Հայերեն   English   Русский  

​Բացասականը դիպչում է Հրաչուհի Ութմազյանի ապակուն և հետ շրջվում


  
դիտումներ: 5220

Հրաչուհի Ութմազյանը ծնվել է 1986 թ. հունիսի 26-ին, Երևանում: Հաղորդավար Հրաչուհի Ջինանյանի թոռն է, դերասան Արթուր Ութմազյանի դուստրը:

2003 թ. ավարտել է Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 2003-09 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան: 2004-09 թթ. աշխատատել է «Նոր ալիք», այնուհետ` «Արարատ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և խմբագիր: 2009-10 թթ. աշխատել է ATV հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, խմբագիր և հեռուստաընկերության միջազգային կապերի պատասխանատու: 2010-ից հանդիսանում է «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը:

- Ասմունքող, խմբագիր, հաղորդավար… Ո՞րն է Հրաչուհի Ութմազյանի էությունը:

- Իրականում դժվար է ընտրություն կատարել այդ երեքի միջև: Արդեն երեք տարի է` «Կոսմոպոլիտան» ամսագրի գլխավոր խմբագիրն եմ: Իսկապես երջանկություն է, երբ կարողանում ես քեզ գտնել երեք միջավայրում, որտեղ հնարավորություն ունես ինքնարտահայտվելու, ինչ-որ բան տալու հանդիսատեսին, հեռուստադիտողին և ընթերցողին:

- Բայց մասնագիտությամբ դիվանագետ եք, ինչպե՞ս դարձաք գլխավոր խմբագիր:

- Երբևէ չեմ մտածել, որ մի օր կշարունակեմ պապիկիս գործը՝ դառնալով «Կոսմոպոլիտանի» գլխավոր խմբագիրը: Թեպետ մինչ այդ, բացի հաղորդավարությունից, տասը տարի խմբագիր եմ աշխատել տարբեր հեռուստահաղորդումներում: Այնպես որ, տեքստի վրա աշխատելն ինձ համար նորություն չէր: Բայց դառնալ միջազգային բրենդի, այն էլ առաջին միջազգային բրենդի գլխավոր խմբագիրը ՀՀ-ում, իհարկե, մեծ փորձություն էր ինձ համար:

- Ինչո՞վ կզբաղվեք մոտ կամ հեռու ապագայում, կհրաժարվե՞ք արդեն ընտրած մասնագիտություններից:

- Գերադասում եմ ապրել այսօրվա օրով, որպեսզի վաղը ժպիտով հետ նայեմ: Չգիտես, թե վաղը ինչ է լինելու: Ներկա պահին ինձ շատ լավ եմ զգում, բայց երբեք «ոչ» չեմ ասում: Եթե նորն ինձ կհամապատասխանի և որոշակի եզրեր կգտնեմ, ապա, իհարկե, այն կընդունեմ:

- Վախ, անհանգստություն կա՞ր նոր պաշտոնը ստանձնելուց առաջ:

- Իհարկե: Կար վախ, որ չի ստացվի, մեծ պատասխանատվություն էր: Շատ մտածելուց նույնիսկ մոտ յոթ կիլոգրամով նիհարել էի. չէի քնում, ուտելու ախորժակ չունեի և միայն աշխատում էի: Սակայն երբ մեկնեցի Նյու Յորք և ներկայացրեցի աշխատանքս, այն գրեթե փոփոխության չենթարկվեց: Հենց այդ ժամանակ հասկացա, որ ամեն ինչ կարգին է: Բայց ժամանակն իր խոսքն ասաց: Բացի այդ, ունենք հիանալի թիմ, որն ինձ սատար կանգնեց, և առանց այդ թիմի դժվար թե կարողանայի այդպիսի հաջողության հասնել:

- Որո՞նք են գլխավոր խմբագրի ամենօրյա աշխատանքի դժվարությունները:

- Խմբագրի աշխատանքը հաճելի է, որովհետև խաղում ես բառերի հետ: Միևնույն ժամանակ այն մեծ պատասխանատվություն է, որովհետև մեկ բառի փոփոխությունից կարող է ամբողջ իմաստը փոխվել: Իհարկե, դժվարություն կա ամեն ինչում: Մեր լեզվի դեպքում այդ խնդիրը մեծ է, քանի որ խոսակցական և գրական հայերենի անջրպետը զգալի է, ինչն էլ դժվարացնում է աշխատանքը:

- Հասցնո՞ւմ եք բոլոր հոդվածները կարդալ:

- Իհարկե: Պարտավոր եմ դա անել: Իմ մեկ օրը կարող է հագեցած լինել տարբեր ծրագրերով, հանդիպումներով, ժողովներով, մի քանի օր էլ կարող է կենտրոնանամ տեքստերի վրա: Ութ ժամն իմ աշխատանքի նվազագույնն է, շատ եմ աշխատում, քանի որ «Կոսմոպոլիտանը» չի սահմանափակվում միայն ամսագրի աշխատանքով: Մենք մեկուկես տարի ունեցանք «Կոսմիկ շոու» հեռուստածրագիրը, որն այժմ փակվել է, ունենք կայք, տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, և արդեն մեր հրատարակչատունը ՀՀ-ում ներկայացնում է «Ֆորբս» ամսագիրը: Աշխատանքը շատ շատ է, սակայն երբ սիրում ես աշխատանքդ` ստիպված չես աշխատում: Այն ինձ համար ուղղակի կենսակերպ է: Բայց, իհարկե, լինում են պահեր, երբ հոգնում եմ:

- Ի՞նչ եղավ այդ «Կոսմիկ շոու» հաղորդումը:

- Այս պահին հաղորդումն առցանց է: Կարող եք այն you tube-ով դիտել: Իմ որոշումն էր փակել հաղորդումը, առայժմ դադար եմ վերցրել, քանի որ չեմ սիրում անընդհատ լինել մարդկանց աչքի առջև: Դա կարող է հոգնեցնել նրանց: Տեսնենք՝ հետագայում ինչ ծրագրեր կպատրաստենք: Դադար վերցրեցի, գուցե մինչև գարուն, որպեսզի ամբողջովին կլանվեմ «Կոսմո» ամսագրի աշխատանքներով :

- Հաշվի՞ եք նստում շրջապատի հետ: Մի ժամանակ ասել եք, որ թքած ունեք շրջապատի կարծիքի վրա: Հիմա՞ էլ եք այդպես մտածում:

- Ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք: Դա ուղղակի հերյուրանք էր: Մի պահ մտածեցի՝ արժի արձագանքել, բայց հետո հասկացա, որ նման հերյուրանք տարածողներն ուղղակի արժանի չեն իմ արձագանքին: Իրականում դա իմ հաղորդումից վերցված, խեղաթյուրված և կտրտված բառեր էին: Խոսքը բարձրակրունկ կոշիկների մասին էր: Իմ հյուր և շատ լավ ընկեր Արթուր Զաքարյանը հաղորդման ժամանակ ասաց, որ սիրում է, երբ կանայք բարձրակրունկ կոշիկներ են հագնում: Իսկ ես պատասխանեցի, որ եթե հոգնած և ստիպված լինեմ բարձրակրունկ կոշիկ հագնել, թքած կունենամ, թե, դուք` տղամարդիկ, ինչ կմտածեք, միևնույն է, ես իմ սանդալները կհագնեմ: Իհարկե, միանգամից համացանցում տարածվեց՝ իբր Հրաչուհին թքած ունի հասարակության կարծիքի վրա: Բայց եթե ես թքած ունենայի հասարակության կարծիքի վրա, այդքան բծախնդիր չէի վերաբերվի յուրաքանչյուր աշխատանքին: Հարգում եմ իմ ընթերցողին, հեռուստադիտողին ու հանդիսատեսին: Ըստ էության՝ այն, ինչ անում ենք, անում ենք մարդկանց համար: Մեզ շրջապատող մարդկանց սերն է մեզ անուն, ճանաչում բերում: Հատկապես շատ ցավալի էր տեսնել այդ նյութի տակ թողած մեկնաբանությունները: Այդ պահից հասկացա, որ աշխարհում կան շատ չար մարդիկ, բայց այդ չարությունն առաջին հերթին նրանց է վնասելու, ոչ թե ինձ: Թող յուրաքանչյուր ոք նայի իր գործին, իսկ ինձ սիրող և գնահատող մարդկանց շատ շնորհակալ ու երախտապարտ եմ:

- Ի՞նչն է ձեզ ոգեշնչում:

- Տարբեր են ներշնչման աղբյուրները: Օրինակ՝ դահլիճում նստած հանդիսատեսի արցունքոտ աչքերը, ծափահարությունները, գուցե մեկ հոգոցը կամ լռությունը, ընթերցողների արձագանքը՝ նամակները, որոնք ստանում եմ ամսագրի հասցեով, փողոցում բարևող տատիկն ու պապիկը, երեխան և այլն: Այլ կերպ հնարավոր չէր լինի շարունակել աշխատանքս:

- Ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանց մեծամտությանը:

- Ուղղակի չեմ արձագանքում: Վստահությունը վատ բան չէ, բայց մեծամտությունն այլ հարց է: Մեծամտությունը, ինքնահավանությունը կապում եմ ինտելեկտի բացակայության, դատարկության հետ: Ինձ համար որքան վտանգավոր է ինքնավստահ, այնքան էլ վտանգավոր է անինքնավստահ, կծկված մարդը:

- Բայց տղամարդիկ կարող են վախենալ ուժեղ ու վստահ կանանցից:

- Թույլ տղամարդիկ շատ բաներից կարող են վախենալ…

- Ամսագրի էջերում ներկայացնում եք նաև թրաֆիքինգի վտանգների մասին իրազեկող հոդվածներ:

- Այո, մենք գրում ենք միայն կանանց մասին: Ուստի առաջնահերթ ենք համարում իրազեկել ընթերցողին՝ կնոջը, բռնության, թրաֆիքինգի, առողջական խնդիրների մասին: Սա մեծ ծրագիր է և հուսանք՝ կշարունակվի նաև եկող տարի, քանի որ դրա շրջանակներում հանդիպումներ ենք ունենում մարզերում, և ոչ միայն: Ինձ համար թրաֆիքինգը, բռնությունը կարևոր թեմաներ են, ուզում եմ հայ կնոջը տեսնել ուժեղ, ավելի վստահ: Հայ կինն իրականում շատ ուժեղ է, բայց դրա մասին չգիտի, նա ուղղակի վստահ չէ սեփական ուժերի վրա: Փորձում ենք օգնել ազատվելու այդ թերարժեքության զգացումից: Եկեք շիտակ խոսենք, իրականում կանայք են տղամարդկանց առավելություն տալիս:

- Մայրերից սկսած…

- Այո: Բայց եթե տղամարդիկ ունկնդրեն և ակնդրեն իրենց կողակցին, ոչ թե ինքնահաստատվեն կնոջ հաշվին, շատ ավելի մեծ հաջողությունների կհասնենք: Կինը պետք է ունենա իր իրավունքը, քանի որ ավելի շատ կանայք են ենթարկվում բռնության:

- Հաջողության ճանապարհը ո՞րն է:

- Չհանձնվել և ինչ անում ես, անես սիրով: Եթե նույնիսկ փակվում է մի դուռ, ուրեմն մտածիր, որ դա հօգուտ քեզ է, և շուտով մեկ այլ դուռ կբացվի:

- Կենդանակերպով խեցգետին եք, ինչպե՞ս եք հաղթահարում նրբազգացությունը:

- Բավականին բարդ է: Երբեմն ինձ թվում է, թե ապրում եմ առանց մաշկի: Այնուամենայնիվ, փորձում եմ որքան հնարավոր է ինձ «ապակու» մեջ դնել և թույլ չտալ, որ բացասականը գա և դիպչի ինձ: Իրականում տեսնում եմ, թե ինչպես է այն բախվում այդ «ապակուն» և հետ շրջվում: Դա է, թերևս, անցանկալիից պաշտպանվելու միակ ձևը: Պարզապես պետք է ինքդ քեզ հղկես, քանի որ ուրիշը քո փոխարեն դա չի անի:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: