Հայերեն   English   Русский  

​Կառավարությունը մեծացնում է պարտք վերցնելու հնարավորությունը


  
դիտումներ: 1304

Հունիսի 22-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Կառավարության այս նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում` «պետական պարտքը» փոխարինել «կառավարության պարտքը» բառերով: Առաջին հայացքից աննշան թվացող այս փոփոխությունների հետևանքը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երկրի համար:

Կառավարության ներկայացրած օրենքի այս նախագծով էապես փոխվում է մեր երկրի պետական պարտքի թույլատրելիության սահմանագծի ամբողջ տրամաբանությունը: Որովհետև, «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի այդ դրույթներով, կարճ ու հասկանալի ասած, սահմանվում է, որ ՀՀ պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը չի կարող նախորդ երեք տարիների ՀՆԱ-ների միջին ցուցանիշի 3 տոկոսից ավելի լինել: Սա անհրաժեշտ սահմանափակում էր, որը օրենքի ուժով ստիպում էր մեր երկրին պետական պարտքի առումով «ոտքերը վերմակին համապատասխան պարզել», այսինքն` այնքան պարտք չվերցնել, որ հետո դրա փակելը խիստ դժվար կամ անհնարին լինի:

Հասկանալու համար, թե ինչ նոր իրավիճակ է ստեղծում այս փոփոխությունը, նշենք, որ պետական պարտքը բաղկացած է երկու բաղադրիչից` արտաքին պարտք և ներքին պարտք: Արտաքին պարտքն էլ, իր հերթին, բաղկացած է երկու բաղադրիչից` կառավարության պարտք ու կենտրոնական բանկի պարտք: Հիմա կառավարությունն ուզում է առանձնացնել կառավարության պարտքը և օրենքով նշված սահմանափակումները կիրառել միայն կառավարության պարտքի վրա:

Իսկ դա նշանակում է, որ եթե ԿԲ-ի վերցրած պարտքերը չեն մտնելու օրենքով նախատեսված սահմանափակումների մեջ, ապա գոնե ԿԲ-ի պարտքի չափով ավելանում է կառավարության վերցնելիք պարտքի վերին թույլատրելի շեմը, ինչպես նաև կառավարությունն ավելի է հեռանում պետպարտքի 50 տոկոս ցուցանիշի դեպքում 3 տոկոսանոց դեֆիցիտ պլանավորելու սահմանափակումից: Իսկ ԿԲ-ն ստանում է անսահմանափակ պարտք ներգրավելու հնարավորություն:

Ի դեպ, պարտքի ծավալը մեծացնելու հնարավորության ստեղծումը չի հերքում նաև այս նախաձեռնությունը ԱԺ-ին ներկայացնող ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Բայց թե՛ Ջանջուղազյանը, թե՛ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները միաբերան պնդում են, թե այս փոփոխությունն արվում է, որպեսզի ԿԲ-ի գործունեության պատճառով կառավարության գործողությունները չսահմանափակվեն ու պետական պարտքի մասով մեր վիճակագրությունն էլ համադրելի լինի միջազգային չափանիշներին, քանի որ միջազգային պրակտիկայում ԿԲ-ի ու կառավարության պարտքերն առանձնացված են:

Այս նախաձեռնությունը կարող է հուշել նաև, որ կառավարությունն ուզում է կամ ստիպված է մի այնպիսի մեծ արտաքին պարտք ներգրավել, որի արդյունքում մեր երկրի պետական պարտքը կարող է գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը: Եթե օրենքում չկատարվի վերը նշված փոփոխությունը, ապա կառավարությունը պարզապես չի կարող վերցնել այդ պարտքը, թեև Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ մինչ այդ էլ կառավարությունը դեռ 1.5 միլիարդ լրացուցիչ պարտք վերցնելու հնարավորություն ուներ մինչև գործող օրենքով ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանագծին հասնելը, և որ կառավարությունը, այս նախագիծը ներկայացնելով, չի ցանկանում պետական պարտքի ծավալը մեծացնել:

Բայց ՀՀ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ, այլ տեսանկյունից է նայում այս հարցին ու խնդիրներ է տեսնում: Նա կանխատեսում է, որ պետական պարտքն այս փոփոխությամբ աճելու է, կառավարությունը նաև հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտն ավելի շատ կանխատեսելու հնարավորություն է ստանում, ինչի կարիքը կարծես կա: Եթե այս «հնարքը» գործի, ապա կառավարությունը, ստանալով ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենալու ազատություն, կարող է կա՛մ կտրուկ ավելացնել բյուջետային ծախսերը` առանց եկամուտներն ավելացնելու, կա՛մ պատրաստվում է բյուջեի շատ ցածր եկամտի: Ընդ որում, երկու տարբերակն էլ հավանական են:

Այս նախաձեռնությունը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, բացասական սպասումներ է առաջացնում. «Որովհետև, երբ առաջարկվում է պետական պարտքից հանել ԿԲ-ի պարտքը և օրենքով սահմանափակումները կիրառելի դարձնել միայն կառավարության պարտքի համար, նշանակում է` մենք տնտեսվարողներին ասում ենք, որ տնտեսությունը, ի դեմս ԿԲ-ի, կարող է անսահամափակ վարկ վերցնել, և երկրի վճարունակությունն ու վարկունակությունը որևէ կերպ վերահսկողության տակ չեն»,- ասում է պատգամավորը:

Եթե մեր երկիրն ավելացնի իր պարտքերը, կարող է հայտնվել ծանր վիճակում, որից ելքը շատ դժվար կլինի, հատկապես` սերունդերի համար, երբ այդ պարտքերը մարելու ժամանակը գա:

Իսկ որ Հայաստանն առաջիկա 5 տարիների ընթացքում իր պետական պարտքի շեմը բարձրացնելու է, վստահ է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ` վերջին մոտ 13 տարվա ընթացքում մենք ՀՆԱ-պետպարտք հարաբերակցության առումով մոտ 4-5 անգամ պետպարտքի աճ ենք ունեցել:

«Մեր հարևան բոլոր երկրներից մենք ավելի շատ պարտք ունենք: Եվ 2020-ին, կղզյակի պես երևում է այդ վիճակը, մենք հայտնվելու ենք ամենավատ վիճակում»,- նշում է Վիլեն Խաչատրյանը և հավելում, որ Հայաստանը, իհարկե, պետական պարտքի առումով այնքան էլ վատ վիճակում գտնվող երկրներից չէ, քանի որ Հունաստանում, օրինակ, ներկայումս պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 172 տոկոսը, Իտալիայում` 133 տոկոսը, Ճապոնիայում` 246 տոկոսը, ԱՄՆ-ի պետպարտքը ՀՆԱ-ի 105 տոկոսն է կազմում և այլն: Բայց տնտեսագետը հիշեցնում է, որ պարտքի չափը կապ ունի նաև երկրի տնտեսական աճի տեմպերի հետ: Այսինքն` պետք է հաշվի առնել պարտքը սպասարկելու և մարելու հնարավորությունները:

Այս առումով հիշենք. Համաշխարհային բանկն իր վերջին կանխատեսումներով մոտ 4 անգամ կրճատել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` այս տարի մեր երկրի համար կանխատեսելով զրոյական` 0.8 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` եթե պարտքերն ավելանալուն զուգահեռ տնտեսությունը չի աճում, իրական հատվածում աշխուժություն չի նկատվում, թանկանում է էլեկտրաէներգիան, ընդհանուր գնաճի լուրջ վտանգ կա և այլն, դժվար չէ պատկերացնել հետևանքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: