Հայերեն   English   Русский  

Գյումրին ու Անդրանիկ Զորավարը


  
դիտումներ: 1329

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Գյումրիում ներկայացրեց Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրության իր մշակումը:

Այս գրքի վերահրատարակությունը նվեր է զորավարի 150-ամյակին: Գրքի շնորհանդեսը Գյումրիում կազմակերպելը բնավ էլ պատահակ չէ. հենց այստեղ 1918-ի գարնանը կազմավորվեց Հայկական առանձին հարվածող զորամասը, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկը: Զորամասը, որ կազմված էր շուրջ 1.500 արևմտահայերից, իր առաջին զորահանդեսը անցկացրեց Ալեքսանդրապոլում:

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Զորավարը իր զինվորների և շուրջ 20.000 արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։

Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։ Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։
Գիրքն արևմտահայերեն է, այնտեղ նաև խոսվում է այնպիսի մեծանուն մարդկանց մասին, ովքեր հսկայական ներդրում են ունեցել Հայաստանում, ինչպես օրինակ Չերազը: Հակոբյանն առաջիկայում գիրքը կներկայացնի նաև արևելահայերենով





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: