Հայերեն   English   Русский  

​ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ


  
դիտումներ: 3547

Մերօրյա մեծահարուստները, այսպես կոչված` օլիգարխները, մեկուսացած են հասարակությունից: Նրանք շրջում են շքեղ մեքենաներով, թիկնապահներով և խուսափում են հասարակական լայն շերտերի հետ շփումներից: Նրանց չի հուզում շարքային քաղաքացին, և նրանց բարեգործությունը սահմանափակվում է սոսկ եկեղեցաշինությամբ: Բայց մի՞թե միշտ այդպես է եղել:

Հայ մեծահարուստ, բարերար Մկրտիչ Սանասարյանը ծնվել է 1818 թ. Թիֆլիսում՝ այնտեղ հաստատված վանեցի առևտրական Սարգիս Սանասարյանի և Մարիամ Հեյրանյանի ընտանիքում: Սանասարյանների ընտանիքը բարեկեցիկ էր ապրում և կարողացավ իր զավակին լավ կրթություն տալ ու փայլուն ապագա ապահովել:

Մկրտիչ Սանասարյանը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում՝ Աբբա-Մելիք քահանայի ծխական դպրոցում, ապա ժամանակի լավագույն հաստատություններից մեկում՝ Ներսիսյան դպրոցում, որի առաջին սաներից էր:

Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո, Մկրտիչ Սանասարյանը ընկերոջ հետ Արևմտյան Հայաստանով ճանապարհվում է դեպի Եվրոպա՝ Վենետիկ, որպեսզի ուսումը շարունակի Մխիթարյան միաբանությունում: Սակայն նրա իղձն անկատար է մնում, քանզի Կարինում իմանում է հոր մահվան բոթն ու վերադառնում է Թիֆլիս: Հոր հուղարկավորությունից հետո նրա քեռին, որը նշանակված էր իր պատանի զարմիկների՝ Մկրտիչի և Կարապետի խնամակալ, գրեթե բռնությամբ, առանց պատանիների կամքը հարցնելու, նրանց ռուսական բանակ է ուղարկում:

Ապագա մեծահարուստ բարերարը 1835-1845 թթ. ծառայել է ռուսական բանակում: Նա ծառայության ժամանակ քաջության համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչով, երբ վիրավոր ռուս զինվորին հանել է մարտադաշտից: Սակայն ինքն էլ ծանր վիրավորվում է և 1845 թ. զորացրվում բանակից: Ռուսական կաբինետը սպային ցկյանս թոշակ է նշանակում:

1849 թ. Մկրտիչ Սանասարյանը, տեղափոխվելով Պետերբուրգ մշտական բնակության, աշխատանքի է անցնում տեղի շոգենավային ընկերությունում, ապա գնում է «Մերկուրի» շոգենավային ընկերության բաժնետոմսերի մի մասը, աչքի ընկնում ձեռներեցությամբ ու հմտությամբ: Նրա կարողությունն արագ աճում է: 15 տարի անց նա ընտրվում է ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Հենց Սանասարյանն է Վոլգա գետով ու Կասպից ծովով շոգենավային հաղորդակցություն կազմակերպել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

Մկրտիչ Սանասարյանի բազում բարեգործություններից, ինչ խոսք, գլխավորը 1881 թ. Կարինում բացված Սանասարյան վարժարանն է: Լինելով ուսյալ անձնավորություն՝ մեծ բարեգործը հասկանում էր ազգի առաջընթացի գործում ուսման կարևորությունը:

Նա կարևորում էր հատկապես Արևմտյան Հայաստանում երիտասարդ սերնդի կրթության գործը՝ համարելով, որ միայն ուսման ու կրթության միջոցով հայությունը կբարելավի իր սոցիալական վիճակը, բացի այդ, կրթությունը կնպաստի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու ազգային-ազատագրական շարժմանը:

Կարինից զատ, նա միջոցներ տրամադրեց Վանում Սանդխտյան օրիորդաց վարժարանի վերաշինման համար, որը հետագայում բարեգործի մոր անունով վերանվանվեց Մարիամյան: Նա միջոցներ հատկացրեց նաև Վասպուրականի Խառակոնիս գյուղի ծխական դպրոցի շինարարության համար, վարժարաններ բացեց Նուխի գավառի Վարդաշեն և Նիժ գյուղերում:

Սանասարյանն առատ դրամական աջակցություն ցուցաբերեց Էջմիածնի Գևորգյան ճեմարանին` համարելով, որ ազգի բարօրության համար կարևոր է կիրթ ու գրագետ, նվիրյալ հոգևորական դաս ունենալը:

Մկրտիչ Սանասարյանը հատկապես շատ էր օգնում հայ ուսանողներին: Պետերբուրգում սովորող հայազգի ուսանողները միշտ զգացել են Սանասարյանի հոգածությունը: Նա հաճախ էր ուսանողներին իր տուն հրավիրում, հավաքներ կազմակերպում, ապա թոշակ նշանակելով յուրաքանչյուրին՝ ազատ արձակում: Հետագայում հենց նրա սաներից շատերը ուսուցչություն արեցին Կարինի Սանասարյան վարժարանում:

Նա հովանավորում էր նաև եվրոպական ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներին, սակայն պայմանով, որ նրանք ուսումնառությունից հետո վերադառնան հայրենիք ու լծվեն լուսավորության գործին: Նա հովանավորյալ ուսանողներին ընտրում էր անձամբ, խնամքով` հաշվի առնելով նրանց ոչ միայն կրթական մակարդակը, այլև բարոյական նկարագիրը, ազգային ոգին:

Մկրտիչ Սանասարյանի բարեգործությունների պսակը Կարինում Սանասարյան վարժարանի հիմնումն էր: Դա մեծահարուստ հայ բարեգործի վաղեմի երազանքն էր: Կարին քաղաքը պատահական չէր ընտրված: Նախ, այն Արևմտյան Հայաստանի ամենամեծ քաղաքն էր, որտեղ հայերն արդեն փոքրամասնություն էին կազմում, հարկ էր զարկ տալ տեղի հայության կրթության ու լուսավորության գործին, բացի այդ, Կարինում էր ընդհատվել Սանասարյանի ուսում ստանալու ուղին:

Սանասարյան վարժարանն ավագ վարժարան էր՝ գիշերօթիկ հոսքով: Այնտեղ ուսանելու էին գալիս ոչ միայն քաղաքից ու շրջակա հայկական գյուղերից, այլև Արևմտյան Հայաստանի այլ գավառներից: Վարժարանի տնօրեն է նշանակվել հայ մեծանուն մտավորական, նվիրյալ Կարապետ Եզեյանցը:

Սանասարյան վարժարանում ուսուցանում էին հայոց լեզու` աշխարհաբար և գրաբար, թուրքերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հայոց պատմություն, օսմանյան պատմություն, կրոն, բնական գիտություններից՝ աշխարհագրություն, բնագիտություն, մաթեմատիկա, կենսաբանություն:

1885 թ. Մկրտիչ Սանասարյանն անձամբ այցելում է Կարին՝ տեսնելու իր հոգեզավակը՝ Սանասարյան վարժարանը: Փառահեղ ընդունելություն են կազմակերպում ոչ միայն Կարնո հայերը: Նրան դիմավորողների թվում էին նաև քաղաքի և նահանգի վարչական, զինվորական ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ անկախ դավանանքից ու ազգությունից: Երբեք Կարինում ոչ ոք նման ընդունելության չէր արժանացել:

Մկրտիչ Սանասարյանը տարեկան մեծ դրամագլուխ հատկացրեց վարժարանին, նվիրեց իր հարուստ գրադարանը և նկարների մեծ հավաքածուն:

1900 թ. Օսմանյան պետությունը Սանասարյան վարժարանը ճանաչեց որպես բարձրագույն նախակրթարան: Դա նշանակում էր, որ վարժարանն ավարտած սաները իրավունք էին ստանում առանց քննությունների ընդունվելու երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններ:

1912 թ. Սանասարյան վարժարանը տեղափոխվում ու հաստատվում է Սեբաստիա քաղաքում: Կարինում մնում է գիշերօթիկ բաժինը: Գոյության 30 տարիների ընթացքում Սանասարյան վարժարանում ուսանել է մոտ 1000 աշակերտ:

Սանասարյան վարժարանի գոյությունն ընդհատվեց 1915 թ.: Նրա սաները եղեռնի զոհ գնացին, իսկ վարժարանի ողջ գույքը թալանվեց, ավերվեց: 1919 թ. հուլիսի 23-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հենց Սանասարյան վարժարանի շենքում գումարեց քեմալական շարժման առաջին համագումարը, իսկ թե շարժումն ինչ նշանակություն ունեցավ Թուրքիայի համար և ինչ հետևանք հայության համար, հայտնի է: Այժմ Կարինի Սանասարյան վարժարանի շենքում Աթաթուրքին նվիրված թանգարան է գործում:

Մկրտիչ Սանասարյանը մահկանացուն կնքեց 1889 թ. Փարիզում: Նրա զմռսած դին տեղափոխվեց Թիֆլիս ու ամփոփվեց մայր եկեղեցու բակում: Նա իր ողջ ունեցվածքը կտակել էր հոգեզավակին՝ Կարինի Սանասարյան վարժարանին: Ի հիշատակ մեծ հայորդու՝ «Մերկուրի» շոգենավային ընկերության նավերից մեկն անվանվեցին «Մ.Սանասարյան»: Իսկ 1894 թ. կանգնեցված մահարձանի վրա փորագրված է ոչ թե մեծ հայորդու, այլ նրա բացած վարժարանների անունները:

Վահե Լոռենց





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: