Հայերեն   English   Русский  

ՄՈՒՇԵՂ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. հայ զինվորականության պատվո վարքագիծը


  
դիտումներ: 12240

Հայ զինվորականությունն իր պատվո վարքագծով միշտ օրինակելի է եղել: Թե՛ Բյուզանդական կայսրության մեջ, թե՛ եվրոպական երկրներում ու Ռուսաստանում, թե՛ հեռավոր Եգիպտոսում տարբեր ժամանակաշրջաններում իրենց զենքով փայլած հայորդիները ոչ միայն սխրանքի ու արիության, այլև պատվի ու արժանապատվության բազում օրինակներ են ցույց տվել: Նման դեմքերը հայոց պատմության մեջ բազում են: Եվ նրանց թվում հայոց ռազմուժի խրոխտ ու նվիրյալ մարտիկներից մեկը` Մուշեղ Մամիկոնյանը, իր վարքով միշտ օրինակելի է եղել:

Մուշեղ Մամիկոնյանի ծննդյան թվականը հայտնի չէ: Նա որդին էր հայրենանվեր սպարապետ Վասակ Մամիկոնյանի, որ տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայեց հայրենիքին և բազում ճակատամարտեր շահեց: Միայն խաբեությամբ Վասակին իր ձեռքը գցեց պարսից Շապուհ արքան և մորթազերծ արեց:

368 թ. հայ-պարսկական պատերազմն ավարտվեց Հայաստանի կատարյալ ջախջախմամբ: Հայոց արքան և սպարապետը գերվեցին և սպանվեցին, հայոց Փառանձեմ թագուհին երկար դիմադրությունից հետո նույնպես գերվեց և սպանվեց: Երկիրն անտերության էր մատնված: Սակայն Արտագերս ամրոցում պատսպարված հայոց դշխոն Վասակ Մամիկոնյանի երիտասարդ որդուն` Մուշեղին, որ ստանձնել էր հայոց զորքերի սպարապետությունը և Մամիկոնյան տան տանուտիրությունը, հասցրել էր ուղարկել Բյուզանդիա` այնտեղից օգնական զորքի հետ Հայաստան բերելու թագաժառանգ Պապին և բազմեցնելու հայրական գահին:

Փաստորեն, երիտասարդ սպարապետի ուսերին է դրվում ծանր ու պատասխանատու առաքելություն` հայոց երկրի ու պետականության փրկության խնդիրը:
Մուշեղ սպարապետը պատվով է կատարում իր առաքելությունը: Նա, բյուզանդական օգնական զորքերի հետ ժամանելով Հայաստան, Ձիրավի ճակատամարտում ջախջախում է Շապուհ Երկրորդի բանակը և Պապին բազմեցնում հայոց գահին:
Ապա հայրենատեր սպարապետը հայոց զորագնդերով սկսում է երկրի տարածքը միավորելու ծրագիրը: Նա արագ ռազմերթով միավորում է պատերազմի և անիշխանության տարիներին հայոց երկրից ապստամբած և անջատված աշխարհները` Նորշիրականը, Ատրպատականը, Կորդուքը, Տմորիքը, Գուգարքը, Արցախը` ամբողջացնելով երկրի սահմանները:
Մուշեղ Մամիկոնյանը Պապ թագավորին առաջարկում է Հայաստանն արևելքում դարձնել ամրակուռ ռազմական բազա, որ ի զորու լինի հակահարված տալու ցանկացած հակառակորդի: Սա, բնականաբար, հայոց երիտասարդ ու քաջ արքայի սրտով էր: Սակայն պետք է նկատել, որ Պապ թագավորի ու Մուշեղի հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են ընթացել: Պապը, քաջ ու տաղանդավոր միապետ լինելով, նաև ճկուն քաղաքական գործիչ էր, ինչը չի կարելի ասել Մուշեղի վերաբերյալ, որի համար հայրենիքից զատ մեծ արժեք էր նաև քրիստոնեական կրոնը: Մուշեղը որքան քաջ ու արի էր, նույնքան էլ կրոնամոլ: Եվ Պարսկաստանի հետ հարաբերություններում, բնականաբար, պիտի բախվեին հայոց արքայի և սպարապետի տեսակետները:
Թե որքան սուր է եղել հակադրությունը երկու երևելի քաջերի միջև, դժվար է ասել, պատմությունն այդ մասին լռում է: Սակայն մի բան փաստ է. Պապի սպանությունից հետո հայոց ավագանիում առաջնային դիրք հենց Մուշեղ սպարապետն ուներ, որի կրոնամոլությունը հավանաբար թույլ չտվեց, որ հայոց բանակը վրեժ լուծեր նենգ բյուզանդացիներից, որոնք հյուրասիրության սեղանի վրա հեղեցին Պապ թագավորի արյունը:

Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ անգամ Մուշեղն է մասնակից եղել Պապի դեմ նյութվող դավադրությանը: Դժվար է նման բան հաստատել: Այդ հարցում դեր կարող էր խաղալ Մուշեղի կրոնամոլությունը: Ամեն դեպքում հայոց սպարապետը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր հայրենասիրությունն ու տիրապաշտությունը: Սակայն հայոց արքան չէր վստահում Մուշեղին: Անգամ Ձիրավի ճակատամարտից առաջ նա Ներսես կաթողիկոսի մոտ և ողջ զորքի ներկայությամբ ստիպեց սպարապետին երդվել, և միայն արքային հավատարմության երդում տալուց հետո սպարապետը մարտադաշտ իջնելու հրաման ստացավ:
Անկախ ամեն ինչից, Պապի վրեժը չառնելը խարան էր ոչ միայն Մուշեղի, այլև ողջ հայ ազնվականության ու զինվորականության ճակատին:
Ինչևէ: Պապ թագավորի մտերիմ Բատ Սահառնունի իշխանը Պապի հաջորդ` Վարազդատ արքայի գահակալման օրոք, Մուշեղին մեղադրելով արքայի սպանության մեղսակցության մեջ, նրան մորթել տվեց սեղանին, ինչպես որ ժամանակին Պապն էր սպանվել: Գուցեև այս դատաստանի մեջ արդարություն կա, ինչը խնամքով քողարկել են հայ կղերական պատմիչները:

Մուշեղ սպարապետը կարճ ժամանակում արագ երթով ազատագրում է հայրենիքը: Նա անողոք էր պարսիկ ռազմագերիների նկատմամբ: Ամեն ճակատամարտից հետո գերի ընկած թշնամիներին Մուշեղը հրամայում է մորթազերծ անել և ուղարկել Տիզբոն` պարսից թագավորին նվեր: Դրանով Մուշեղն իր վրեժն էր առնում Շապուհից իր հոր` Վասակ Մամիկոնյան սպարապետի նենգ սպանության համար:
Որքան որ անողոք էր Մուշեղը տղամարդկանց հանդեպ, նույնքան էլ մեծահոգի էր կանանց նկատմամբ: Ատրպատականի Գանձակ քաղաքի մոտ ճակատամարտում ջախջախելով Շապուհի բանակը` նա գերեց պարսից արքայի ողջ կանանոցը: Մինչ այդ` տարիներ առաջ, Շապուհը անարգել սպանել էր հայոց շատ ազնվազարմ կանանց, նրանց մեջ նաև` հայոց թագուհի Փառանձեմին: Թվում էր` Շապուհի այդ անարգանքի վրեժն առնելու հարմար առիթ էր ներկայացել: Սակայն Մուշեղ սպարապետը Շապուհի կանանոցը պատվով ուղարկում է Տիզբոն` հարուցելով բոլորի զարմանքն ու Պապ թագավորի զայրույթը:
Մուշեղի մեծահոգությունը ապշահար է անում Շապուհին: Որպես երախտիք Շապուհ արքան իր ոսկյա գավաթի վրա պատկերել է տալիս Մուշեղ Մամիկոնյանին իր սպիտակ ձիով ու ամեն անգամ գինի ըմպելիս ասում. «Ճերմակաձին թող գինի խմի»:
Դժվար է գնահատական տալ Մուշեղի վարմունքին: Իհարկե, նրա քայլով Շապուհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չփոխվեց, և հայոց սպարապետի մեծահոգությունը միայն բաժակաճառ դարձավ պարսից արքունիքում: Դրանով հայերն իրենց անարգված ազնվազարմ կանանց վրեժը չառան: Մյուս կողմից` Մուշեղի այս քայլն ընդգծում է հայ զինվորականի ասպետականությունն ու մեծահոգությունը: Հայ զինվորականը մարտադաշտում կարող էր անողոք լինել թշնամու հանդեպ և մեծահոգի, երբ դիմացը թույլ ու անպաշտպան կին էր:

Մուշեղի ասպետական ու մեծահոգի վարմունքի մասին է պատմում նաև Ձիրավի ճակատամարտի դիպվածը: Ճակատամարտից առաջ պարսից Շապուհ արքայի մոտ պարծենում է աղվանից Ուռնայր արքան` ասելով, որ ինքը ցիրուցան կանի հայոց բանակը: Նրան է մոտենում Մեհրուժան Արծրունին, որ դավաճանելով հայրենիքը` ծառայում էր Շապուհին, և հանդիմանում է հետևյալ խոսքերով. «Դու փուշ գրկեցիր, շատ զարմանալի կլինի, եթե հավաքել կարողանաս»։
Աղվանից արքայի պարծենկոտությունը խոցում է Մեհրուժանի ինքնասիրությունը, որ այդ մասին զգուշացնում է Մուշեղին. «Իմացի՛ր և պատրաստվի՛ր, Մուշեղ, աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ Շապուհին պարգև է խոստացել։ Արդ, լսի՛ր և անելիքդ իմացի՛ր»։
Մուշեղն անձամբ է իր գնդերն առաջնորդում պարսկական բանակի այն թևը, ուր Ուռնայրն էր գործում: Մի հարվածով հայոց քաջերը ջարդում են աղվաններին, իսկ նրանց արքան փախուստի է դիմում: Սակայն Մուշեղ Մամիկոնյանը, հասնելով նրան, իր նիզակի կոթով ծեծում է` ասելով. «Դու թագակիր ես, այլապես քեզ շանսատակ կանեի»:
Այս փաստը դարձյալ սրում է Մուշեղի և Պապի հարաբերությունները: Երբ հայոց թագավորը հաշիվ է պահանջում սպարապետից, վերջինս պատասխանում է. «Արքա՛, ես կոտորեցի նրանց, ովքեր ինձ հավասար էին, զորավարներ կամ զինվորներ էին։ Իսկ նրանք, ովքեր թագ են կրում, ինձ հավասարակից ու ընկեր չէին, նրանք քո ընկերներն են, որովհետև թագավորներ են։ Գայիր, ինչպես որ ես ինձ հավասարակից մարդկանց սպանեցի, դու էլ քեզ հավասար թագավորներին սպանեիր։ Միևնույն է, ուր էլ լինեմ, ինչ էլ լինի, ես թագավոր մարդու վրա, որը իր գլխին թագ է կրում, ո՛չ ձեռք եմ մեկնել, ո՛չ մեկնում եմ, ո՛չ էլ կմեկնեմ։ Եթե կամենում ես ինձ սպանել, սպանիր, դա քո կամքն է, բայց ասում եմ և իմացիր, եթե առաջիկայում ևս ձեռքս թագավոր մարդ անցնի, ինչպես շատ անգամ է պատահել, ես, միևնույն է, թագավոր մարդու, որ գլխին թագ է կրում, չեմ սպանի, թեկուզ ինձ սպանելու լինեն»։

Ազդվելով Մուշեղի պատասխանից` Պապը գրկում է նրան և արտասվում` ասելով.
«Մահապարտ են բոլոր նրանք, ովքեր հանդգնում են կամ այսուհետև կհանդգնեն չար բերան բանալ Մուշեղի՝ այս քաջ և պատվական մարդու հասցեին։ Նա մի մարդ է, որն իր ծագումով մեզ նման պատվական է։ Նրա նախնիները մեր նախնիների նման ևս այլ աշխարհից են եկել։ Նրանք թողել են Ճենաց աշխարհի թագավորությունը, եկել մեզ մոտ և ապրել ու մեռել մեր նախնիների համար։ Սրա հայրը իմ հոր համար մեռավ, և սա հավատարմությամբ ծառայել է մեզ։ Շատ անգամ աստված մեր հոր՝ սքանչելի Ներսեսի աղոթքներով ու պաղատանքներով Մուշեղի ձեռով մեզ հաղթություն է շնորհել»։
Հետագայում Ուռնայր թագավորը չմոռացավ Մուշեղի մեծահոգությունը և համագործակցեց հայոց հետ ընդդեմ պարսից տերության:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: