Հայերեն   English   Русский  

​Ֆուտբոլային շաբաթը բարի չէր Հայաստանի ազգային հավաքականի համար


  
դիտումներ: 1096

Շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, հայ մարզասերների ուշադրության կենտրոնում էր ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա երևանյան հանդիպումը: «Եվրո-2016»-ի 5-րդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց ղազախական «Ակտոբեի» պաշտպան Մարկոս Պիզելին: 29-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն 11-մետրանոցով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Չնայած երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները, սակայն 55-րդ րոպեից ամեն ինչ փոխվեց հօգուտ մրցակցի:

Երկրորդ խաղակեսում Ռոնալդուն ևս երկու անգամ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը (55-րդ և 58-րդ րոպեներին): 72-րդ րոպեին Հայաստանի հավաքականից Հրայր Մկոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խաղն ավարտվեց 3:2 հաշվով՝ Պորտուգալիայի հաղթանակով:

Ուշագրավ է, որ խաղից հետո մամուլի ասուլիսի ընթացքում ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Իլիդիո Վալեն նշել է, որ Հայաստանը բարդ մրցակից է, և Պորտուգալիան միշտ էլ Հայաստանի հավաքականի հետ խաղում հարձակվողական ֆուտբոլ է սպասում:

Ինչ վերաբերում է հետ-թրիկի հեղինակ դարձած Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին, ապա հայ երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էին սուլոցներով:

Զարմանալի էր նաև պորտուգալական կողմի որոշումը՝ նախքան Երևան ժամանելը Թբիլիսիում կարճատև ուսումնամարզական հավաք անցկացնելը: Հայաստանում նման որոշումը միանշանակ չընդունվեց: Կրքերն ավելի թեժացրեց այն տեղեկությունը, որ վրացի և ադրբեջանցի ֆուտբոլասերները Թբիլիսիից հաղթանակի մաղթանքով են ճանապարհել Պորտուգալիայի հավաքականին:

Այսպիսով, պորտուգալացիները 12 միավորով I խմբի առաջատարն են, իսկ Հայաստանն ունի մեկ միավոր և վերջինն է:

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

I Խումբ Խ Մ

Պորտուգալիա 5 12

Դանիա 5 10

Ալբանիա 4 7

Սերբիա 5 1

Հայաստան 5 1

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 4-ին՝ Բելգրադում, սերբերի հետ, որոնց հետ երևանյան հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով: Հիշեցնենք, որ 73-րդ րոպեին Տարոն Ոսկանյանի փոխանցումից հետո Ռոբերտ Արզումանյանը գլխով գրավեց սերբերի դարպասը: Դեռ չէր ավարտվել խաղի հիմնական ժամանակը, երբ տուգանային մատույցներից դեպի դարպասի ձախ անկյունը հարվածեց Զորան Տոշիչը և գրավեց մեր դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:

Հավելենք, որ I խմբում մնացել է անկացնելու 8 հանդիպում՝ Դանիա-Ալբանիա (4 սեպտեմբեր), Սերբիա-Հայաստան (4 սեպտեմբեր), Հայաստան-Դանիա (7 սեպտեմբեր), Ալբանիա-Պորտուգալիա (7 սեպտեմբեր), Ալբանիա-Սերբիա (8 հոկտեմբեր), Պորտուգալիա-Դանիա (8 հոկտեմբեր), Հայաստան-Ալբանիա (11 հոկտեմբեր), Սերբիա-Պորտուգալիա (11 հոկտեմբեր):

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: