Հայերեն   English   Русский  

​Հյուսիս-հարավ ճանապարհը Գյումրիով չի անցնի


  
դիտումներ: 3481

ՙՈրոշակի դժգոհություններ կան Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված, քանի որ այն անցնելու է Գյումրի քաղաքով: Գյումրու քաղաքապետարանի առաջարկությունը մեզ համար ամբողջապես ընդունելի է, քանի որ քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված է շրջանցիկ ճանապարհ: Մենք այդ հարցը կքննարկենք և կաշխատենք կապի ու տրանսպորտի նախարարության հետ՚, - Գյումրիում հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից առաջ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Միջպետական նշանակություն ունեցող M1 ճանապարհը Երևանը կապում է Վրաստանի հետ, այն անցնում է նաև Գյումրի քաղաքով: Կառավարության որոշմամբ նույն ավտոճանապարհը ներառված է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրում, իսկ Գյումրիում այդ ճանապարհն անցնելու էր Երևանյան խճուղի, Տերյան, Նալբանդյան, Շիրակացի, Խորենացի փողոցներով: Սրանք Գյումրու կենտրոնական ճանապարհներն են. ՙՔաղաքի կենտրոնում չի կարող նման բարձր արագություն ապահովող ճանապարհ կառուցվել, բացի այդ, դա ենթադրում է, որ փողոցը պետք է ունենա անվտանգության գոտի՝ մինչև 50մ լայնությամբ, երկու կողմերից՚, - մեկնաբանում է Գյումրու գլխավոր ճարտարապետը: Նրա գնահատմամբ բնակելի քաղաքում նման քայլ կատարել չի կարելի. ՙՈրպեսզի համապատասխանեցնենք այդ չափերին, դա նշանակում է, որ մենք պետք է մեր կառուցապատումը քանդենք: Դա աբսուրդի հասնող գաղափար է՚:

Հենրիկ Գասպարյանը նշում է, որ կառավարության որոշմանը հակադարձ առաջարկով հանդես գալու համար այլ հիմնավոր պատճառներ էլ կան: ՙԳյումրին հատակագծով ունի շրջանցիկ ճանապարհներ: Այսինքն, տրանզիտ մեքենաները Գյումրի քաղաք մտնելու անհրաժեշտություն չունեն: Նրանք պետք է շրջանցեն քաղաքը արևելյան կողմով՝ օդանավակայանի, Ախուրյանի մասով, Քեթի համայնքի մոտ միանան M1 ճանապարհին՚:
Գյումրու քաղաքապետարանն այս հարցի լուծումը հրատապ խնդիր է համարում, քանզի նշված փողոցներում նախկինում հողհատկացումներ են եղել, օբյեկտներ են կառուցվել: Քաղաքի գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ օրերս նախարար Սարգսյանը հավանություն է տվել իրենց առաջարկին. ՙՆախարարն ընդունեց, որ մեր բարձրացրած հարցը հիմնավոր է, ճիշտ է և խոստացավ՝ շատ կարճ ժամկետում այդ հարցն իր լուծումը կստանա՚:
Վերջինիս հաղորդմամբ, Հյուսիս-հարավի շինարարության նախագիծը կազմված է մինչև Երևան-Գյումրի 180-րդ կմ հատվածը, որը Գյումրի քաղաքի մուտքն է՝ ՙՇիրակ՚ օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկ: Իսկ դրանից հետո՝ նախագիծը դեռ պարզ չէ:
Իսկ ի՞նչ կտա Հյուսիս-հարավի կառուցումը Գյումրիին հարցին, Հենրիկ Գասպարյանը պատասխանեց. ՙԱռաջին հերթին՝ քաղաքի տրանսպորտային ցանցը կբեռնաթափվի, 2-րդ՝ որպես արագընթաց ճանապարհ՝ կկրճատվի Գյումրի-Երևան ավտոճանապարհը և 3-րդ, Գյումրին դառնում է մայրուղային ճանապարհին հարող տարածք, իսկ ճանապարհին մոտ գտնվող բնակավայրերը միշտ էլ տնտեսապես առավելագույն պայմաններ ունեցող քաղաքներ են՚:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: