Հայերեն   English   Русский  

12-րդ «Ոսկե ծիրան»-ը ամենասպասվածն է


  
դիտումներ: 1686

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 12-րդ կինոփառատոնն ազդարարեց իր մեկնարկը:

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը եւ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Հարություն Խաչատրյանի համոզմամբ ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրանն» է.

«12-րդ փառատոնը խոստանում է լինել հետաքրքիր, հարուստ ծրագրերվ, աշխարհահռչակ հյուրերով, մրցանակակիր ֆիլմերի երեւանյան պրեմիերաներով, եւ այլն»:

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը:

Լրագրողներին եւ հյուրերին ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝

  • Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)
  • Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
  • «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
  • Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզեւ (Բուլղարիա)
  • Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության եւ ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից):

    12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»:

    «Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երեւանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ եւ Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին եւ կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ:

    Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների եւ կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:

    Փառատոնի օրերին կկայանա նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ, եւ որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով 12 տարի շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հայ կինոսեր հասարակությանը հնարավորություն է ընձեռում զգալու ժամանակի շունչը, տեսնելու համաշխարհային արվեստի զարգացման միտումները եւ ուղղությունները, հաղորդակից դառնալու այլ երկրների մշակույթին:

    Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: