Հայերեն   English   Русский  

​Ոստիկանության նկատմամբ թշնամանքն ավելի ագրեսիվ է դարձնում ոստիկաններին. հոգեբան


  
դիտումներ: 1938

Բաղրամյան պողոտայում նստացույցի օրերին ու դրանից հետո մտածմունքի տեղիք տվեց ոստիկանների նկատմամբ հանրության վերաբերմունքը: Ցուցարարների նեղ քննարկումների ժամանակ հաճախ էր մեղադրանք հնչում պատնեշից այն կողմ կանգնած ոստիկանների հասցեին հենց ոստիկանի ուղին ընտրելու համար: Սոցիալական ցանցերում պատահական ոստիկանի նկարի ներքո տեղ ու դադար չէր լինում հայհոյախառն արտահայտություններից:

Կատարվողը հիշեցրեց լրագրողների վիճակը նաև: Երբ որևէ լրագրող մասնագիտական առումով անհամապատասխան նյութ է գրում, նրա արարքը սովորաբար ընդհանրացնում են ու բոլոր լրագրողներին որակում որպես «ծախու գրչակներ», «սադրիչներ» և այլն: Նույնը և ոստիկանների պարագայում է: Հունիսի 23-ին անիրավաչափ գործողություններ կատարած ոստիկանները պատճառ դարձան, որ բացասական դիտարկվի ոստիկանի աշխատանքն ընդհանրապես, մինչդեռ այն բխում է նաև քաղաքացու շահից:

Բայց արդարության համար պետք է նշել, որ ոստիկանների ընկալումը մինչ Բաղրամյանի ցույցերն էլ դրական չէր: Տղաների շրջանում հաճախ կարելի է լսել խոսակցություններ այն մասին, թե «սոված մեռնեի` ոստիկան չէի դառնա» և այլն:

Հասարակության նման վերաբերմունքի պատճառը պարզելու համար «Անկախը» զրույց է ունեցել «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

- Ի՞նչ գործոններով է պայմանավորված վերաբերմունքը ոստիկանի ու ոստիկանության նկատմամբ:

- Վերջին ժամանակներս, նկատի ունեմ առնվազն մեկ տասնամյակ, մի շարք հասարակական և քաղաքական իրադարձությունների հետևանքով ձևավորվեց կայուն կարծիք ոստիկանների նկատմամբ: Բնականաբար, դա կարծրատիպ է: Կարծրատիպ ասելով` նկատի ունենք որոշ դեպքերի և մասնավոր իրավիճակների հետևանքով ձևավորված կարծիք, որը տարածվում է մեծ խմբի կամ սոցիալական որևէ շերտի նկատմամբ: Բնականաբար, կարծրատիպերը որոշ օբյեկտիվ հիմքեր ունեն, սակայն դրանք կարծրատիպ ենք համարում այն պատճառով, որ սկսում են տարածվել նաև այն դեպքերի ու մարդկանց վրա, որոնք որևէ կապ չունեն կարծիքի ձևավորման օբյեկտիվ հիմքերի հետ:

Այս դեպքում խոսքը ոստիկանների մասին է: Եթե նրանց մի մասի արարքները աններելի են կամ հակաօրինական, դրանք դատապարտելը, իհարկե, ճիշտ է, սակայն ամեն հանդիպած ոստիկանի նկատմամբ այդ վերաբերմունքը դրսևորելը կարծրատիպի և խտրականության դրսևորում է:

- Այս առումով ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում: Ո՞րն է դրա պատճառը:

- Հայաստանում ոստիկանների նկատմամբ վերաբերմունքը իհարկե լարված է: Դրա պատճառը տարիներ շարունակ իշխանությունների կողմից ոստիկանական ուժերը ժողովրդի դեմ, ոչ թե ի շահ ժողովրդի օգտագործելն է: 2004-ին, 2008-ին խոշոր միջադեպեր եղան, զանգվածային բախումներ ոստիկանության և ժողովրդի միջև: Դրանք առիթ դարձան ժողովրդի կողմից ոստիկանությանը որպես թշնամի, այլ ոչ որպես պաշտպան տեսնելու:

Իհարկե, բոլոր ոստիկանների նկատմամբ նման վերաբերմունք ունենալն անարդար է և խտրական: Սակայն բնական է, քանի որ մարդիկ չեն ընկալում կոնկրետ օրինազանց անհատին, այլ ընկալում են խմբին: Բայց չենք կարող նաև ասել, որ նստացույցի օրերին ֆեյսբուքյան ագրեսիայի դրսևորումներից այն կողմ որևէ բան է կատարվել: Այդ օրերին մարդիկ փողոցում և ամենուր հանդիպում էին ոստիկանների, և ես չեմ տեսել բացասական վերաբերմունքի կամ ագրեսիայի դրսևորումներ, քանի որ յուրաքանչյուրը, որքան էլ բանավոր ընդհանրական արտահայտվի, միևնույն է, գիտակցում է, որ կոնկրետ անհատն այդտեղ որևէ կապ չունի: Ես ինքս հանդիպել եմ բարեհամբույր և ժպտերես շատ ոստիկանների այդ օրերին, որոնք մեզ ուղեկցում էին, կատակում և հաճույքով շփվում քաղաքացիների հետ:

Այսինքն` կան ծայրահեղ դրսևորումներ, ծայրահեղ տգիտություն, ծայրահեղ անհադուրժողականություն, սակայն դա համատարած բնույթ չի կրում և դեռևս չի անցնում անթույլատրելիի սահմանը: Եթե ոստիկանի մասնագիտությունը հարգի չէ Հայաստանում, կարող ենք ասել, որ այդպիսի մի շարք այլ մասնագիտություններ էլ կան, ոստիկանինը միակը չէ:

- Սկսած դեռահասներից մինչև հասուն մարդիկ, հիմնականում` տղամարդիկ, ոստիկանի մասին հաճախ արտահայտվում են որպես հանրության մերժելի անդամի մասին: Ինչպե՞ս կարելի է դա փոխել:

- Այո, կա նման տեսակետ և վերաբերմունք: Պետությունը պիտի մշակի քաղաքականություն հասարակության մեջ այս կամ այն սոցիալական խմբի նկատմամբ խտրականության և ստիգմայի վերացման ուղղությամբ, եթե պետությանը դա պետք է: Այս պահին, կարծում եմ, նման խտրականություններն անհրաժեշտ են, քանի որ որոշակի լարվածություն են մտցնում և թշնամանք են առաջացնում: Ոստիկանության նկատմամբ թշնամանքն առավել ագրեսիվ է դարձնում ոստիկաններին, իսկ այդ պայմաններում նրանք առավել կառավարելի են և առավել կոպիտ: Կարծում եմ` սա պարզ բան է: Չնայած ձեր հարցը քաղաքական չէր, մասնագիտական էր, պատճառները քաղաքական են:

- Հանրության մերժված անդամ լինելն ինչպե՞ս է ազդում մարդու վարքի վրա: Դա ինչ-որ կերպ դրսևորվո՞ւմ է ոստիկանների վարքում:

- Բնականաբար, մերժումն առաջացնում է պատասխան արձագանք, պատասխան մերժում նաև ոստիկանների կողմից: Ցանկացած խտրականություն առաջացնում է ագրեսիա, անհանդուրժողականություն, իրավունքների ոտնահարում, անարդարություն:

- Ոստիկանությունը պարբերաբար փորձում է կերպարի փոփոխություններ կատարել: Որքանո՞վ է դա ստացվում: Արդյոք միայն կերպարի փոփոխությունը բավարա՞ր է ընկալումը փոխելու համար:

- Իհարկե` ոչ: Իմիջի փոփոխությունն այստեղ չի օգնի: Ոստիկանությունն իսկապես պիտի սկսի ծառայել ժողովրդին և պաշտպանել ժողովրդի շահերը, միայն այդ կերպ կարելի է փոխել վերաբերմունքը: Սա, կարծում եմ, իսկապես պետական նշանակության հարց է և կլուծվի միայն, եթե պետության շահերից բխի:

- Տեղյա՞կ եք արդյոք, արևմտյան երկրներում ինչպե՞ս են ընկալում ոստիկանին: Ոստիկանի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելը բացասակա՞ն է դիտվում:

- Չեմ կարող ասել, որ քաջատեղյակ եմ` ինչպես են արևմտյան երկրներում վերաբերվում ոստիկաններին, բայց կարծում եմ` սոցիալական որևէ խմբի նկատմամբ խտրականության կամ խարանի ձևավորումը խթանվում և խրախուսվում է զանգվածային մեդիայի և ղեկավարության կողմից: Եթե պետական մարմինները նպատակ ունեն փոխել իրավիճակը, ապա դա անելը դժվար չէ: Զանգվածային մեդիան հզոր գործիք է կարճ ժամանակահատվածում մարդկանց վերաբերմունքը փոխելու, ստեղծելու այն կարծիքը, որն անհրաժեշտ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: