Հայերեն   English   Русский  

Սա ոչ եվրո է, ոչ էլ մայդան է. Թևան Պողոսյանը բողոքի ակցիաների մասին


  
դիտումներ: 654

«ՀԾԿՀ-ի որոշումը կարող է կասեցվել, մինչև օգոստոսի 1-ը ժամանակ ունենք քննարկել, վերանայել, բացատրել: Վստահ եմ, որ որևէ մեկը Հայաստանի թշնամին չէ: Ինչպես ես, այնպես էլ շատ պատգամավորներ այն կարծիքին են, որ այսօրվա դրությամբ էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման խնդիր չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է քննել, թե ինչպես են գոյացել ՀԷՑ -ի պարտքերը. դրանից հետո շատ բան կարող է հայտնաբերվել:

Թևան Պողոսյանը առաջարկեց նաև օրենսդրական նախաձեռնություն կատարել, ըստ որի` էլեկտրաէներգիայի գինը կանխատեսելի պետք է լինի 3-5 տարվա ընթացքում:

Թևան Պողոսյանը հանդիպմանն էր եկել անմիջապես Բաղրամյան պողոտայից, որտեղ նա այլ գործիչների հետ կենդանի պատ էր ստեղծել ցուցարարների և ոստիկանների միջև:

Նրա խոսքով` բանակցությունների արդյունքները կախված են նրանից, թե երկու կողմը ինչքանով են պատրաստ իրար լսել. «Թեև երիտասարդների պահանջները շատ պարզ են և հստակ, բայց մյուս կողմը, եթե ցանկանում է, որ խնդիրը լուծում գտնի, ապա նույնպես պետք է կարողանա հստակ և նորմալ իր տեսակետները ներկայացնի, այլ ոչ թե միայն ասի, թե եկեք 4 կամ 5 հոգով բանակցենք: Նոր մոտեցումներ են պետք»:

ԱԺ պատգամավորի ընդգծեց, որ պետք է խուսափել այս թեմայի շահարկումներից: Նա նկատեց, որ արտասահմանյան լրատվամիջոցները փորձում են գործածել իրադրությունը իրենց շահերի համար. «Սա եվրոմայդան չէ: Սա նախ` «էլեկտրո» է, ոչ եվրո, և ոչ էլ մայդան է: Ես երեկ ուկրանիացի երեք լրագրողների ասել եմ սա»:

Թևան Պողոսյանը դատապարտեց հունիսի 23-ի առավոտյան տեղի ունենցած բռնի գործողությունները ցուցարարների և լրագրողների նկատմամբ. «Ցույցերի առաջին օրերի ընթացքում ամեն ինչ խաղաղ էր: Ոչ մի խնդիր չկար ոստիկանների և ցուցարարների միջև: Կար ընդգծված հարգանք երկու կողմերի միջև: Թե հետո ինչ տեղի ունեցավ, դժվար է ասել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: