Հայերեն   English   Русский  

​Աղջիկների դեֆիցիտ միջին դպրոցում. սելեկտիվ աբորտների հետևանքներն արդեն տեսանելի են


  
դիտումներ: 3578

Վերջին շրջանում Հայաստանում շատ է խոսվում սելեկտիվ աբորտների ու դրանց հետևանքների մասին:

Շարքային քաղաքացու համար, սակայն, արատավոր երևույթի հնարավոր հետևանքների մասին խոսակցություններն իրական չեն թվում, ասում են` դեռ շատ ջրեր կհոսեն, մինչև վրա կհասնի վտանգված ապագան: Բայց պարզվում է, որ վտանգված ապագան այլևս մշուշոտ հեռուներում չէ, սելեկտիվ աբորտների հետևանքներն արդեն իսկ տեսանելի ու զգալի են. միջին տարիքի դպրոցականների շրջանում աղջիկների դեֆիցիտ է:

Օրերս ծանոթ մանկավարժի հետ խոսակցությունը մտածելու տեղիք տվեց: «Հինգերորդ դասարանցիների դասղեկությունն եմ ստանձնել, բարդ է լինելու, դասարանում 24 տղա է սովորում և ընդամենը վեց աղջիկ»,- ասաց նա: Մանկավարժի խոսքով` դպրոցում ունեն 5-8-րդ մեկական դասարաններ ու բոլորում էլ տղաներն աղջիկներից առնվազն 2-3 անգամ ավելի են: Այսինքն` հերիք չէ, որ 2000-ականների սկզբին ծնելիության մակարդակը ցածր է եղել, նաև հիմնականում տղաներ են ծնվել:

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տվյալների` Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան չի ծնվում 1400 աղջիկ: Սեռերի հարաբերակցության շեղում Հայաստանում նկատվել է սկսած 1993-ից: Կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց 102-106 տղա է, մինչդեռ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում է 115-120 տղա:

Նորածինների սեռերի համամասնության առավելագույն շեղումը նկատվել է 2000-ականների սկզբին, երբ Հայաստանում 100 աղջկա դիմաց ծնվում էր 120 տղա: Վերջին տարիներին այդ տարբերությունը մի քիչ փոքրացել է` 100 աղջկա դիմաց 114-115 տղա է ծնվում:

Ինչի՞ կարող է հանգեցնել սեռերի համամասնության նման խախտումը: Սկսենք դպրոցական տարիքից: Չի ձևավորվում առօրյայում հասակակից աղջիկների հետ շփվելու, նիստուկացի ունակություն: Բացի այդ, դասարաններում, որտեղ հիմնականում տղաներ են, կարգապահության մակարդակը ցածր է, ուստի համեմատաբար անարդյունավետ է նաև ուսումնառության գործընթացը:

Առհասարակ, երբ խոսք է լինում բանակային միջադեպերի մասին, մասնագետները նշում են, որ հնարավոր չէ բացառել միջանձնային կոնֆլիկտները և միջադեպերը մի միջավայրում, որտեղ միայն տղաներ են: Այժմ սելեկտիվ աբորտների պատճառով միայն արական այդ միջավայրը տեղափոխվում է նաև առօրյա կյանք: Հետևանքը` կունենանք ավելի ագրեսիվ հասարակություն կամ սերունդ, որտեղ համեմատաբար մեծ կլինի նաև հանցավորության մակարդակը: Խնդիրն առավել կսրվի, երբ գա այդ սերնդի ընտանիք կազմելու ժամանակը, երբ հարսնացուների պակասը զգալի կլինի: Շատ երիտասարդներ ստիպված կլինեն իրենց կյանքի կեսին փնտրել օտար երկրներում: Սա էլ իր հերթին առաջ կբերի երկու խնդիր. նախ` արտագաղթը խթանող ևս մեկ գործոն կլինի, քանի որ ամեն օտարերկրացի աղջիկ չէ, որ կհամաձայնի տեղափոխվել Հայաստան, երկրորդ` եթե անգամ գան Հայաստան, միևնույնն է, տեղում արդեն հայկական ընտանիքի ու ընտանեկան ավանդույթների պահպանության խնդիր կառաջանա:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սփյուռքում խառնամուսնությամբ ձևավորված ընտանիքներում երեխաները հայկական արմատներից չեն կտրվում ու հայեցի դաստիարակություն են ստանում, եթե մայրն է հայ, իսկ եթե ընտանիքի հայրն է հայ, ապա, որպես կանոն, երեխաներն արդեն հեռանում են հայկական արմատներից, փաստորեն այս պարագայում ուծացումն ավելի մեծ տեմպերով է ընթանում: Այսինքն` «հարսնացուները հյուսիսից» իրենց երեխաներին կտան ոչ թե հայեցի, այլ «հյուսիսային», օտար դաստիարակություն: Եվ հետևանքն այն կլինի, որ Հայաստանում հայկական ընտանիքը և արժեքները վտանգված կլինեն:

Եթե հնարավոր վտանգները համոզիչ չեն հնչում, ուրեմն պետք է ընդամենը դիտարկել Չինաստանի և Հնդկաստանի փորձը, որտեղ սելեկտիվ աբորտների հետևանքներն այս պահին ավելի սուր են զգացվում: Այսպես, Հնդկաստանում տղամարդիկ կանանցից 37 մլն-ով ավելի են, իսկ Չինաստանում` 30 մլն-ով: Այս երկրներում մեծ տարածում է գտնում կանանց թրաֆիքինգը: Հարուստ հնդկացիներն ու չինացիներն աղքատ ընտանիքներից դեռ փոքր հասակում գնում են աղջիկներին` այդպիսով զրկելով ընտանիք կազմելու հնարավորությունից աղքատ կամ գոնե ոչ հարուստ տղամարդկանց: Մասնագետների կարծիքով` Հնդկաստանում կանանց նկատմամբ բռնությունների ալիքը հենց սելեկտիվ աբորտների հետևանք է (եթե երբեմն-երբեմն լուրեր կարդում եք, ապա անպայման տեղյակ կլինեք Հնդկաստանում կանանց նկատմամբ բռնությունների մեծ ծավալների մասին):

Նրանց, ովքեր տղա երեխաներին են նախապատվություն տալիս` պնդելով, թե տուն ու հայրենիք պահողը տղամարդն է, արժե հիշեցնել «Սասնա ծռեր» էպոսը, որ ամփոփում է մեր ազգի հարատևության գաղտնիքները: Ահա մեր նախնիները էպոսի հերոսների շուրթերով պատգամում են` առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: