Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է սնանկությունը


  
դիտումներ: 3856

Արտադրատնտեսական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ ավելի ու ավելի շատ է խոսվում մի այնպիսի երևույթի մասին, ինչպիսին սնանկությունն է: Ինչպես ասել է ամերիկացի Ֆրենկ Բորմանը` «Կապիտալիզմն առանց սնանկության նույնն է, ինչ քրիստոնեությունն առանց դժոխքի»:

Ի՞նչ է, ի վերջո, սնանկությունը: Ընդհանուր առմամբ, սա անձի այնպիսի ֆինանսական դրություն է, որի պայմաններում նա չի կարողանում իրականացնել իր պարտավորությունները: Եթե խոսենք ավելի առարկայական, ապա համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` սնանկությունը անձի` դատարանի կողմից հաստատված անվճարունակությունն է:

Անձը կարող է սնանկ ճանաչվել երկու եղանակով` կամավոր և հարկադրական: Կամավոր սնանկության պարագայում պարտապանը սնանկ է ճանաչվում սեփական դիմումի հիման վրա, եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը: Այս դեպքում պարտապանը պարտավոր է դիմել դատարան` սեփական սնանկության նպատակով:

Հարկադրված սնանկության դեպքում (երբ դիմումը ներկայացվում է պարտատերերի կողմից), պարտապանը կարող է սնանկ ճանաչվել`

1) եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է պարտապանի` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ կատարելու պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: