Հայերեն   English   Русский  

«Ցույցերն արդարացված են». ի՞նչ է առաջարկում Վազգեն Մանուկյանն այս իրավիճակում


  
դիտումներ: 2681

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Անկախ-ի հետ զրույցում ներկայացրել է Էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակի, բողոքի ցույցերի և հետագա զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումն ու առաջարկները:

-Պարոն Մանուկյան, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից հետո հասարակական լարվածությունը խորացավ՝ հանգեցնելով վերջին իրադարձություններին: Ինչպե՞ս եք գնահատում բողոքի ցույցերն ու ակտիվիստների պահանջները:

-Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառների փոփոխության հետևանքով գները կամաց-կամաց կարող են փոփոխվել: Բայց օբյեկտիվ պատճառներին գումարել նաև սխալներն ու չարաշահումները և անսպասելիորեն մոտ 20 տոկոսով գին բարձրացնել (կուտակել-կուտակել ու պայթեցնել), աննախադեպ է, և ցանկացած երկրում դա վրդովմունք կառաջացներ՝ նամանավանդ, որ մարդկանց մեծ մասը արդարացիորեն կամ ոչ այնքան արդարացիորեն համոզված է, որ հիմնականում դա կատարվել է չարաշահումների պատճառով:

-Ցույցը ցրվեց, շատ ցուցարարներ բերման ենթարկեցին, և այս պահին գոնե առերևույթ խաղաղ վիճակ է: Սակայն չի բացառվում, որ անկանխատեսելի զարգացումներ կլինեն, քանի դեռ հանրային դժգոհությունը կա, և բարձրացված պահանջները լուծված չեն: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները, որպեսզի կանխեն լարվածությոան խորացումն ու բավարարեն հանրային պահանջները

-Նախ կարծում եմ, որ ճիշտ կլինի ժամանակավորապես՝ 3 կամ 6 ամսով սառեցնել սակագնի բարձրացման որոշումը, ապա ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն այդ երիտասարդներից ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, իշխանական թեևի ներկայացուցիչներ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, ՀԾԿՀ-ից, ինչպես նաև մասնավոր այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են էներգետիկ ոլորտով: Պետք է նստել, քննարկել և հասկանալ, որ երբ մենք սեփականաշնորհեցինք Բաշխիչ ցանցերը, ի՞նչ ներդրումներ են կատարվել այդ ընկերության կողմից, ի՞նչն է փոխվել, ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ համակարգում: Իմ տպավորությունն այն է, որ մենք էներգետիկ ոլորտում մեր ունեցած առաջավոր դիրքերից կամաց-կամաց իջանք՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարևան Վրաստանի, որն ընդհակառակը, բարձրացավ: Այսինքն, պետք է գնահատել պատմությունը, տեսնել, թե ովքեր են մեղավոր, ովքեր են այդ ամենի վրա իրենց անձնական հարցերը լուծել և նրանց պատժել, որովհետև մի երկիր, որտեղ հանցագործության կամ սխալի համար պատիժ չեն կրում, ու ամեն ինչ ներվում է, այդ երկիրը զարգացում չունի: Բայց պատիժը դեռ խնդիր չի լուծում: Պետք է քննարկել էներգետիկայի ընդհանուր զարգացման խնդիրները՝ 20-30 տարում ի՞նչ ճանապարհով ենք ընթանալու, ի՞նչ սակագներ պետք է լինեն, սակագներն ինչպե՞ս են ազդելու հասարակության սոցիալական վիճակի և տնտեսության վրա և այլն: Թող այդ քննարկումները մի քանի ամիս տևեն, որից հետո որոշում ընդունվի:

-Հանրային խորհուրդը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ իր դիրքորոշումն ու առաջարկները ներկայացրել էր հանրապետության ղեկավարին: ՀԽ որոշման մեջ նշված էր, որ սակագնի բարձրացումը հիմնավոր չէ, իսկ առաջարկներից մեկը վերաբերում էր ՀԷՑ-ին մենաշնորհից զրկելուն և համակարգում կառուցվածքային փոփոխություններին:

-Այո, դա մեր որոշման մեջ մտած կետերից մեկն էր: Մրցակցությունը շատ կարևոր է ապրանքի կամ ծառայության գինն ու որակը բարելավելու համար: Առանց մրցակցության գինը միշտ էլ կարող է բարձրանալ: Շատ սխալ էր Բաշխիչ ցանցերն այդ ընկերությանը հանձնելը: Իրենք ինչպե՞ս կարող են կառավարել մեր բաշխիչ ցանցերը, եթե իրենց երկրի ներսում չեն կարողանում կարգին կառավարել: Եթե դու որևէ օտար ընկերության ես հանձնում որևէ ոլորտ, ապա պետք է այնպիսի երկիր և այնպիսի ընկերություն ընտրես, որոնք դրական արդյունքներ են ապահովում տվյալ ոլորտում: Ի՞նչ դրական արդյունք ունի ՌԱՕ ԵԷՍ-ը Ռուսաստանում: Այսինքն, մենք վերցրել ենք կառավարման տեսակետից ոչ մի հետաքրքրություն չներկայացնող, ոչ արդյունավետ ծախսերով մի ընկերություն և մեր Բաշխիչ ցանցերը հանձնել նրանց: Որ ի՞նչ, չեմ հասկանում: Հիշում եմ այն մեծ վեճերը, որ առաջացան Ազգային ժողովում Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցի ժամանակ: Ես այն ժամանակ պատգամավոր էի: Մեր խմբակցությունում մեծ կռիվ եղավ. մի քանիսը կողմ քվեարկեցին, մի քանիսը՝ դեմ, ես էլ որպես խմբակցության ղեկավար, ձեռնպահ քվեարկեցի, բայց դա էլ չփրկեց իրավիճակը, և այդ քվեարկությունը քանդեց մեր խմբակցությունը: Հիմա թող նրանք, որոնք կողմ են քվեարկել, գնահատեն արդյունքները: Նույն ծանր վիճակի մեջ հայտնվեց նաև դաշնակցությունը, որը, լինելով սոցիալիստական կուսակցություն, ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ կողմ քվեարկեց այդ խոշոր ու կարևոր պետական օբյեկտի սեփականաշնորհմանը: Բայց էդպես ստացվեց, երևի ժամանակներն էին այդպիսին: Ու հիմա մենք դրա պտուղներն ենք հավաքում: Ընդհանրապես Հայաստանում ամեն ինչ մոռացվում է, էդպես չի կարելի առաջ գնալ: Մենք անընդհատ չենք անդրադառնում անցյալին. կա՛մ կեղծում ենք պատմությունը, կա՛մ չենք ուզում անդրադառնալ ճշմարտությանը: Իսկ այն ժողովուրդը, որ չգիտի իր անցյալը, չունի նաև ապագա:

-Պարոն Մանուկյան, երեկ ՀՀ նախագահի կողմից ակտիվիստներին առաջարկ եղավ մի քանի հոգանոց խմբով հանդիպել իր հետ և քննարկել նրանց հուզող հարցերը: Առաջարկը մերժվեց: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը:

-Կարծում եմ, որ պետք էր հանդիպել: Օրինակ, Ղարաբաղյան շարժման ժամանակ բազմաթիվ նման առաջարկներ են մեզ եղել, և մենք բանակցել ենք: Բանակցելուց հետո դու կարող ես վերադառնալ և ասել, որ համաձայն չես: Բայց, որ հայտարարում եք, թե մենք ուժով կպահենք, մինչև դուք որոշումը չփոխեք, դրա մեջ վերջնագրի պես բան կա, որը դիմացինին դրդում է համապատասխան քայլերի: Այդ տեսակետից ճիշտ չէր: Բայց մյուս կողմից էլ հասկանալի էր. նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէր լինի ընտրել, թե ովքեր պետք է գնան նախագահի մոտ և ինչ պետք է խոսեն:

Ընդհանրապես, երբ ժողովուրդը հավաքվում է և ինչ որ շարժում է սկսում, շատ կարևոր է կառավարման ձևը: Կառավարման 3 ձև կա. առաջինը, երբ կա ղեկավար կամ կոլեգիալ մարմին, ինչպես Ղարաբաղ կոմիտեն էր: Դրա օգուտները հասկանալի են. որոշումները կարելի է խելոք ձևով ընդունել և այլն, բայց վնասներ էլ կան, քանի որ ղեկավարությունը, լինի անձ, թե կոլեգիալ մարմին, երբեմն կարող է զգուշանալ, պրագմատիզմից ելնելով՝ սխալ որոշումներ կայացնել և այլն: Իսկ ժողովուրդն այդ դեպքում դառնում է ավելի պասիվ, որովհետև իր գործունեության ողջ ապագան կապում է ղեկավար մարմնի հետ, նրանից սպասում գործողություններ, և դա էապես սահմանափակում է ստեղծագործական ուժը:

Կառավարման երկրորդ ձևը ամբոխավարայինն է, երբ լիդեր չկա, և ողջ ժողովուրդը տոգորված է էմոցիաներով ու կարող է ջարդել-փշրել ամեն ինչ: Դա տեսել ենք մի քանի տարի առաջ Ֆրանսիայում, բազմաթիվ անգամ դա տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում, երբ ոստիկանները սպանել են սևամորթի և այլն:

Կառավարման երրորդ ձևը, որն ինչ որ իմաստով նոր ձև է, այն է, երբ չկա ղեկավար կամ ղեկավարներ, բայց ցուցարարները միևնույն գաղափարների շուրջ են համախմբված, և կան փոքր-փոքր խմբեր, որոնցից ամեն մեկն ունի իր հեղինակությունները, որոնք իրար հետ շփվել են սոցիալական ցանցերով, տարբեր կոմունիկացիաներով: Այսինքն, ղեկավարություն չկա, բայց կա կառավարող ինչ որ ցանց: Դա մենք բացահայտ տեսանք Եգիպտոսի վերջին հեղափոխության ժամանակ: Այս նոր կառավարման ձևն ամենաճկունն է, որը շատ դժվար է վերացնել: Օրինակ, հակագլոբալիստական շարժումը: Բայց նման շարժման հաղթանակի դեպքում էլ կարող է տեղի ունենալ այն, ինչ եղավ Եգիպտոսում. պայքարողները հաղթեցին, բայց իշխանության եկան մարդիկ, որոնք չէին կիսում այն գաղափարները, հանուն որի հասարակությունը պայքարում էր: Մեզ մոտ տեղի ունեցած այս բողոքի ցույցի դեպքում կառավարումն իսկապես ցանցային էր, և երևի նաև դա էր պատճառը, որ դժվար էր ընտրել մի քանի հոգու, ովքեր պետք է գնային նախագահի հետ հանդիպման: Բայց միևնույն է, բանակցելը միշտ էլ ճիշտ է՝ նամանավանդ, որ դու քո հարազատ երկրում, քո երկրի ղեկավարության հետ պետք է բանակցես, ոչ թե թշնամուդ, և արժանապատվության խնդիր չկա:

Զրույցը վարեց Անի Գասպարյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: