Հայերեն   English   Русский  

Apple-ին ամենաշատը զարմացրել է մեր խաղի գրաֆիկայի որակը. հայկական Shadowmatic-ի ծրագրավորող (տեսանյութ).Panorama.am


​Հայ մասնագետների ստեղծած Shadowmatic խաղն արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարի Apple Design Award-ին:


  
դիտումներ: 1036

«Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերության ստեղծած խաղը ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը գնահատել է յուրօրինակության, գրաֆիկական բարձր որակի և բացառիկ այլ հատկությունների համար: Նշենք, որ մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին, որի շրջանակում պարգևատրել են iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակները:

Panorama.am-ը զրուցել է «Տրիադա Ստուդիո»-ի ծրագրավորող Բագրատ Դաբաղյանի հետ:

- Ըստ ձեզ, ՏՏ ոլորտի հսկան Ձեր խաղի ի՞նչը գնահատեց ու մրցանակի արժանացրեց:

-Խաղը դեռևս շուկա դուրս գալուց առաջ, երբ մենք 2013 թվականի վերջին արդեն ներկայացրել էինք, որ այդպիսի խաղ է լինելու, տարբեր կայքերի կողմից մեծ ուշադրության արժանացավ: Որոշ ժամանակ անց Apple-ից գրեցին, որ շատ հետաքրքիր խաղ է, եզակի, որակը զարմանալիորեն բարձր է մոբայլների համար: Նաև հարցրեցին, թե երբ է խաղը դուրս գալու ու պատրաստակամություն հայտնեցին օգնել սկզբնական գովազդի համար: Զարմացանք Apple-ի ուշադրության համար: Ինձ թվում է՝ գնահատեցին այն, որ մեր ստեղծած խաղը որևէ խաղի կլոն չէ: Իրենք սիրում են, որ որևէ նոր գաղափար է ներդրվում, ամեն ինչ զրոյից է սկսվում, որևէ մեկ այլ խաղի նման չէ: Դա է շատ մեծ դեր խաղացել, որ նման չէ սովորական խաղերի: Օրվա ընթացքում 10 հազար խաղ է դուրս գալիս: Մի քանի միլիոն խաղ կա, 99 տոկոսի մասին տեղյակ չեն: Apple-ին ամենաշատը զարմացրել է գրաֆիկայի որակը, որը բնորոշ չէ մոբայլների գրաֆիկայի որակին: Երկար տարիների աշխատանքի արդյունքում ենք հասել այդ որակին:

Խաղը սկսել ենք սարքել երեք տարի առաջ: Էքսպերիմենտ էր: Վերջին տասը տարվա ընթացքում «Տրիադա Ստուդիո»-ն պլաններ ուներ մտնել խաղային շուկա, ստեղծել մեծ խաղ: Սակայն դա կապված է մեծ բյուջեների հետ, անհրաժեշտ են շատ աշխատողներ: Հասկացանք, որ մեր ուժերը Հայաստանում բավարար չեն նման խաղ սարքելու համար: Որոշեցինք ստեղծել մինիմալիստական խաղ: Իմ մոտ գաղափար ծագեց: Ստացել էի հետաքրքիր շողքերի որակ: Առաջարկեցի՝ ստանալ խաղ, որտեղ կարևոր կլինեն շողքերը: Որոշեցինք 3-4 ամսում խաղ ստեղծել iPhone-ների, iPad-ների համար՝ տեսնելու, թե ինչպես է այդ մեխանիզմն աշխատում: «Տրիադա Ստուդիո»-ի բծախնդրության պատճառով 3-4 ամիսը դարձավ 3 տարի:

-Բագրատ, սպասո՞ւմ էիք, որ մրցանակը Ձեզ կտրվի:
-Նշեմ, որ մրցանակն այդքան էլ դիզայնի հետ կապ չունի: Հաշվի են առնվել մի քանի բաղադրիչ՝ խաղի աշխատելու որակը, գրաֆիկայի տեսքը, ուղեկցող երաժշտությունը: Իրականում սպասում էինք, քանի որ Apple ընկերության կողմից մեծ էր հետաքրքրությունն այդ խաղի նկատմամբ: Բացի այդ, մեկ ամիս առաջ ուզեցին մեր թիմի լուսանկարները, նաև մեր ստուդիայի ստեղծման պատմությունը: Սակայն մինչև վերջին րոպեն գաղտնի էին պահում:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր խաղը: Ըստ Ձեզ, ովքե՞ր են Ձեր խաղը խաղացողները:
-Մենք այդ խաղը սարքելուց հասկանում էինք, որ այդքան էլ մեծ տարածում կարող է չստանալ: Ոչ բոլորը կուզեին խաղալ Shadowmatic, քանի որ այլ ոճի խաղ էր: Անհրաժեշտ է հանգիստ մոտեցում, տրամաբանություն, երևակայություն: Իրականում չէինք սպասում, որ այդքան շատ մարդկանց դուր կգա: Տարբեր տեսակի, տարբեր ազգի ու տարբեր ճաշակ ունեցող մարդիկ մեզ նամակներ են գրում, շնորհակալություն հայտնում նման խաղ ստեղծելու համար: Զարմանալի արձագանքներ ենք ստանում: Մեկ այլ ստուդիայի աշխատող մեզ ասաց, որ ինքը չի սիրում այս խաղը, բայց իր տնօրենը շատ է սիրում, հանգստանալու համար հենց Shadowmatic է խաղում: Բրազիլիայից մեկը գրել էր, որ հայրը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, այս խաղը խաղալով առողջական վիճակը լավանում է: Աուտիկ երեխաների վրա էլ դրական ազդեցություն է ունենում: Մենք չէինք սպասում նման արձագանքների: Մենք չէինք նախատեսել, պատահական է ստացվել:

-Առաջիկայում ինչ նախագծեր, խաղեր սպասենք «Տրիադա Ստուդիո»-ից:
-Նոր խաղ ստեղծելու բավականին շատ գաղափարներ ունենք: Բայց դեռ չենք ընտրել, գուցե նույնիսկ չենք էլ գտել այն գաղափարը, որի համար պատրաստ ենք մոտակա տարիներին աշխատել: Դա շատ կարևոր պահ է, դժվար է ամեն օր նույն գործով զբաղվելը, պետք է գաղափարն այնքան լավը լինի, որ չհոգնեցնի ու կես տարի հետո չասենք՝ լավ էլի, արժի՞ սրանով զբաղվել: Հույս ունեմ՝ առաջիկա ամսվա ընթացքում այդ ուղղությունը կգտնենք, որով պատրաստ ենք զբաղվել: Չգիտեմ՝ մեծ մասշտաբի նախագիծ կլինի, թե Shadowmatic-ի չափի, ներդրումներ պետք կլինեն, թե մենք մեր «Տրիադա Ստուդիո»-ի ուժերով կկարողանանք անել, բայց դեռևս չենք գտել այդ միակ գաղափարը, որի համար պատրաստ ենք տանջվել ու մեկ, երկու, երեք տարի ժամանակ ծախսել: Կարևոր որոշում է լինելու:

Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտնվող աբստրակտ օբյեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Shadowmatic-ի մենյուում և ամբողջ խաղի ընթացքում օգտագործված է եռաչափ պառալաքս տեխնոլոգիան (3D parallax) զումի հնարավորությամբ։ Խաղն ընդհանուր առմամբ ունի 70 լեվել, որոնք բաժանված են 9 տարբեր միջավայրերով (սենյակներով): Նշենք, որ խաղը վաճառվում է Apple App Store-ում 2.99 դոլարով։ Կարելի է գնել և ներբեռնել այստեղ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: