Հայերեն   English   Русский  

​Եկեղեցաշինությունը՝ որպես գործարք Աստծու և օլիգարխի միջև


  
դիտումներ: 1539

Երբ V դարասկզբին Հայաստանում եկեղեցաշինությունը մեծ թափ առավ, դա ոչ միայն ցանկալի էր, այլև ժամանակի կարևոր պահանջներից մեկը, քանի որ պայմանավորված էր գրերի գյուտից հետո գիտա-ուսումնական լայնածավալ գործունեության մեկնարկով: Չէ՞ որ եկեղեցին այն ժամանակ ոչ միայն հոգևոր ոլորտի պատասխանատուն էր, այլև կրթական, լուսավորչական:

Այն ժամանակ էլ եկեղեցիները հիմնականում կառուցվում էին անհատական նվիրատվությունների շնորհիվ, ընդ որում ոչ միայն եկեղեցու շնորհիվ իրենց անունը սերունդներին թողնելու անձնական նկատառումով, այլև ազգային խնդիր լուծելու նպատակամղումով:

Արդյունքում, մեզ են հասել հազարավոր եկեղեցիներ, որոնք, ժամանակին կատարելով կրթական, հոգևոր գործառույթ, այսօր նաև պատմամշակութային մեծ նշանակություն ունեն՝ որպես հոյակերտ ճարտարապետական կոթողներ:

Այսօր կառուցվող եկեղեցին չունի այն գործառույթը, ինչ դարեր առաջ. այն միայն հոգևոր կյանքի բաղադրիչ է: Թերևս միայն Սփյուռքում է եկեղեցին կատարում նաև միավորող, համախմբող գործառույթ, ինչը չափազանց կարևոր է մշտապես ուծացման վտանգի առաջ կանգնած հայ գաղթօջախների համար:

Եվ եթե այդպես է, ապա հարց է ծագում` արդյոք Հայաստանում հոգևոր պահանջմունքները բավարարելու համար բավարար չե՞ն դարերով մեզ հասած եկեղեցիները: Ինչո՞ւ են ամեն քայլափոխի նոր եկեղեցիներ կառուցվում, մանավանդ որ շատերը նախընտրում են այցելել հինավուրց եկեղեցիներ, որովհետև այնտեղ են գտնում հոգեկան խաղաղություն ու հոգևոր էներգիա:

Այս պարզ հարցի պատասխանը հասկանալու համար ընդամենը պետք է դիտարկել, թե ովքեր են այսօր կառուցում եկեղեցիներ. օլիգարխները: Իսկ ովքե՞ր են նրանք. մարդիկ, որոնց համար եկեղեցաշինությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծո հետ ներանձնական հարաբերություններ հաստատելու պարզունակ միջոց: Այո, նրանց թվում է` ինչքան շատ եկեղեցի կառուցեն, այնքան շատ կվայելեն Աստծու բարեհաճությունը և ի դեմս Աստծո՝ կունենան իրենց ունեցվածքի պաշտպանը, կազատվեն գործած մեղքերից և VIP համարներ կամրագրեն հաջորդ կյանքում:

Այս թեմային թերևս չանդրադառնայինք, եթե հերթական եկեղեցու բացումը՝ իր ցուցամոլ ու քաղքենիական անցուդարձով, չխաթարեր ժողովրդի անդորրը: Հուլիսի 22-ին Նոր Հաճնում տեղի ունեցավ գործարար Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հերթական արժեզուրկ իրադարձություն, որին մասնակցեց հայաստանյան իշխանական և եկեղեցական էլիտան, և որը ևս մեկ քայլ հեռացրեց սովորական քաղաքացուն եկեղեցուց:

Զարմանալին այն չէ, որ ասենք` երկրի նախագահը ներկա է գտնվում մի օլիգարխ-քաղաքական գործչի կողմից կառուցված եկեղեցու բացմանը, որին ընդամենը մի քանի ամիս առաջ նույն նախագահը ոչնչացրել էր որպես քաղաքական ֆիգուրի: Ինչպես ասում են` քաղաքականության մեջ մաքուր տեղ գոյություն չունի: Զարմանալին այն է, որ այդ ողջ կեղտը փորձ է արվում տեղավորել հոգևոր դաշտ ու մատուցել ժողովրդին:

Մարդկանց վանում է նաև երկրի հոգևոր առաջնորդի խոսքը, թե հոգևոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար:

Լավ, ենթադրենք` կաթողիկոսը դա վատ մտքով չի ասել, կամ ենթադրենք` նրա ասածը ճշմարտություն է: Բայց կաթողիկոսին չի տրվել ամենակարևոր հարցը` որքանո՞վ են նպաստում այդ եկեղեցիները հոգևոր կյանքի զորացմանը: Ակնհայտ է, որ այսօրվա եկեղեցաշինությունն ապահովում է ճիշտ հակառակ արդյունքը, ոչ թե զորացնում է հոգևոր կյանքը, այլ սպանում, քանի որ սպանում է վստահությունն ու սերը այն հոգևոր կառույցի նկատմամբ, որը կոչված է դառնալու հոգևոր կյանքի զորացման երաշխավորը:

Ինչ վերաբերում է հերթական եկեղեցին կառուցած Գագիկ Ծառուկյանին, ապա վերջինիցս շատ բան ակնկալել պարզապես անիմաստ է: Ի՞նչ կարող ենք պահանջել մի սովորական օլիգարխից, որի համար իրական Աստվածը փողն է, և որը պատրաստ է փողով գնել անգամ Աստծուն:

Մարդու մտածողությունը փայլում է նույնիսկ ամենապարզ նախադասության մեջ. «Եկեղեցին հենց այնպես չեն կառուցում, Աստված պետք է կամենա, էդ հնարավորությունը տա»,- ասել է եկեղեցաշինարար Գագիկ Ծառուկյանը:

Փաստորեն, ըստ Ծառուկյանի, Աստված է իրեն հնարավորություն, այսինքն` փող տվել է, որ ինքը եկեղեցի կառուցի: Ստացվում է, որ Աստված հենց Ծառուկյանին է այդ սուրբ գործը վստահել, որովհետև, եթե որոշեր, ենթադրենք, Պողոսին վստահել, ապա Պողոսը կհարստանար: Իսկ Ծառուկյանի արտահայտությունը, թե եկեղեցի կառուցելով՝ մեր ազգի դիմագիծը, պատմությունն ամբողջ աշխարհին պարզ կլինի, ուղղակի մտքի բացառիկ գոհար է: Մնում է փառք տալ Աստծուն, որ Ծառուկյանը կա ու հայ ժողովրդին աշխարհի երեսին պարզերես է անում:

Իսկ այն հարցին, թե արդյոք շատ չե՞ն կառուցվող եկեղեցիները, Ծառուկյանը պատասխանել է. «Բոլոր եկեղեցիները մեր հայ ազգի, մեր ժողովրդի համար շատ կարևոր են»։ Կասկած չունեմ, որ եթե Ծառուկյանին խնդրեին պարզաբանել, թե ինչով են կարևոր, նա ուղղակի չէր կարողանա պատասխանել:

եկեղեցաշինություն

Այո, եկեղեցին կարևոր է, կարևոր է, եթե կատարում է իր գործառույթը: Իսկ եթե այն ընդամենը մի օլիգարխի և Աստծու միջև ներանձնական հարաբերությունների խնդիր է լուծում, ապա ժողովրդին դրանից ի՞նչ օգուտ:

Իսկ իրականում ժողովրդի համար այսօր կարևոր են ոչ թե եկեղեցիները, որոնց քանակն առանց այն էլ մեծ է, և խնդիր կա եղածը պահպանելու, այլև որակյալ կրթական, ուսումնական հաստատությունները, որակյալ բուժհաստատությունները, որակյալ մասնագետները, ի վերջո` որակյալ իշխանությունները: Անհրաժեշտ են նաև եկեղեցաշինության մոլուցքով չտառապող մեծահարուստներ, որոնք պատրաստ են իրական ներդրումներ անել հայրենիքում, իսկ հոգևոր հարցերը թողնել եկեղեցուն:

Ի վերջո, կյանքը ցույց է տալիս, որ երկրի ու ժողովրդի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է տնտեսության հզորացմամբ: XXI դարում ո՛չ առաջին քրիստոնեական ազգը լինելու հանգամանքը, ո՛չ եկեղեցիների քանակը համաշխարհային մրցավազքում չեն ապահովի մրցունակությամբ, եթե չլինես տնտեսապես հզոր, անկախ և ուսյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: