Հայերեն   English   Русский  

​Աշխատանքային հարաբերություններ


  
դիտումներ: 3992

Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի միջև ծագող, փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, որոնք կապված են աշխատողի կողմից որոշակի աշխատանքային գործառույթներ իրականացնելու և դրանց դիմաց գործատուի կողմից վարձատրվելու հետ:

Այս սահմանումը, սակայն, նեղ է և չի արտահայտում աշխատանքային հարաբերությունների բուն էությունը` ամենայն մանրամասնությամբ: Աշխատանքային հարաբերությունները ծագում են կողմերի միջև գրավոր աշխատանքային պայմանագրով (տե՛ս նախորդ համարը) կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Այս հարաբերությունների ծագման պահից կողմերը` աշխատողն ու գործատուն, աշխատելուց և վարձատրելուց զատ ստանձնում են նաև այլ պարտականություններ, ինչպես, օրինակ` աշխատողը պարտավորվում է պահպանել աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն` աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Ինչպես նշեցինք, աշխատանքային հարաբերությունները ծագում են երկու հիմքով` աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, և այս երկու հիմքով էլ աշխատանքի ընդունելուց առաջ գործատուն պարտավոր է պահանջել որոշ փաստաթղթեր.

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների) և սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք.

3) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ.

4) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում 14-16 տարեկան անչափահաս քաղաքացին.

6) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

Օրենքը իմպերատիվ կերպով արգելում է աշխատանքի ընդունելիս պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով: Իսկ ինչ վերաբերում է բնութագրին, երաշխավորագրին և նախկին աշխատավայրերում աշխատողին բնութագրող այլ փաստաթղթերին, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներին կամ փաստաթղթերին, ապա օրենքը դրանք ներկայացնելու պարտականություն չի դնում, թողնում է աշխատանքի ընդունվողի հայեցողությանը:

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: