Թրամփն արատավորում է իր վարկը ադրբեջանական փողերի սիրույն համար
Չնայած հյուրանոցը կրելու է նրա անունը, սակայն Թրամփը Trump International Hotel & Tower Baku-ի ոչ կառուցողն է, ոչ էլ սեփականատերը: Այնուամենայնիվ, նա վաստակում է «կառավարման շահութաբեր վճարներ իր անունն ու փորձը այս նախագծին տալու համար», ըստ Ռաս Չոմայի քննադատական հոդվածի, որն անցյալ շաբաթ հրապարակվեց Mother Jones ամսագրում՝ «Դոնալդ Թրամփը բիզնես է անում վիճահարույց ադրբեջանցի օլիգարխի հետ» խորագրով:
Վերջերս Թրամփի ներկայացրած ֆինանսական հայտարարագրից, որը պահանջվում է նախագահական թեկնածուներից, պարզվել է, որ 2014 թվականին նրա ընկերությունը 2.5 միլիոն դոլար է ստացել Բաքվից, չնայած հյուրանոցի բացումը նախատեսված է այս տարվա վերջին: Թրամփն իր ընդհանուր հարստությունը գնահատում է ավելի քան 10 մլրդ դոլար:
Չոման հաղորդում է, որ «Այս գործարքում Թրամփի գործընկերն է Անար Մամեդովը, 34-ամյա մի միլիարդատեր «փլեյբոյ», որի հայրը Ադրբեջանի տրանսպորտի նախարարն է»: Հոդվածագիրն այնուհետև մեջբերում է մարդու իրավունքների պաշտպանության մի քանի խոշոր կազմակերպությունների անուններ, որոնք Ադրբեջանը նկարագրում են որպես «աշխարհի առավել ռեպրեսիվ և կոռումպացված երկրներից մեկը՝ այլախոհության նկատմամբ ռեժիմի անհանդուրժողականության և քաղաքական վերնախավի ու նրանց ընտանիքների ձեռքում խիստ կենտրոնացած հարստության համար»:
Մամեդովի կարողությունը, ըստ լուրերի, կազմում է 1 մլրդ դոլար, և նա «Գարանտ» ընկերության նախագահն է, «Թրամփ թաուեր»-ի կառուցողն ու սեփականատերը: Նրա հայրը՝ Զիյա Մամեդովը, սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Չոմայի հոդվածից հայերի համար առավել էականն այն է, որ Անար Մամեդովը «ղեկավարում է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը, և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում մի ժամանակ գրանցված էր որպես օտարերկրյա լոբբիստ: Անցյալ տարի Դաշինքն ավելի քան 2.8 միլիոն դոլար ծախսեց լոբբիստական գործունեության վրա՝ Կոնգրեսում և Պետդեպարտամենտում ԱՄՆ-Ադրբեջան կապերը բարելավելու համար»:
Ըստ OpenSecrets.org-ի՝ Դաշինքը վերջին չորս տարիների ընթացքում ծախսել է 11.5 միլիոն դոլար ԱՄՆ օրենսդիրների և պաշտոնատար անձանց լոբբինգի վրա: Չոման բացահայտել է, որ «2011 թվականին Մամեդովը, ըստ ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, անձամբ գրանցվել է՝ Դաշինքի հետ իր աշխատանքի կապակցությամբ: Չնայած Մամեդովը դեռ պատվավոր տեղ է գրավում կազմակերպության կայքում, նա այլևս նշված չէ որպես օտարերկյա լոբբիստ: Սակայն թվում է, թե նա դեռ շատ շահագրգռված է հզոր ամերիկյան քաղաքական գործիչներին սիրաշահելու գործով: Մամեդովի անձնական կայքում երևում է խմբի անցյալ տարվա նոյեմբերին կայացած վաշինգտոնյան շռայլ տոնախմբության նկարագրությունը, որի կազմակերպիչը նա էր: Միջոցառմանը ներկա են գտնվել սենատորներ Չակ Շումերը, Ռիչարդ Բըրը, Մարկ Փրայորը, Մարկ Ուորնըրը և զույգ կուսակցությունների բազմաթիվ անդամներ Ներկայացուցիչների պալատից.... Մամեդովի ֆեյսբուքյան էջը լի է գործարարի լուսանկարներով այլ քաղաքական գործիչների հետ, ներառյալ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները»:
Դոնալդ Թրամփը հպարտությամբ հայտարարեց, որ Trump International Hotel & Tower Baku-ն «ներկայացնում է «Թրամփ» կազմակերպության կատարելության անսասան չափանիշը և մեր ներգրավվածությունը միայն լավագույն համաշխարհային զարգացման ծրագրերում: Երբ 2015 թվականին այն բացենք, այցելուները և բնակիչները կվայելեն մի շքեղ կառույց, որի նմանը չկա Բաքվում. այն լավագույնններից մեկը կլինի ամբողջ աշխարհում»:
Վերջերս Բաքու կատարած այցելության ժամանակ Իվանկա Թրամփն արձագանքեց իր հոր վստահությունը հյուրանոցի նախագծի հաջողության մեջ. «Այս աներևակայելի շենքն արտացոլում է ամենաբարձր մակարդակի շքեղություն և նրբաճաշակություն, Կասպից ծովով ներշնչված բացառիկ ճարտարապետությամբ և վայելուչ ներքնամասով, որոնք դյուրահոս ձևով համադրում են ժամանակակից ոճը հավերժական հմայքի հետ: Անհամբեր սպասում ենք մեր անզուգական «Թրամփի» ծառայություններն ու հարմարությունները Ադրբեջան բերելուն»:
Բաքվի «Թրամփ թաուրը» 33 հարկանի է և առագաստանավի տեսք ունի: Այն իր մեջ ներառում է 75 շքեղ հարկաբաժիններ, 190 համարներ, սպա և ֆիթնես կենտրոններ, փակ լողավազան, բիզնես կենտրոն, պարասրահ, խանութներ, բար և ռեստորան՝ շրջապատված այգիներով, զբոսավայրերով և շատրվաններով:
Դոնալդ Թրամփը, ընկերակցելով կեղեքիչ վարչակարգի կասկածելի գործարարների հետ, փողիսիրույնհամար վտանգում է իր վարկը նախագահական ընտրությունների ամենաեռուն շրջանում...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր