Հայերեն   English   Русский  

ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակում հայ շախմատիստները կտրուկ զիջել են դիրքերը. Հայաստանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը


  
դիտումներ: 807

Մոլորակի 100 լավագույն շախմատիստների ցուցակում մեր հայրենակիցներից ներկայացված են ընդամենը երեքը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած գերմրցաշարում ձախողումից հետո զգալիորեն զիջել է դիրքերը: Գրոսմայստերի նահանջն ուղեկցվում է նրա վարկանիշի սրընթաց անկմամբ: 2014-ի մարտին Արոնյանի անհատական գործակիցը կազմում էր 2830 միավոր, որը նրա լավագույն ցուցանիշն էր: Այժմ Արոնյանն ունի ընդամենը 2765 միավոր: Ուշագրավ է, որ նա 2015 թվականը սկսել էր 2797 միավորով: Միայն 15 միավոր մեր շախմատային դրոշակակիրը կորցրեց հենց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված գերմրցաշարում: Վերոնշյալ մրցաշարում գլխավոր մրցանակը նվաճեց և 75 հազար դոլար ստացավ Բուլղարիան ներկայացնող Վեսելին Տոպալովը:

Վերադառնալով ՖԻԴԵ-ի լավագույն շախմատիստների ցանկին՝ նշենք, որ առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (2673) և Սերգեյ Մովսիսյանը (2653), որոնք զբաղեցնում են, համապատասխանաբար, 66-րդ (2014-ին 51-րդ) և 96-րդ (2014-ին 69-րդ) հորիզոնականները: Ուժեղագույն 100 շախմատիստների ցուցակից դուրս են մնացել Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը:

ՖԻԴԵ-ի 2015-ի հուլիսյան տասնյակը

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2853

2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2816

3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2816

4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2814

5. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2797

6. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2791

7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2783

8. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2780

9. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2791

10. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2765

Շախմատիստուհիների դասակարգման տասնյակում նկատելի փոփոխություններ չկան: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Յիֆան Հոուն (Չինաստան)՝ 2676 միավոր: Էլինա Դանիելյանը 2470 միավորով մնացել է 30-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ ապրիլին Դանիելյանը ուներ 2488 միավոր (19-րդ տեղ): Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը (2451 միավոր):

Երկրների սանդղակում առաջատար են Ռուսաստանը՝ 2743 միավոր, Չինաստանը՝ 2710, ԱՄՆ-ն՝ 2695, Ուկրաինան՝ 2689, Հնդկաստանը՝ 2657, Ֆրանսիան՝ 2654, Հունգարիան՝ 2649, Հայաստանը՝ 2641, Լեհաստանը՝ 2635, Անգլիան՝ 2635:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: