Հայերեն   English   Русский  

​ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում


  
դիտումներ: 1023

Հուլիսի 18-ից 20-ը Լիբանանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում տեղի ունեցավ «Արամ Բեզիկյանի» անունը կրող թանգարանի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո բոլոր թեմակալ առաջնորդները, մարոնի համայնքի պատրիարք Բշարա Ռայը, Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Սուրբ Աթոռի պատվիրակը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի քրիստոնեական համայնքը ներկայացնող մի շարք հոգևոր առաջնորդներ, քաղաքական և մշակութային գործիչներ, բազմաթիվ օտարերկրյա հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկան «Թռչնոց Բույնի» խնամակալության ատենապետ Սեդա Խդշյանը, բարերար Ալեկո Բեզիկյանը, Ջբեյլի քաղաքապետ Զիադ Հավադը, Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոնդ Արեյժին, մարոնի պատրիարք Բշարա Ռայը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման և թանգարանի ստեղծման, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի և սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արամ Ա կաթողիկոսը, ով իր գնահատանքը հայտնեց ներկաներին՝ նշելով, որ վերջիններիս մասնակցությունը թանգարանի բացմանը հայ ժողովրդի պայքարի զորակցության վկայություն է:

Նույն օրը երեկոյան Բիքֆայայի Աստվածամոր հայ առաքելական վանքում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև, Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց սրբալույս մյուռոնի օրհնության արարողություն, որը տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:

Հուլիսի 19-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Նույն օրը Բիքֆայայի Սուրբ Աստվածամոր վանական համալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որտեղ Բեյրութի ֆիլարմոնիկ նվագախումբը կատարեց Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ անվանի երգահանների ստեղծագործությունները: Ելույթներով հանդես եկան նաև աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը և տենոր Բարսեղ Թումանյանը:

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց Այնթուրա, որտեղ տեղադրված է Այնթուրայի որբանոցում մահացած հայ երեխաներին նվիրված հուշարձանը: Նույն օրը դեսպան Քոչարյանի ուղեկցությամբ նախարար Հակոբյանը Բիքֆայայում հանդիպում ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային զարգացումները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: