ԲԱՐՁՐ ԴՈՒՌ
Թուրքերեն այդ արտահայտությունը հնչում է որպես Փաշա կափիսի (փաշայի դուռ), արաբերեն` Բաբ-ալ-ալի` (բարձրագույն դուռ): Երբեմն օգտագործվել են նաև Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը:
Սելջուկյան կայսրության թուլացումից ու անկումից հետո` 1299 թվականին, թուրքական օղուզ ցեղի ցեղապետերից Օսման Առաջինն իրեն անկախ հռչակեց Իկոնիայի (Ռումի) սուլթանությունից և Փոքր Ասիայում հիմնադրեց Օսմանյան սուլթանությունը` իր համար նստավայր դարձնելով Ենիշեհր քաղաքը:
Նոր ստեղծված պետությունն արագ ծավալվեց արդեն թուլացած և հոգեվարք ապրող բյուզանդական կայսրության հաշվին: 1326 թ. սուլթան Օրհանը Օսմանյան պետության մայրաքաղաք հռչակվեց Բուրսան, որ օսմանցիները հեշտությամբ գրավել էին Բյուզանդիայից, քիչ անց` Նիկիան, ապա` Նիկոմեդիան: Սուլթան Օրհանն օսմանյան պետության սահմանները հասցրեց մինչև Մարմարա ծով և Դարդանելի նեղուցով սահմանակից դարձավ Եվրոպային: Օրհանը կարողացավ նվաճել նաև Անկարան` ներկայիս թուրքական հանրապետության մայրաքաղաքը:
Սակայն օսմանցիներն անմիջապես չշարժվեցին Կոստանդնուպոլսի վրա: Նրանց ուժերը դեռևս անբավարար էին: Արևելքում գտնվող այդ քրիստոնեական երբեմնի հզոր պատվարը դեռևս ամուր դաշնակիցներ ուներ` ի դեմս Վենետիկի և Ջենովայի Հանրապետությունների:
Սակայն դա չխանգարեց թուրքերին, որ շրջանցելով Պոլիսը` հայտնվեն եվրոպական մայրցամաքում:
Արդեն 1362 թ. Բալկաններում հիմնավորապես հաստատված օսմանյան թուրքերն իրենց մայրաքաղաք հռչակեցին Ադրիանապոլիս քաղաքը: 1393 թ. գրավելով Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն` թուրքերն ամբողջացրին Բուլղարիայի նվաճումը:
Մինչ այդ` 1389 թ., թուրքերը ներխուժել էին Սերբիա, Կոսովոյի ճակատամարտում ջախջախել սերբական բանակն ու հաստատվել Բալկաններում: Այդ ժամանակներից սկսվեց Բալկանների մահմեդականացումը, դրա շնորհիվ հետագայում Եվրոպայում առաջացավ առաջին մահմեդական պետությունը` Ալբանիան:
Եվրոպական միապետներն անհանգստացան թուրքերի առաջխաղացմամբ և անգամ Հունգարիայի թագավոր Սիգուզմունդը 1396 թ. թուրքերի դեմ խաչակրաց արշավանք կազմակերպեց: Սակայն սուլթան Բայազետ Ա Հաղթողը ջախջախեց եվրոպացիների միասնական բանակը: Նա ուզում էր գրավել նաև Պոլիսը, սակայն անհաջողության մատնվեց: Նույն ժամանակամիջոցում թուրքական պետության գլխին մեծ վտանգ կախվեց` հսկայական բանակով արևմուտք արշավեց Լենկ-Թեմուրը: 1402 թ. Անկարայի ճակատամարտում Բայազետ Ա-ն ծանր պարտություն կրեց: Բայց դա անհետևանք մնաց Օսմանյան կայսրության համար, քանզի Լենկ-Թեմուրը շուտով մահացավ, և նրա հսկայական տերությունը տրոհվեց:
Սուլթան Մեհմեդ Բ Նվաճողը 1453 թ. մայիսի 29-ին գրավեց Կոստանդնուպոլիսը և վերջ տվեց հոգեվարք ապրող բյուզանդական կայսրությանը: Նա կարողացավ գրավել նաև Տրապիզոնի կայսրությունը, վերջնականապես ստրկացնել Բալկանները: Սրանով Մեհմեդ Նվաճողը չսահմանափակվեց. ոչ միայն ծնկի բերեց Ղրիմը, որի խանը թուրքահպատակ դարձավ, այլև թուրքական բանակներն ափ հանեց Իտալիայում: Սակայն Իտալիայում թուրքերին ամրապնդվել չհաջողվեց:
Օսմանյան թուրքերը միայն դեպի արևմուտք չէին արշավում: Բայազետ Ա-ն XIV դարի վերջին գրավեց Փոքր Հայքը և Արևմտյան Հայաստանի մեծ մասը: XVI դարի սկզբին թուրքերին հաջողվեց գրավել Կիլիկիան, ապա շարժվել դեպի արևելք, Պարսկաստանի դեմ ծավալված երկարատև արյունահեղ պատերազմների արդյունքում նվաճել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածները:
XVI դարի վերջից Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ: Արևմուտքում նրա առաջխաղացումը փակեց հզորացած Ավստրիական կայսրությունը, արևելքում` Իրանը, հյուսիսում` Ռուսաստանը: Երկրում ծավալվեցին ապստամբական շարժումներ, արտահայտվեցին բազում ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներ:
Այս ամենը, բնականաբար, արտահայտվում էր նաև օսմանյան արքունիքում, որ աշխարհին հայտնի էր իր բարքերի այլասերվածությամբ ու դաժան ավանդույթներով:
Սուլթաններն աշխարհիկ և հոգևոր տերեր էին, Մուհամմեդ մարգարեի հաջորդները: Իշխանությունն անսահմանափակ էր: Սուլթանը կոչվում էր նաև փադիշահ` արքայից արքա, խալիֆ, քանզի համարվում էր նաև Մուհամմեդ մարգարեի հաջորդը և իր ձեռքում էր կենտրոնացրել նաև հոգևոր իշխանությունը: Նրա իշխանությունը սուրբ էր և անձեռնմխելի: Պետական գործերի գերագույն տնօրենը մեծ վեզիրն էր: Հետզհետե վեզիրների դերակատարությունն ավելի է ընդգծվում, քանզի օսմանյան սուլթանները, իրենց նվաճումներից հետո աստիճանաբար հեռանալով բանակից, պարփակվեցին պալատում` տրվելով զեխ կյանքին:
Շարունակ մտածելով իշխանության ամրապնդման մասին` նրանք օրենքներ էին կիրառում, որոնք միտված էին միմիայն իրենց անձնական իշխանության պահպանմանը:
Մուհամմեդ Բ սուլթանը շեյխ ուլ-իսլամի համաձայնությամբ օրենք ընդունեց. «Իմ փառավորված որդիներից և թոռներից ով գահ բարձրանա, իրավունք ունի սպանելու իր եղբայրներին, որպեսզի ապահովի աշխարհի հանգստությունը»:
Սելիմ Ա Ահեղը գահին տիրացավ` սպանելով իր հորը, եղբայրներին, տասնյակ ազգականների: Բայց դա չխանգարեց նրան բազում նվաճումներ կատարել Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում:
Սուլթանական պալատում հատուկ դերակատարություն ուներ հարեմը` բաղկացած տասնյակ, երբեմն` հարյուրավոր հարճերից:
Հարեմի կանայք հավասար իրավունքներ ունեին, բայց կային հատուկ սիրելիներ:
Հարեմի կանանցից միակը, որ պաշտոնական դիրք ուներ և եկամուտ` վալիդեն էր` սուլթանի մայրը:
Սուլեյման Մեծն իր հարճերից ռուս Ռոքսանայի ազդեցության տակ էր, որի դավադրություններն արյունալի աղետների պատճառ դարձան:
Մուրադ Երրորդը սիրում էր Սաֆիե վենետիկցի կնոջը, բայց նրա մայրը` Նուր Բանուն, ատում էր նրան: Նրանց միջև պայքարն ազդում էր անգամ պետական գործերի վրա: Մայրը հարճի ազդեցությունը որդու վրայից վերացնելու համար աշխարհի չորս ծայրերից այնքան շատ հարճեր բերեց, որ հարեմը պահելու համար թողարկվեցին չափից շատ դրամներ: Զինվորականությունն ապստամբեց, իսկ սուլթանը մոր դրդմամբ ընկղմվեց հեշտամոլության մեջ ու ընկնավոր դարձավ:
Հարեմի գեղեցկուհիները գահ բարձրացրին Մուստաֆա Ապուշին: Շեյխ-ուլ իսլամն ստիպված էր հայտարարել, որ նրա ապուշությունը սուրբ լինելու նշան է:
Հեշտամոլությունից առաջացած ուժասպառության պատճառով Իբրահիմ սուլթանը սպանում էր անգամ ամենամտերիմներին, պաշտոնյաներին: Նա սպանել տվեց ծովակալ Յուսուֆ փաշային, որը նվաճել էր Կրետեն, բայց սուլթանի հաշվարկով բավարար ավար չէր բերել:
Սա դեռ ամենը չէ. Ժամանակակից թուրք գրող և պատմաբան Նեդիմ Գյուրսելն իր ուսումնասիրությունների արդյունքում հայտարարեց, որ սուլթաններ Ֆաթիհն ու Սուլեյմանը բիսեքսուալ են եղել:
XVIII-XIX դարերում Թուրքիան կորցրեց գրեթե բոլոր եվրոպական տիրույթները. անկախացան Բալկանները, Ղրիմն անցավ Ռուսաստանին, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում շարունակ ապստամբում էին հայերը: Եվրոպական երկրները, օգտվելով առիթից, մրցակցելով, փորձում էին մասնատել Թուրքիան և տնտեսական կախման մեջ գցել: Հատկապես անհաշտ մրցակցություն էր ծավալվել Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև: Հետագայում մրցակցությանը միացավ նաև Գերմանիան:
Թուրքական հասարակարգի ճեղքերն ավելի ընդգծվեցին Աբդուլ-Համիդ Բ-ի օրոք. (1876-1909): Նա փորձեց վերականգնել Օսմանյան կայսրության ռազմական հզորությունը և ապստամբական շարժումները խեղդել արյան մեջ. սակայն պատմության անիվը շրջել անկարող էր: 1878 թվականին Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով Թուրքիան դարձյալ մեծ տարածքային կորուստներ կրեց:
1889 թ. Պոլսում ստեղծված «Միություն և առաջադիմություն» երիտթուրքերի կուսակցությունը 1909 թ. վերջնականապես տապալեց սուլթանական գահը Թուրքիայում և երկիրը հռչակեց հանրապետություն: Սա Օսմանյան կայսրության ավարտն էր:
Հ.Գ. Հայերը Թուրքիայում մեծ ներդրում ունեն ոչ միայն թուրքական պետության տնտեսության հզորացման գործում, այլև մշակույթի բնագավառում: Առաջին թատրոնը Թուրքիայում բացել է Հակոբ Վարդովյանը, օպերայի հիմնադիրը համարվում է Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախումբը բացել է Գրիգոր Սինանյանը: Առաջինների մասին այս շարքը կարելի է երկար շարունակել:
Օսմանյան Թուրքիայում շատ հայտնի էր Պալյան ճարտարապետների ընտանիքը, որի ներկայացուցիչների գլուխգործոցները մինչ օրս թուրքական ճարտարապետության զարդն են: Թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները (իսլամն արգելում է մարդու դեմք նկարել) հայազգի Մանասե ընտանիքի անդամներն են:
Թուրքական քանդակագործական արվեստի հիմնադիրն է համարվում Երվանդ Ոսկանը: