Հունահռոմեկան ոճի ըմբիշները Սոֆիայից վերադարձան 6 մեդալով
Բուլղարիայի ըմբշամարտի պատմության լեգենդներ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի 53-րդ հուշամրցաշարում իրենց բարձր կարգը հաստատեցին աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:
Մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկած Արսենը հինգ հաղթական գոտեմարտն էլ անցկացրեց տանտերերի հետ: Եզրափակչում նա 2:0 հաշվով առավելության հասավ Իլյա Գեորգիևի նկատմամբ: Ի դեպ, նույն քաշային կարգի քառորդ եզրափակչում հանդիպեցին նաև Կարապետ Չալյանը և Վարշամ Բորանյանը: Չալյանը հաղթեց թիմակցին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց բուլղարացի Իլիան Գեորգիևին: Կարապետը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Նա, 3:0 հաշվով պարտության մատնելով թուրք Սերեֆ Թուֆենկին, նվաճեց բրոնզե մեդալ:
Հավելենք, որ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանին շնորհվեց նաև մրցաշարի լավագույն արտասահմանցի մասնակցի համար սահմանված հատուկ մրցանակը:
98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, հաղթելով 4 գոտեմարտում, դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը 6:0 հաշվով հաղթեց իտալացի Դաիգորո Տիմոնչինիին:
Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայր Ռաֆայել Ալեքսանյանը շատ մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն: Հասնելով մինչև 71 կգ քաշային կարգի եզրափակիչ` նա 0:4 հաշվով պարտվեց Իրանը ներկայացնող Բյաբանգարդ Աֆեշին:
Արծաթե մեդալով բավարարվեց նաև 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նա ևս որոշիչ մրցամարտում պարտվեց իրանցի մարզիկի:
80 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալ նվաճեց Էդուարդ Սարգսյանը: Նա բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Եգիպտոսը ներկայացնող մարզիկին:
Նշենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները երկրորդ տարին անընդմեջ հրաշալի են հանդես գալիս ամենամյա «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» մրցաշարում: 2014-ին մեր ըմբիշները նվաճել էին 3 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ: Ստուգատեսին մասնակցում էին 26 երկրների 300 մարզիկ-մարզուհիներ:
Ուշագրավ է, որ Ծաղկաձորում մայիսի 13-27-ը կայանալիք հավաքին մասնակցելու են նաև Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի 40-ից ավելի ըմբիշներ:
Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ