Հայերեն   English   Русский  

​Կամազի՚ վարորդն իրեն մասնակի մեղավոր է ճանաչում


  
դիտումներ: 1523

Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատաքննությունն այսօր սկսվեց: Պետմեղադրող, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը հանդես եկավ մեղադրական ճառով, ըստ որի Մանվել Վարդանյանը մեղադրվում է այն բանում, որ աշխատելով ՙԻմԷքս գրուպ՚ ՍՊԸ-ում որպես վարորդ, իրեն ամրացված ՙԿամազ՚ մակնիշի մեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, բախվել ՙԳազել՚ մարդատար մեքենային, ինչի արդյունքում 7 մարդ զոհվել, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մանվել Վարդանյանի կողմից, ըստ մեղադրանքի, 2014թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19:15-ի սահմաններում, ընթանալով Արթիկից դեպի Գյումրի քաղաք՝ Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ ճանապարհահատվածով, խախտվել են ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 96-րդ կետի ձև 1, 2.5 ճանապարհային նշանների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:

ՙԱյն է՝ պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով, ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին՝ անկախ դրանց հետագա երթևեկության ուղղություններից: Ինչպես նաև չի կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ՝ գլխավոր ճանապարհով Երևանից Գյումրի ընթացող Ռազմիկ Համբարձումի Մկրտչյանի վարած ՙՏրանս Ակնթարթ՚ՍՊԸ-ին պատկանող Երևանից Գյումրի թիվ 359 երթուղու ուղևորատար ավտոմոբիլի առկայության պարագայում: Այդ գործողություններով ստեղծել է վթարային իրավիճակ, և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, մուտք է գործել խաչմերուկ և բախվելով նշված ուղևորատար ավտոմոբիլին՝ վթարի ենթարկել: Ուղևորատար մեքենան հրդեհվել է...՚, - մեղադրական ճառում նշեց դատախազ Արտյոմ Ավետիսյանը:

ՙԱյսինքն, Մանվել Վարդանյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով՚, - շարունակում է պետմեղադրողը:
Ամբաստանյալ Մանվել Վարդանյանը լսելով իրեն առաջադրվող մեղադրանքը նշեց, որ իրեն գործով մեղավոր է ճանաչում մասնակիորեն. ՙՃիշտ է, ես պետք է զիջեի ճանապարհը՝ գլխավոր ճանապարհով եկող մեքենային, բայց այնտեղ չկային նաև ճանապարհային նշաններ, լուսավորություն ....՚:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: