Հայերեն   English   Русский  

Աշխատանքային պայմանագիր


  
դիտումներ: 12049

Աշխատանքային իրավահարաբերությունների հիմքում ընկած է աշխատանքային պայմանագիրը: Պայմանագրի այս տեսակը քաղաքացիա-իրավական այլ պայմանագրերից տարբերվում է նրանով, որ կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ, դրանով սկսվում են աշխատողի և գործատուի միջև աշխատանքային իրավահարաբերությունները, ինչը ենթադրում է աշխատողի կողմից որոշակի ներքին իրավական ակտերի պահանջների բավարարում:

Ի սկզբանե աշխատանքային իրավահարաբերությունները ենթադրում են որոշակի ենթակայություն, աշխատողի և գործատուի միջև ոչ հավասար պայմանների առկայություն, ուստի աշխատանքային պայմանագիրը ծառայում է որպես գործիք այդ անհավասարությունը հավասարակշռելու նպատակով:

Աշխատանքային պայմանագիրը սահմանվում է հետևյալ կերպ. «Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ»:

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն պարտավոր է ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ (հրաման), որում նշվում են աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը, պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները, հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը և այլն:

Օրենսդրությունը նախատեսում է աշխատանքային պայմանագրի հետևյալ երկու տեսակները.

1. անորոշ ժամկետով ( երբ աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ),

2. որոշակի ժամկետով (երբ աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է):

Շարունակությունը հաջորդիվ

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: