Հայերեն   English   Русский  

Ա. Խաչատրյանի անվան մրցույթի ավարտը և “ստարոդուբցևապաշտության” սկիզբը Հայաստանում. լուսանկարներ


  
դիտումներ: 1375

Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ավարտվեց հունիսի գլխավոր մշակութային իրադարձությունը. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Փակման արարողությանը ներկա էին ՀՀ առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարարը և այլք:

Հատկանշական է, որ այս տարի մրցույթին մասնակցության աշխարհագրությունն ավելի էր ընդլայնվել. նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:

Կիսաեզրափակիչ փուլ անցել էին չորս մասնակից, ովքեր հունիսի 12-ին և 13-ին ներկայցրին Ֆրեդերիկ Շոպենի, Պյոտր Չայկովսկու և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

աբաթ երեկոյան տեղի ունեցած գալա համերգի ժամանակ հայտարարվեցին հաղթողների անունները: Այս տարի ժյուրին, որը գլխավորում էր դաշնակահար Արմեն Բաբախանյանը, որոշում է կայացրել առաջին մրցանակ չշնորհել. Երկրորդ տեղը կիսեցին Ռուսաստանը ներկայացնող երկու երիտասարդ կատարողներ ` Անաստասիա Նեստերովան և Եվգենի Ստարոդուբցևը:

Երրորդ տեղը զբաղեցրեց մեր հայրենակից, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Սիմոնյանը, չորրոդը` Ռան Ջիան Չինաստանից: Մրցույթի հաղթողները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ կատարեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը: Հարկ է նշել, որ, թեև պաշտոնապես երկու դաշնակահար հաղթեց, սակայն հայ երաժշտասեր հասարակությունը ակնհայտորեն «սիրահարվել է» Եվգենի Ստարոդուբցևին. համերգից հետո նրան երկար ժամանակ շրջապատել էին երկրպագուները` նկարվելու և մակագրություն ստանալու համար: Եվգենին այդ վերաբերմունքից հուզվել էր և նա պատրաստակամությամբ և սիրալիր ժպիտը դեմքին էր դիմավորում յուրաքանչյուր երկրպագուի: Ընդ որում` դաշնակահարի երկրպագուների շարքում կարելի էր տեսնել տարբեր տարիքի և սեռի երաժշտասերների: Երկրպագուները մի քանի րոպե շարունակ վանկարկում էին նրա անունը և խնդրում վերադառնալ Հայաստան հյուրախաղերով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: