Հայերեն   English   Русский  

«Ռենշինը» չի կատարել Հանրային խորհրդում տված խոստումը


  
դիտումներ: 1552

Քաղաքի սրտում՝ Կարապի լճի հարևանությամբ գտնվող երկհարկանի բնակելի շենքն արդեն մի քանի ամիս է՝ հանրային ուշադրության կենտրոնում է: Թումանյան 25 հասցեում գտնվող հին երևանյան կառույցը ցանկանում են քանդել՝ պատճառաբանելով, որ այն համահունչ չէ շրջակա միջավայրին: Փոխարենը նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր:

Գաղափարը կյանքի կոչելու նպատակով Երևանի քաղաքապետարան է դիմել «Ռենշին» ընկերությունը՝ առաջարկելով տվյալ հասցեի գույքը ճանաչել բացառիկ գերակա շահ և թույլ տալ իրականացնել հյուրանոցային ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լիովին համամիտ լինելով, որ Թումանյան 25 հասցեի շենքը «չի ձուլվում» ընդհանուր միջավայրին, անմիջապես անցել է գործնական քայլերի՝ դիմելով ՀՀ կառավարություն, որպեսզի «Ռենշինի» հետ համապատասխան գործընթացն իրականացնելու համաձայնություն ստանա: Համաձայնությունն արդեն կա, մնում է, որ կառավարությունը Թումանյան 25 հասցեն ճանաչի գերակա հանրային շահ, իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Թումանյան 25

Ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ, եթե շենքում չապրեր 8 ընտանիք, 8-ն էլ՝ հնաբնակ: Այդ ընտանիքները չեն պատրաստվում լքել իրենց ծննդավայրն ու բնակարանները և չեն հասկանում, թե ինչ կապ ունի հյուրանոցային համալիրի կառուցումը հանրային շահի հետ, բացի այդ, մինչ օրս ոչ ոք իրենց հետ չի փորձել բանակցել ու լսել իրենց տեսակետը: Ընդհակառակը, այս ամիսների ընթացքում նրանք հասկացել են, որ ավելի շուտ կհամալրեն հանրային գերակա շահի զոհերի ցանկը, քան իրենց ձայնը լսելի կդառնա:

Բնակիչները դիմել են պետական ու հասարակական տարբեր կառույցների: Հարցը հասել է նաև Հանրային խորհուրդ, որտեղ մարտի 26-ին առաջին անգամ շահագրգիռ բոլոր կողմերը՝ բնակիչները, Երևանի քաղաքապետարանի, պետական այլ կառույցների, ինչպես նաև «Ռենշինի» ներկայացուցիչները, փորձել են լսել իրար ու հասկանալ խնդրի բոլոր կողմերը:

Հենց այդ քննարկման ժամանակ էլ «Ռենշինի» տնօրեն Էդուարդ Մարությանը հրապարակավ խոստացել է, որ մոտ 10 օրից իրենք բնակիչներին կներկայացնեն հստակ առաջարկներ. «Գուցե համաձայնեն, գուցե ոչ, չենք կարող ասել: Բայց մենք որևէ վատ բան չենք փորձում անել քաղաքի համար»,- նշել է Մարությանը:

Թումանյան 25

Անցել է արդեն մեկուկես ամիս, բայց «Ռենշինի» տնօրենն իր խոստումն այդպես էլ չի կատարել: Իսկ բնակիչներն անորոշության մեջ սպասում են, թե երբ են իրենց դուռը թակելու և ասելու, որ այս բնակարաններն այլևս իրենցը չեն:

Թումանյան 25-ի բնակիչներից մեկը՝ Վիկտոր Ղազարյանը, «Անկախի» հետ զրույցում ասաց` տեղեկություն ունեն, որ քաղաքապետարանն արդեն դիմել է ՀՀ կառավարություն Թումանյան 25-ի տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու համար, և շուտով հարցը կառավարությունում դրվելու է քննարկման: «Եթե առաջ «Ռենշինից» գոնե մեկ-մեկ գալիս-գնում էին, ինչ-որ բրոկերներ էին բերում և այլն, հիմա ոնց որ ընդհատակ անցած լինեն: Էնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանը նրանց ասել է՝ դուք գործ չունեք, բզեզի բունը մի քանդեք, մենք մեր գործը լավ գիտենք»:

Վիկտոր Ղազարյանը կարծում է, որ բնակիչներին կլսեն միայն այն ժամանակ, երբ հանրային գերակա շահի վերաբերյալ որոշումն արդեն ընդունված կլինի. «Դե պարզ է, արդեն վստահ կգան մեզ մոտ, ու այդ ժամանակ ինչ էլ առաջարկեն, մենք պետք է համաձայնենք, քանի որ ուրիշ ճար չունենք: Դա փորձված գործելաոճ է: Ընդհանրապես գերակա հանրային շահը շատ ձեռնտու տարբերակ է կոպեկներով տարածք ձեռք բերելու համար: Իսկ եթե հանկարծ բնակիչները դիմում են դատարան, պարզ է՝ պարտվում են: Հնարավոր է, որ դրանից հետո դիմեն Եվրադատարան, բայց մինչև Եվրադատարանը հարցն ուսումնասիրի, սեփականատերերն արդեն կկորցնեն իրենց գույքը, շենքն էլ կքանդվի: Իսկ եթե ի վերջո բնակիչները Եվրադատարանում շահեն, փոխհատուցումը կտա ոչ թե այդ ընկերությունը, այլ հանրությունը՝ պետական բյուջեից: Ձևը լավ սովորել են, շատ հետաքրքիր մեխանիզմ է և Հայաստանում լավ գործում է»:

Բնակիչն իր վրդովմունքն է հայտնում ոչ միայն «Ռենշինի», այլև պետական բոլոր կառույցների նկատմամբ: «Մեզ ոչ ոք կարծես բանի տեղ չի ուզում դնել: Մեր դիմումներին ինչ-որ անհեթեթ պատասխաններ են տրվում, որոնք չեն փարատում մեր մտահոգությունները: Ախր էս ամեն ինչն էնքան անօրինական է, որ անգամ չգիտեն, թե մեզ ինչ բացատրեն»:

Թումանյան 25

Ասում է, որ հանրապետության նախագահից սկսած ու պատգամավորներով վերջացրած` բոլորին դիմել են, սակայն ամենաշատը վիրավորված են իրենց տարածքի պատգամավոր Գարեգին Նուշիկյանի անտարբերությունից, որն անգամ հարկ չի համարել պատասխանել իրենց նամակին:

«Մենք չենք պատրաստվում լքել մեր բնակարանները: Եթե առաջ ինչ-որ չափով հնարավոր համարում էինք բանակցելը, լսելը, թե մեզ ինչ կառաջարկեն, միգուցե շահագրգռող ինչ-որ բան լիներ և այլն, հիմա մեզ էսպես բանի տեղ չդնելով, այս գործելաոճով` ոչնչի չեն կարող հասնել, մենք պայքարելու ենք մինչև վերջ, հանձնվել չկա»,- ասում է նա:

Նշենք, որ «Ռենշին» ընկերությունը տվյալ հասցեի մոտ 40 տոկոսի սեփականատերն է: Երկհարկանի շենքի ողջ առաջին հարկը՝ մոտ 360 քմ, պատկանում է այդ ընկերությանը, որը տարածքը ձեռք է բերել վերջերս: Բայց, ի տարբերություն երկրորդ հարկը զբաղեցնող բնակիչների, ընկերությունը մատը մատին չի խփել իր տարածքը բարեկարգելու համար, մինչդեռ բնակիչներն իրենց ջանքերով բարեկարգել են ու այսօր էլ շարունակում են բարեկարգել շենքն ու հարակից տարածքը:

Թումանյան 25

Ի դեպ, շենքը խորհրդային տարիներին ներառված է եղել պատմա-մշակութային հուշարձանների ցանկում, սակայն անկախությունից հետո, երբ հուշարձանների ցանկը թարմացվել է, շատ այլ շենքերի պես սա էլ չի ներառվել ցանկում: Անկախ դրանից, շենքն ունի հիանալի տեսք, և որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել, որ այն համահունչ չէ շրջակա միջավայրին կամ անմխիթար վիճակում է: Ընդհակառակը, իր շուրջը Հյուսիսային պողոտայի վեր խոյացած բարձրահարկ շինությունների կողքին այն մի գողտրիկ հիշողություն է հին Երևանի մասին, և այն ջնջելով՝ ջնջում ենք նաև մեր քաղաքի պատմությունն ու մշակույթը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: