ դեղատուն` գնելու կենսաբանորեն ակտիվ հավելիչ, որը խորհուրդ են տվել ծանոթ-բարեկամները: Իսկ այդ կասկածելի ու ոչ տեղին միջոցների գործածումից հետո արդեն իսկապես մասնագետի միջամտությունն անհետաձգելի է դառնում:

Ըստ երևույթին, համատարած ձևավորված բնավորություն է` բժշկի դիմում են այն ժամանակ, երբ բոլոր իմացած միջոցներն իրենց սպառել են ու այլևս չեն արդարացնում: Սովոր ենք, չէ՞, ինքներս մեզ համոզել, որ կանցնի, ամեն ինչ ժամանակը բուժում է: Օրինակ` ատամնացավը, որը մեղմում ենք տարբեր հանգստացնողներով ու վերջը գնում ատամնաբույժի մոտ` ատամից ազատվելու:

Սնունդը ոչ միայն որակով է բնութագրվում, այլև քանակով. եթե կանոնավոր կերպով օգտագործում ենք անորակ սնունդ, այն էլ` մեծ քանակությամբ, ապա դրա հետևանքը, առաջին հերթին, ավելորդ քաշով է արտահայտվում, որը շարունակվելու դեպքում վերածվում է գիրության: Իսկ եթե դրա հետ էլ ենք հաշտվում ու շարունակում վայելել սնունդը, ապա բժիշկները մի քանի հիվանդություններ կհայտնաբերեն, որոնք սովորաբար գիրության հետ են կապված:

Ու, ի վերջո, այսօր շատերը կխոստովանեն, որ խուճապահար են լինում արձակուրդի մասին մտքից. չէ՞ որ աշխատանքն անհնար է ինչ-որ մեկին վստահել:

Բժշկության մեջ այսօր մի ախտորոշում կա` «աշխատամոլություն», որը բնութագրվում է հետևյալ կերպ. «աշխատամոլները» դժբախտ մարդիկ են, որոնց զգացմունքներից հասու են միայն գերլարվածությունն ու ապատիան: Այս մարդիկ տառապում են չդադարող քնկոտությամբ ու գիշերային անքնությամբ: Ու ոչ մի հրաշագործ հաբ չի կարող բուժել աշխատամոլությունից: Թերևս միայն տևական հանգիստը…

Ուրեմն, փորձենք ծայրահեղության չհասցնել. շատ շարժվենք, հետևենք մեր սննդին, դեղորայքով չտարվենք, ժամանակին հանգստանանք ու հաճախ ժպտանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: