Ոստիկանները փակել էին ճանապարհը՝ Արջը Գյումրիում էր
ՙԱյսպիսի երիտասարդներին պետք է ոգևորենք ու խրախուսենք, որպեսզի սպորտային քաղաք Գյումրին դառնա աշխարհի սպորտային քաղաքը: Մենք վստահ ենք, նաև օլիմպիական ոսկին է գալու Գյումրի՚, - հպարտորեն նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետարանի սպորտբաժնի պետ, անվանի բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանն էլ շնորհավորելով Արթուր Ալեքսանյանին նշեց, թե ցանկանում է, որ գյումրեցի մարզիկներն իրենց մեծ հաղթանակներով կարողանան ուրախացնել և աշխարհի ուշադրությունը սևեռել այս փոքրիկ քաղաքի վրա:
Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն հայտնեց Արթուր Ալեքսանյանից՝ մարդկանց այսպիսի ուրախություն պարգևելու համար, և նշեց. ՙԱյս հաղթանակը մեզ համար սովորական է դարձել, մենք բոլորս էլ գիտենք, երբ Արթուր մրցումների է գնում, հաղթանակով է հետ գալու: Եվ ինչպես ասում են՝ ախորժակը ուտելիս է բացվում, ուստի, Արթուր ջան, մեր պահանջներն էլ գնալով շատանում են և մենք հույս ունենք հաջորդ անգամ քեզ Գյումրիում դիմավորենք որպես օլիմպիական չեմպիոն՚:
Ու քանի որ Արթուր Ալեքսանյանը տեսախցիկների առաջ խոսել չի սիրում, նրա փոխարեն ելույթ ունեցավ հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, և հուզմունքը զսպելով նշեց. ՙԵրբ Արթուրը պատվո հարթակին էր, ես հուզված էի, այսօր տեսնելով գյումրեցիների այսպիսի ջերմ ընդունելությունը, թե ինչպես դիմավորեցին Արթուրին, ես առավել հուզվեցի: Ես շնորհավորում եմ բոլորիս՝ մեր ամբողջ քաղաքին ու անչափ շնորհակալ եմ՚:
Ի դեպ, Արթուր Ալեքսանյանին Երևանում դիմավորելու էին եկել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ու ՀԱՕԿ ներկայացուցիչը: Գյումրեցիները օդանավակայանում ամենուր էին՝ նրանք եկել էին իրենց չեմպիոնի համար: Իսկ արդեն Գյումրիում՝ մարզային ու քաղաքային իշխանություններն էին, պատգամավորներն ու ավագանու անդամները, մարզիկներն ու հասարակ գյումրեցիները, անգամ բազմաթիվ երեխաներ էին եկել Արթուրին դիմավորելու՝ թեև ուշ ժամին: