Հայերեն   English   Русский  

Ինչու պիտի Հայաստանն իր օդը կեղտոտի և էներգիա արտադրի Վրաստանի համար. Բագրատյան


  
դիտումներ: 689

«Ո՞վ ասեց, որ պիտի էլեկտրաէներգիա արտադրենք և արտահանենք: Դուք ասում եք` այս ուղղությամբ ուժեղանում ենք: Ո՞վ է ընդհանրապես որոշել, որ Հայաստանը պետք է Վրաստանին էլեկտրաէներգիա տա»,- այսօր ԱԺ-ում նախագահի կողմից ներկայացված` 2014թ.-ի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ Կառավարությունների միջև հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:


«Բազայում ունենք ատոմակայան, որը 40% էներգիան է արտադրում, բարի եղեք հիդրոակումուլացիոն կայան ստեղծել և ձմռանը չօգտագործվող էներգիան ուղղեք ջրին, ջուրը տարեք Սևան և երկրորդ անգամ բերեք գետով: Բայց Հայաստանը, որը չունի էներգառեսուրս, ինչու՞պիտի իր օդը կեղտոտի և էներգիա արտադրի Վրաստանի համար, դա ի՞նչ բիզնես է Հայաստանի համար»,-հարցրեց Բագրատյանը:

Ըստ նրա` մեզ պետք չէ Վրաստանի համար էլեկտրաէներգիա արտադրելը, մենք փող էլ չենք կարող դրանից աշխատել:

«Պիկերի ժամանակ մեզ հոսանքը հերիքում է, բայց ոչ պիկերի ժամանկ ավելցուկ է գոյանում, դրա համար կարելի է հիդրոակումուլացիոն կայան կառուցել»,-ասում է պատգամավորը:

Հաջորդ հարցը, որը Բագրատյանը բարձրացրեց, էլեկտրաէներգիայի գների ճկունության հարցն է.

«Անցյալ տարվա 38 դրամից գինը դարձավ 41,85, հիմա ուզում եք դարձնել 47,48»,-ասաց Բագրատյանը` ավելացնելով, որ իր հաշվարկներով` էլ. էլներգիայի էլաստիկություն-գին հարաբերությունը 1-ից բարձր է.

«Սա նշանակում է, որ եթե 1%-ով բարձրացնում ենք գինը, ավելի քան 1%-ով նվազում է սպառումը, դրանից տուժում են ՀԵԾ-երը»,-նշեց Բագրատյանը` պնդելով, որ սակագնի հաստատման հանձնաժողովը ճիշտ քաղաքականություն չի վարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: