Հայերեն   English   Русский  

​Լեռնալիբանանի երկու հայ կուսակալները. Կարապետ Արթին փաշա Դավուդյան և Հովհաննես փաշա Կույումճյան


  
դիտումներ: 2319

XIX դարասկզբին սուլթանական պալատը հասկացավ, որ արտաքին քաղաքականության ասպարեզն արմատական փոփոխությունների ու նոր մոտեցումների շտապ կարիք է զգում: Նրանք ստիպված էին հրաժարվել եվրոպական երկրների նկատմամբ մեծապետական ու առավելություններ ունեցողի կեցվածքից և պատրաստ լինել գոնե հավասարը հավասարի նկատմամբ գործելակերպի:

1846 թ. Աբդուլ Մեջիդի օրոք Ստամբուլում հիմնվեց համալսարան, որը պիտի ապագայի համար դիվանագետներ պատրաստեր: Իսկ մինչ այդ օսմանյան դիվանագիտական կորպուսի համար անհրաժեշտ հզոր բանակ կարող էր տրամադրել միայն Պոլսի հայ կրթյալ գաղութը: Եվ այս հանգամանքը փրկարար օղակ դարձավ կայսրության համար անելանելի թվացող ժամանակաշրջանում:

Թուրք գիտնականներից Մուրադ Գորալթուրքը, ի պատասխան այն հարցին, թե առանց տնտեսական ու ֆինանսական հիմքի, առանց արդյունաբերության ինչպես է, որ Օսմանյան կայսրությունը չի փլուզվել, ասել է, թե` «եթե ազգային փոքրամասնությունները չլինեին, Օսմանյան կայսրությունը շատ ավելի վաղ կփլուզվեր» («Սուրբ Փրկիչ» ամսաթերթ Ազգային հիվանդանոցի, Ստամբուլ, 2002, փետրվար, էջ 17):

XIX դարը հայերի համար եղավ երկրի կառավարության տարբեր բնագավառներում, վարչական ասպարեզում, իրավական կյանքում որոշակի դեր խաղալու և բարձր աստիճաններ գրավելու ժամանակաշրջան: Հայերը ճանաչվեցին եվրոպական ամենաբարձր մակարդակներում, թագավորական տներում ու արքունիքներում, գիտական ու մշակութային տարբեր ասպարեզներում` արժանանալով այդ երկրների տիրակալների ու կառավարությունների, տարբեր հաստատությունների մեծագույն պարգևներին ու ակնածանքին:

Սուլթանները հիմնականում նրանց հարստությանը չեն խանդել` համոզված լինելով, որ անհրաժեշտության դեպքում այն անպայման կծառայի կայսրությանը: Պալատն ունեցել է հայազգի վեզիրներ, ծովակալներ, հայազգի զորավարներ, թող որ մի մասը՝ դևշիրմեի (մանկահավաքների) արդյունք: Հայերը գրավել են հնարավոր բարձր պաշտոններ, անգամ մինչև վեզիր, մեծ եպարքոս, կարևորագույն գավառների կառավարիչներ, հավակնել նույնիսկ խտիվության (Եգիպտոսի փոխարքա): Նրանք լծվեցին այս առաքելությանը` ծառայելով ոչ թե որպես զուտ օգնական օղակներ, այլ գործունեության կարևոր ու հիմնական ծանրությունն ապահովող լծակներ: Իսկ որևէ դիվանագիտական ներկայացուցչության կազմ անհնարին էր պատկերացնել առանց հայազգի պաշտոնյայի: Սա անհերքելի փաստ է: Փաստ է նաև, որ շատ քիչ բացառությամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների ու նախարարությունների հիմնական աշխատուժը եղել են հայերը, և նրանց ուսերին է եղել ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը:

XIX դարում Օսմանյան կայսրության դիվանագիտական արտաքին ու ներքին կորպուսի, տարբեր նախարարություններում կարևորագույն պաշտոններ ունեցող հայազգի գործիչների մի որոշակի մասը, նաև արտասահմանում եղած ժամանակ, հարել են ֆրանսիական ու շոտլանդական օթյակներին, չեն թաքցրել այդ փաստը, լուսանկարներում մի քանիսն անգամ եղել են մասոնական հագուստներով ու խորհրդանիշներով: Որքան էլ որ տխուր է, պետք է խոստովանել, որ մեր նյութի հերոս երևելի հայերը չեն կարողացել ճանաչել ու գնահատել դիմացինի իրական դիմագիծը և ըստ այդմ կանխատեսել իրավիճակները: Նրանք հիմնականում ռոմանտիկ են եղել, վեհ գաղափարների կրողներ ու զարմանալիորեն շուտափույթ գերի են դարձել առաջադիմական հովերին, տարվել դրանցով ու հավատացել, թե լուսավորական, եվրոպական առաջադեմ գաղափարները գնահատողներն ու կրողները կարող են իսկապես եղբայրներ լինել՝ անկախ դավանանքից, անկախ երկրում տիրող իրավիճակից: Այդ մարդիկ, որ սերուցքն են կազմել ազգի, փարվել են ամեն մի առիթի, որը երկրին ու այնտեղ ապրող ազգերին, մասնավորապես` հայերին մարդկային արժանապատիվ ապագա կխոստանար, ավելի ուշ՝ գուցե նաև ազատություն:

Մինչ հայ երևելիներն ու մտավորականները «եղբայրություն էին» խաղում ֆրանսիական ու շոտլանդական վարագույրներով բեմում, 1910 թ. հոկտեմբերին Սելանիկում տեղի ունեցող իթթիհադականների կոնգրեսում մեծամասնության կողմից ընդունվում է «Թուրքիան թուրքերի համար» նշանաբանով գաղտնի որոշումների շարքը:

***

Այնուամենայնիվ, ովքե՞ր էին հայազգի նշանավոր դիվանագետները, վարչական ասպարեզն իրենց ուսերին տարած պաշտոնյաները:

Կարապետ Արթին փաշա Դավուդյանը (Դավուդ փաշա, կաթոլիկ, 1816-1873) առաջին քրիստոնյան է, որ հասել է մարշալի բարձր աստիճանի: Թուրքական դիվանագիտության մեջ նա կարևոր դեր խաղացած երևելի անձանցից է եղել: Կրթությունը ստացել է Պոլսում, ապա՝ Բեռլինում: 24 տարեկանում (1840 թ.) ծառայել է Բեռլինի թուրքական դեսպանատանը որպես քարտուղար և թարգմանիչ: Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում, դեսպանություններում կարևոր պաշտոններ է վարել` վայելելով մեծ հեղինակություն: 1850 թ. Օսմանյան կառավարության ներկայացուցիչ է ընտրվել Վիեննայի դեսպանատանը: Եղել է դեսպան Վիեննայում: 1859 թ. տնօրինել է Գրաքննության վարչությունը, 1860 թ.՝ հեռագրական վարչությունը: 1856 թ. ավստրիական կառավարության կողմից ստացել է Franջois Joseph-Commandeur-ի 2-րդ աստիճան, Բավարիայից՝ 3-րդ աստիճանի Bavaria խաչ և Վուրդենբուրգից՝ Wurdenberg 3-րդ աստիճանի խաչ: 1859 թ., երբ աշխատում էր որպես գրաքննության բաժնի տնօրեն և կառավարության առաջին թարգման, Շվեդիայի թագավոր Օսկարից ստանում է առաջին աստիճանի Kızıl Kutup Yıldızı (Հյուսիսային բևեռի աստղ) շքանշան: 1867 թ. Նապոլեոն Գ կայսեր կողմից արժանացել է Chevalier de l’Egion d’Honneur շքանշանի: Հռոմի պապը նրան շնորհել է Chevalier de St. Grռgoire ասպետության առաջին կարգի շքանշան: Օսմանյան կառավարության կողմից ստացել է ականակուռ մեծ Nişan-ı OsmanՏ:

1860 թ. Լիբանանում դրուզ-մարոնիական բնակչության կրոնադավանաբանական առանձնահատկությունների և նրանց միջև թշնամության ու հակամարտությունների վերընթաց զարգացումն իր հանգուցալուծումը գտավ 1861 թ. Լիբանանի նոր՝ Օսմանյան կայսրության կազմում մութասարիֆության՝ ինքնավար կարգավիճակի հաստատումով, Լեռնալիբանանի սահմանադրությամբ։ Մարոնիներին հովանավորում էր Ֆրանսիան, իսկ դրուզներին՝ Մեծ Բրիտանիան։

Քաղաքական ահռելի գիտելիքների պաշար ունեցող այս մարդուն, կայսրության կարևորագույն տեղերում պաշտոնավարելուց հետո, եվրոպական հինգ մեծ երկրների և Օսմանյան կայսրության համատեղ կազմված հանձնաժողովը 1861 թ. Լիբանանի և Սիրիայի ինքնավար մարզերի ընդհանուր կառավարիչ (կուսակալ) է նշանակում՝ վեզիրի և փաշայի տիտղոսներով (1861-1868): Նրան շնորհվել է մյուշիրի (մարշալի) կոչում:

Ազգամիջյան բախումների բուռն շրջան ապրող Լիբանանում Դավուդյանը վարել է կրոնական հակամարտությունները նվազագույնի, իսկ տնտեսական, առևտրական, մշակութային ոլորտներն առավելագույն զարգացման հասցնելու քաղաքականություն: Իր կուսակալության շրջանում նա փորձել է Լիբանանը և Կիլիկիան որպես միացյալ քրիստոնեական կիսանկախ պետություն հաստատել: Նա տեղացիների կողմից մեղադրվել է «հայկական պետություն հիմնելու» և Լիբանանը հայացնելու մտադրության մեջ:

1868 թ. Կարապետ փաշա Դավուդյանին վստահվում է փոստ-հեռագրական, նաև Օսմանյան կայսրության հասարակական կառույցները ղեկավարող հանրօգուտ շինությանց նախարարի պաշտոնը: 1866 թ. նա շաքարի ֆաբրիկա է հիմնում Ստամբուլում և Իզմիրում: Նրա գործունեության հաջողություններից մեկն էլ կայսրության եվրոպական ու ասիական մասերն իրար կապող Ռումելիի երկաթգծի շինարարությունն է, որի նշանակությունը երկրի տնտեսական կյանքում բացառիկ եղավ: Նրա առաջին գործն է լինում հնարավորություններ ստեղծել Ռումելիի երկաթուղու շինարարությունն իրագործելու համար: 1868 թ. Փարիզ և Վիեննա պետական բանակցությունների, այցելությունների արդյունքում հաջողել է կնքել Ռումելիի երկաթուղու կառուցման պայմանագրերը։ Դրա համար ստացել է առաջին աստիճանի OsmanՏye և MecidՏye շքանշաններ։ 2000 կմ երկարություն ունեցող այդ երկաթգծի ստեղծման համար բարոն Հիրշի հետ միասին 1870 թ. հիմնադրում է «Օսմանյան ընկերությունը»։ 1871 թ. այս պաշտոնը Դավուդ փաշայի չափազանց հոգնածության պատճառով փոխանցվում է Քաբուլի փաշային: Հիվանդության պատճառով հանգստյան է նա կոչվել, Սաքըզ կղզի մեկնել, ապա՝ ֆրանսիական Բեառից քաղաքը, ուր և 1873 թ. կնքել է իր մահկանացուն:

Կարապետ Դավուդյանը հին գերման ցեղերին նվիրված իր ուսումնասիրության համար ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ և Գերմանիայի կանցլերից ստացել հատուկ մրցանակ:

Դավուդյանները մեծ աքսորի ժամանակ առաջին աքսորվողներից են եղել:

Երախտապարտ լիբանանցիները նրա հիշատակը հավերժացրել են՝ Բեյրութի փողոցներից մեկը Դավուդ փաշայի անունով կոչելով:

***

Լեռնալիբանանի մյուս հայազգի կառավարիչը եղել է այդ երկրում բազմաթիվ բարենորոգումների հեղինակ Հովհաննես փաշա Կույումճյանը (1858-1933): Պետական խորհրդի այս անդամը ևս ունեցել է մարշալի կոչում: Կրթությունը ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում և Փարիզում, Հիսուսյան ուխտին պատկանող հռչակավոր Vaugirard հաստատությունում: Պոլիս վերադառնալով` կարևոր պաշտոններ է վարել արտգործնախարարությունում: 1894 թ. Հովհաննես Կույումճյանը նշանակվել է Հռոմում օսմանյան դեսպանատան Ա քարտուղար, 1899-1908 թթ. երկու անգամ՝ որպես ժամանակավոր հավատարմատար: 1905 թ. ստացել է իտալական 3-րդ աստիճանի Croix (խաչ): Այդ տարիների համար սուլթանից ստացել է 3-րդ աստիճանի OsmanՏye և 4-րդ ու 2-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ շքանշաններ: 1908 թ. վերադարձել է Պոլիս, ընտրվել Պետական խորհրդի անդամ, փոխարտգործնախարար: 1912 թ. ստացել է «Վեզիր» ու «Մյուշիր» (մարշալ) աստիճանները, փաշայի տիտղոս: Ստացել է 4-րդ աստիճանի Nişan-ı MecidՏ, UlՉy-ի աստիճան: 1910 թ. սուլթանը նրան ուղարկել է Բելգիայի թագավոր Ալբերտին անձամբ նվիրելու Hanedan-ı Osman-i շքանշանը: Այս առթիվ կայսրը նրան նվիրել է առաջին աստիճանի Leopolde շքանշան: Վեզիրի և մարշալի աստիճանով Լիբանանի կառավարչի պաշտոն է ստանձնել 1912 թ. դեկտեմբերի 22-ից և 3 տարի (1912-15 թթ.) եղել է Լեռնալիբանանի կառավարիչ:

Պետական խորհրդի այս անդամը, որն ունեցել է «մարշալի» կոչում, Լիբանանում հիշվում է որպես 5 կարևոր բարենորոգումների հեղինակ: Նա այդ երկրի 8 հայազգի կառավարիչներից վերջինն էր: Բուռն պայքար է մղել Լիբանանը քրիստոնեաթափ անել ջանացող ու այդ նպատակի համար ամեն տեսակի խարդավանքների ու զազրախոսությունների դիմող Ջեմալ փաշայի դեմ` վաստակելով ֆրանսիասեր մեղադրանքը: Լիբանանի համար նրա մղած պայքարը եղել է կենաց-մահու գործ: Նա ամեն ինչ արել է այս երկրին ու նրա բնակիչներին խաղաղ կյանք ապահովելու համար:

1915 թ. հուլիսին Բարձր դուռը պաշտոնապես չեղյալ է համարել Լիբանանի առանձնաշնորհյալ կառավարությունը: Հովհաննես Կույումճյանը պաշտոնանկ է արվել: Վերադարձի ճանապարհին նա հայկական Մեծ եղեռնի աղետյալների քարավանների ականատեսն է դարձել: Պոլիս հասնելուն պես նա ընտրվում է Մեջլիսի (Օսմանյան Ծերակույտի) անդամ, սակայն հրաժարվում է պաշտոնից` չցանկանալով առնչություն ունենալ արյունարբու կառավարության հետ: Նա շարունակում է մնալ թուրքական քաղաքականության ամենաերևելի անձանցից մեկը, որին հաճախ քաղաքական խորհուրդների համար դիմել է արքայազնը: Մեծ եպարքոս Քյամիլ փաշան դիմում է Հովհաննես Կույումճյանին, Արամ Երամին և մի քանի երևելի հայերի, որպեսզի մաս կազմեն 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովում թուրքական պատվիրակությանը` ակնկալելով հայկական ցեղասպանության մասին նրանց ժխտողական խոսքը: Հովհաննես Կույումճյանը հայտարարում է, որ չի համագործակցի Հայաստանը գերեզմանի վերածած պետության հետ: Նա հեռանում է երկրից, հաստատվում Հռոմում, ուր և կնքում է իր մահկանացուն:

Պատկառելի հատորներ կարելի է գրել Օսմանյան կայսրության դիվանագիտական ու հյուպատոսական կորպուսի հայազգի երախտավորների մասին: Ավելին, այդ գրքերի հերոսներից առնվազն 100-ն արժանի են առանձին հատորների, ու նրանց գործունեության հիման վրա կարելի է ուսումնասիրել Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականության քարտեզն ու պատմությունը:

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: